Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵ՞Մ, ԹԵ՞ ՀԱՆՈՒՆ

Փետրվար 08,2003 00:00

ԸՆԴԴԵ՞Մ, ԹԵ՞ ՀԱՆՈՒՆ «Շատ վատ եմ. գլխիս տվեք սպանեք կամ ուժեղ դեղ տվեք»,- մահվանից առաջ ասել է զինվոր Արտյոմ Սարգսյանը, որն, ըստ դատաբժշկական եզրակացության, դաժանորեն ծեծված է եղել։ N զորամասում զինվոր Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված են հոսպիտալի տարբեր բաժանմունքների, ընդունարանի, լաբորատորիայի վարիչ-բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ, լաբորանտներ (չհաշված ամբաստանյալ բժիշկները, որոնցից 2-ի ցուցմունքներին անդրադարձել ենք)։ Վկա, հոսպիտալի բուժքույր Գայանե Մկոյանը Արտյոմի վիճակը նկարագրելիս նշեց, որ «իր ոտքով էր գալիս, բայց 2 հոգու ուղեկցությամբ, թեւերից բռնած»։ Երբ վկան նշեց, թե Արտյոմը «ոչ մի անգամ շատ վատ չի եղել, բռունցքով պատին խփում էր՝ ասում էր չեմ սիրում, որ տղամարդը պառկի», պաշտպաններից Անահիտ Ալոյանն այդ կապակցությամբ հիշեցրեց, որ վկան նախաքննական ցուցմունքում ասել է, թե Արտյոմը բողոքել է՝ «շատ վատ եմ։ Գլխիս տվեք սպանեք կամ ուժեղ դեղ տվեք»։ Տուժողի իրավահաջորդ Ռաֆիկ Սարգսյանի հարցին՝ «Արտյոմը ձեզ ասե՞լ էր, որ իրեն ցավազրկող լրացուցիչ սրսկում անեք», պատասխանեց՝ «ոչ»։ Վկա Մկոյանը նաեւ տեղեկացրեց, որ Արտյոմը անընդհատ ծարավում եւ ջուր էր ուզում։ Երբ Ա. Ալոյանը հարցրեց, թե «ինչո՞ւ հիվանդին թողեցիք եւ տուն գնացիք, եթե վիճակը ծանր էր», վկա Մկոյանը բուժողի կարգավիճակից անցավ պետական աշխատողի կարգավիճակի։ Տեղեկացնելով, որ ինքը աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ էլ ավելի է մնացել, զայրացած պատճառաբանեց. «Ի՞նչ տարբերություն՝ մեր տանը նստեի՞, թե՞ հիվանդի կողքին ու տեսնեի տառապանքները»։ (Այդպիսով նա ընդունեց այն փաստը, որ հիվանդը տառապանքներ է կրել)։ «Բոլորը ժամը 5-ին են գնացել, ես՝ 6-ին»,- արդարացավ վկա Մկոյանը, սակայն տեղեկացրեց, որ այդտեղ կար նաեւ հերթապահ (ստիպված ենք հավելել. որ կար՝ ի՞նչ օգուտ)։ Պաշտպան Ալոյանի՝ մեղադրանք պարունակող հարցադրումներին ի պատասխան, վկա Գայանե Մկոյանը անդրադարձավ նաեւ Արտյոմի մահվան փաստի առթիվ կոլեկտիվում ծայր առած աշխատանքային լարված հարաբերություններին, իրեն նկատողություն հայտարարելուն եւ այլ մանրամասների։ Դատաքննության ընթացքում պարզվեց, որ հոսպիտալում Արտյոմ Սարգսյանի գտնվելու ժամանակ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սաքանյանի՝ հիվանդին զննելուց եւ նշանակումներ անելուց հետո հիվանդի խնամքը հանձնվել է թերապեւտ Շիրվանյանին (քանի որ Սաքանյանը գործուղվել է այլ զորամաս)։ «Դուք եւ Սաքանյանը ամենքդ մի բաժանմունքի վարիչ եք. ի՞նչ հիմքով էր նա ձեզ հանձնարարում»,- դատավոր Աղասի Մկոյանի հարցին վկա Շիրվանյանը պատասխանեց. «Որպես կոլեգայի» (փաստորեն, նա չընդունեց, որ այդ առթիվ գրավոր հրաման է եղել)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել