Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՐԺԵ 4,5 ՄԻԼԻՈՆ»

Փետրվար 08,2003 00:00

«ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՐԺԵ 4,5 ՄԻԼԻՈՆ» Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հանգամանորեն ընթերցեց լրագրողներին արդեն բաժանված ՀՀ 2003 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի 20 էջանոց համառոտ տարբերակը։ Չասենք էլ՝ պարզ է, որ 2002 թվականի մակրոտնտեսական միջավայրը աչքի է ընկել համախառն արտադրանքի նախատեսվածից բարձր՝ 13% ցուցանիշով, ինչը թույլ է տալիս 2003-ի համար կանխատեսել 6% տնտեսական աճ։ Ի պատիվ բանկի նախագահի նշենք, որ նա պատրաստ էր ցանկացած հարցի պատասխանել ոչ միայն բանավոր, այլեւ՝ գրավոր, փաստաթղթերով։ Օրինակ, պարոն Սարգսյանը բոլորովին էլ անակնկալի չեկավ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցից, թե «ինչպե՞ս կմեկնաբանեիք մամուլի մի հրապարակման մեջ Ձեզ վերագրվող 150 հազար դոլար վերցնելու եւ վարչության պետ ընդունելու մասին հայտարարությունը»։ «Ես այդ գումարով ձեռք եմ բերել մի դղյակ Միջերկրական ծովի ափին»,- կատակո՞վ, թե՞ հեգնանքով ասաց ԿԲ նախագահը, ապա, մեջտեղ բերելով վաղօրոք պատրաստած փաթեթը, լրջացրեց. «Ինչպես գիտեք, մենք բանկային համակարգի առողջացման նպատակով փակել ենք 10 բանկ։ Դա վատ գործ է, որովհետեւ մենք առնչվում ենք քաղաքական, տնտեսական լծակներ ունեցող կրիմինոգեն անձանց հետ, որոնք բնականաբար-շարունակաբար փորձում են ճնշել, զրպարտել ու սպառնալ ոչ միայն Կենտրոնական բանկի նախագահին, այլեւ վարչության պետերին ու խորհրդի անդամներին»։ Ու թեպետ նախագահի համար դա սպասելի էր, «բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր սկսած ծրագիրը»։ Ինչ վերաբերում է Կրեդիտ-Սերվիս բանկին ու 150 հազար դոլար կաշառքին, ապա «այդ զրպարտության մասին ինֆորմացիա ստացել ենք դեռեւս օգոստոսին եւ դիմել գլխավոր դատախազություն, որ ընթացք տան։ Բանկը գտնվում է ԿԲ-ի վերահսկողության ներքո, 2002-ի փետրվարին ԿԲ-ի եւ դատախազության համատեղ ջանքերով Կրեդիտ-Սերվիսում բացահայտվել են քրեորեն հետապնդելի իրավախախտումներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ»։ Ըստ Տ. Սարգսյանի, ԿԲ-ն դատախազությանն է տրամադրել նաեւ լրացուցիչ նյութեր, ինչը դուր չի եկել բանկի նախկին ղեկավարներին, եւ նրանք այժմ դիմում են զրպարտանքի։ ԿԲ-ն նաեւ վճարել ու հրավիրել է միջազգային աուդիտորական կազմակերպություն։ Վերջինս 13 հատոր է կազմել 13 հարցի ուսումնասիրության հիման վրա։ Բանկը խնդրել է դատախազությանը հրապարակել որոշ տվյալներ, այն բանից հետո, երբ «Առավոտում» տպագրվել է վերոհիշյալ 150 հազար դոլար կաշառք վերցնելու մասին հոդվածը։ Պարոն Սարգսյանը նշեց նաեւ, որ նման քրեորեն հետապնդելի օրինախախտումներ հայտնաբերվել են ԿԲ-ի վերահսկողության տակ գտնվող 8 առեւտրային բանկերում։ Այդ գործերն այժմ նույնպես դատախազությունում են։ Ասել է թե՝ օրինախախտումներով աշխատող բանկերի մի ամբողջ շքերթ ենք ունեցել ու չենք իմացել։ Եվ ո՞ւմ թողտվությամբ են դրանք քրեորեն հետապնդելի գործունեություն ծավալել մինչեւ «բացահայտվելը», ո՞վ էր զբաղվում վերահսկողությամբ՝ ԿԲ-ն չի թաքցնում, որ՝ ինքը։ Անդրադառնալով «Առավոտի» հրապարակման «Ինչ արժե վարչության պետի պաշտոնը» հարց-վերնագրին, ԿԲ նախագահը լուրջ-լուրջ պատասխանեց. «Չորսուկես միլիոն դրամ, որն աշխատավարձի տեսքով ստանում է վարչության պետը պետությունից»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Եթե ԿԲ նախագահի նման կատակելու լինենք, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ առայժմ հայտարարությունում նշվող մեղադրանքները հերքող ոչ մի հակափաստարկ չի ներկայացվում ոչ ԿԲ նախագահի, ոչ դատախազության, ոչ էլ որեւէ մեկի կողմից, ուստի ԿԲ նախագահը իր վերահսկողական դեպարտամենտի պետի պաշտոնի արժեքը մի քիչ քիչ է նշել։ Վերջապես, 4,5 մլն դրամով արտասահմանում դղյակ չես կառուցի։ Իսկ եթե լուրջ, ապա հուսով ենք, դատախազությունը ԿԲ-ին թույլ կտա հերքող փաստեր հրապարակել եւ «Առավոտը» միայն ուրախ կլինի, որ մեր երկրի ԿԲ նախագահը անկաշառ է։ Հիշեցնում ենք, որ հայտարարությունում նշված փաստերի վերաբերյալ խմբագրության տրամադրության տակ փաստաթղթեր կան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել