Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Փետրվար 08,2003 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Նախընտրական քարոզարշավի այս տենդագին օրերին, արդարեւ թե ոչ, նախագահի թեկնածուների ճառերում ու բանավեճերում առավել հոլովվող հասկացություններն են՝ ազգային անվտանգություն, Հայկական բանակ, արցախյան պատերազմ, խաղաղություն եւ այլն: Գործող նախագահին սատարող քաղաքական ուժերն ու լրատվամիջոցների մեծ մասը, անակնկալ թե ոչ, այս ամենի խորհրդանիշ են նկատում Ռոբերտ Քոչարյանին: Քարոզարշավի տրամաբանության շրջանակներում սա միանգամայն բացատրելի համարելով՝ թերեւս կարելի էր բանի տեղ չդնել: Բայց բանը հասել է նրան, որ զոհված ազատամարտիկների մայրերն են անգամ այս քարոզարշավի «ազատամարտիկ» դառնալու միտում ցուցաբերում: Նրանցից մեկը, օրինակ, որ Հանրային հեռուստատեսություն էր հրավիրվել Հայկական բանակի օրվա առթիվ, ի լուր հանուր մարդկության հայտարարեց, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է արժանի նախագահ ընտրվելու, քանի որ մնացած բոլոր թեկնածուները արցախյան պատերազմին որեւէ մասնակցություն ու առնչություն չեն ունեցել: Միայն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Մի կողմ թողնենք պատերազմի մասնակից լինելը նախագահի թեկնածուի միակ չափանիշ դիտելու վիճելի մոտեցման հանգամանքը: Մի կողմ թողնենք նաեւ այն տխուր պարագան, որ պատերազմի հրեշավոր հետեւանքները սեփական ճակատագրով ապրած տիկինը այսքան թերի տեղեկություններ ունի բուն պատերազմին առնչվող իրողությունների մասին: Սա իր խնդիրն է: Թեպետ դժվար է պատկերացնել, թե այս իմացությամբ ինչպե՞ս է իր հիմնած թանգարանում հայրենասիրության դասեր տալու մատաղ սերնդին: Բայց առնվազն զավեշտալի է, որ նրա հետ զրուցող լրագրողը պչրուհու պես խոնարհում է աչքերը եւ չի փորձում իրավիճակը փրկել՝ ճշտելով զրուցակցին ու գոնե հարեւանցի ակնարկելով, թե հիշյալ թեկնածուների մեջ համենայն դեպս կան մարդիկ, առնվազն մեկը՝ Վազգեն Մանուկյանը, որ առնչություն ունեցել է արցախյան պատերազմին, այն էլ բավական նշանակալի: Սա էլ կարելի էր երիտասարդ լրագրողի ոչ բավարար մակարդակին կամ նրա աշխատատեղը չկորցնելու հոգսին վերագրել ու ձեռքը թափ տալ, եթե մի քանի օր անց «Օրակարգից դուրս» կիրակնօրյա ծրագրում արդեն նույն անտեղյակությունը չմատուցեր հիշյալ թեկնածուներից մեկը՝ Արտաշես Գեղամյանը: Հակադրվելով Սերժ Սարգսյանին, որը մի անգամ եւս փորձեց արցախյան պատերազմի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանի հաղթաթուղթ ներկայացնել, Արտաշես Գեղամյանը ընդվզեց. «Ինչու՞ միայն Ռոբերտ Քոչարյանը, բա Վազգեն Սարգսյա՞նը, բա Սամվել Բաբայա՞նը»: «Իհարկե, իհարկե,- համաձայնեց Սերժ Սարգսյանը,- եւ Վազգեն Սարգսյանը, եւ8217 Սամվել Բաբայանը, բայց խոսքը թեկնածուների մասին է, կա որոշակի Ռոբերտ Քոչարյան, որը հայտնի է իր պրակտիկ գործերով, եւ կան անորոշ թեկնածուներ, որոնք հայտնի չեն ժողովրդին իրենց պրակտիկ գործերով»: Սա էլ կարելի էր հերթական նախընտրական «սայթաքում» համարել ու էլի բանի տեղ չդնել, եթե առհասարակ պատմությունը կեղծելու կամ սեփական չափսերով վերաձեւելու միտումը չափից ավելի ակնբախ չլիներ: Ընտրությունները, փառք Աստծո, գալիս ու գնում են, եթերով հեռարձակվածը, փառք Աստծո, որոշ ժամանակ անց մոռացվում է, թեպետ Արտաշես Գեղամյանի օրինակը ցույց է տալիս, որ պարբերաբար ու հետեւողականորեն կրկնելու դեպքում մարդկանց գիտակցության ծալքերում լավ էլ նստվածք է տալիս: Բայց երբ դա արվում է նաեւ տպագիր խոսքի միջոցով, անվիճելի է, որ գործ ունենք որոշակի քաղաքականության հետ, որը, ցավոք, խորհրդային ժամանակների տխուր զուգահեռների տեղիք է տալիս: Ահավասիկ, ընթերցող լայն շրջաններին հասցեագրված (ի դեպ, նաեւ անգլիալեզու ու ռուսալեզու) «Բանակը մեր ժողովրդի եւ պետության անվտանգության գրավականն է» նորընծա գիրքը, որը Սերժ Սարգսյանի գրչի արգասիքն է: Անշուշտ, պարոն Սարգսյանը հրապարակավ հայտարարել է իր անձի վերահաս երկատման մասին, բայց հազիվ թե հետագա տասնամյակների ընթերցողին հետաքրքրի, թե այս գիրքը ո՞վ է գրել, տեւական արձակուրդի գնացած ու գործող նախագահի նախընտրական շտաբի պե՞տը, թե՞ աշխատանքային առօրյայի մեջ խրված պաշտպանության նախարարը, բայց որ լիարժեք տեղեկատվություն չի քաղելու արցախյան պատերազմի ու Հայկական բանակի պատմության մասին, ակնհայտ է: Նկարագրելով 1992-ին ստեղծված ծանր կացությունը ճակատում, երբ ընկավ Շահումյանը, դատարկվեց Մարտակերտը, ընդհուպ հանձնվեց Արծվաշենը, հեղինակն այսպես է մեկնաբանում: «Շատերին թվաց, թե մարտական գործողությունները մոտալուտ ավարտ կունենան: Եվ մենք, ստիպված, մի պահ հապաղեցինք, ինչը հետո չափազանց ծանր հետեւանքներ ունեցավ: …Թվում էր, թե դա վերջն է մեր սկզբի, որ դիմադրել հակառակորդին հնարավոր չէ ո՛չ ռազմականապես եւ ո՛չ հոգեպես: Շատերի նյարդերը տեղի տվեցին, շատերը ձեռքերը լվացին: Որոշ քաղաքական ուժեր ապահովագրում էին իրենց՝ իրար մեղադրելով հայրենի հողը ծախելու մեջ: Կասկածի որդը տեղափոխվեց ջոկատներ»: Որքան զուսպ է հեղինակը «մենք»-ի ձախողումները որակելու հարցում («ստիպված հապաղեցինք»), նույնքան համեստ է ուրիշի հաջողությունները ներկայացնելու հարցում: «Այս շրջանում էր, որ պաշտպանության նախարարությունը գլխավորեց Շարժման առաջնորդներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, որին հաջողվեց որոշակի մեղմել հակամարտությունը մեր մեջ, ընդունել մի շարք կարեւոր որոշումներ, բարելավել բանակի նյութական ապահովումը՝ իր կարեւոր նպաստը բերելով պատերազմի այս փուլում բեկում մտցնելու գործում»: Այսքանը: Եվ թեպետ նախորդ եւ հետագա պարբերություններում շարադրվում է, թե ինչ է կատարվել բանակում ու ճակատում, քանի որ հստակ չի նշվում, թե որ ժամանակահատվածում է պաշտպանության նախարարությունը գլխավորել Վազգեն Մանուկյանը, ընթերցողի համար անհնարին է գոնե աղոտ պատկերացում կազմել այն որոշակի ծառայությունների մասին, որ մատուցեց նա իր ժողովրդին: Սակայն սեփական ձեռքով գրված այս մի հատիկ պարբերությունն էլ, կարծում եմ, բավական էր, որպեսզի հեղինակը անազնվություն չունենար ասելու՝ կան անորոշ թեկնածուներ: Այն, ինչ արեց 1992-1993թթ. պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, լինի նա նախագահի թեկնածու, թե ոչ, ընտրվի, թե ոչ, հաճելի լինի ոմանց, թե ոչ, շատ որոշակի է ու դժվար է գերագնահատել: Դժվար է ասել, այս անցած 10-15 տարիների ընթացքում եղե՞լ է մի երկրորդ քաղաքական գործիչ, որ այնպիսի դժվարին երկընտրանքի առաջ եղած լինի, ինչպես Մանուկյանն էր 92-ին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելիս: Հիշենք, թե ինչ համատարած հուսալքություն էր, իրոք «շատերի նյարդերն էին տեղի տվել ու շատերն էին ձեռքերը լվացել»: Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնողը քաջ գիտեր, որ քավության նոխազ դառնալու ռիսկի է գնում, որ վերջնական պարտության դեպքում այն իր անվան հետ է կապվելու: Ի դեպ, այս նույն հեռուստաալիքով, որ այն ժամանակ հանրային չէր, այլ պետական, Վազգեն Սարգսյանը, երբ հանձնում էր իր պարտականությունները, ազնվություն ունեցավ խոստովանելու, որ հանգիստ խղճով է անում դա, քանի որ, իր կարծիքով, Վ.Մանուկյանը միակ անձնավորությունն է, որ ի զորու է դուրս բերել մեզ դժվարին կացությունից, ի սկզբանե նա է եղել այդ գործի գլուխը եւ ժամանակին իրեն հանձնել ջոկատների ղեկավարությունը: «Ես չկարողացա, Վազգեն Մանուկյանը հավանաբար կկարողանա»,- ասաց նա: Վ. Մանուկյանը բարեբախտաբար խիզախություն ունեցավ գնալու այդ ռիսկին, եւ նրա գործունեության շնորհիվ էր, որ շրջադարձորեն փոխվեց պատերազմի ընթացքը, պարտության գնացող բանակը վերածվեց հաղթող բանակի, վերջնականապես ձեւավորվեց կանոնավոր բանակը, մշակվեց ու իրականացվեց Կափանի գործողությունը, որը փրկեց Կափանը ռմբակոծություններից, իրականացվեց Քելբաջարի ազատագրումը, որը ռազմական արվեստի տեսանկյունից մինչեւ օրս առեղծված է մնացել միջազգային հանրության համար, հաջորդեցին Մարտակերտի հետգրավումը, հետագա առաջխաղացումները եւ այլն: Սրանք փաստեր են, որոշակի պատմական փաստեր: Անորոշը, ցավոք, ներկայիս պաշտպանության նախարարի՝ թեկուզ արձակուրդում, եւ գործող նախագահի նախընտրական շտաբի պետի բարոյական ու քաղաքացիական դիրքորոշումն է: Ինչ վերաբերում է նրա քաղաքական դիրքորոշմանը, ապա այն, իհարկե, չափազանց որոշակի է. բանակն առաջին հերթին ոչ թե մեր ժողովրդի ու պետության անվտանգության, այլ իշխանությունը պահելու գրավականն է: Եվ սա, ցավոք, մեր փառապանծ բանակի ստվերն է, որ, բնական է, չէր կարող տեղ գտնել վերոհիշյալ գրքում: 1995-ից վեր Հայկական բանակը ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկն է, ավելի ստույգ՝ ընտրությունների կեղծիքների: 1994-ից ի վեր, երբ մարդաորսի՝ բռնի զորակոչի, բանակում ծայր առած ամենաթողության, ոչ կանոնադրական հարաբերությունների, կաշառակերության ու քրեական տարրերի ներթափանցման հետեւանքով սկսեցին խաղաղ պայմաններում հարյուրավոր զորակոչիկներ սպանվել ու հոգեպես խեղվել, բանակը վերածվեց արտագաղթի ամենազորավոր գործոնի: Վերջապես 1996-ի սեպտեմբերի դեպքերի օրերին Հայկական բանակը վերածվեց սեփական մայրաքաղաքը գրավող, սեփական ժողովրդի վրա զենք ուղղող եւ հեղաշրջում նախաձեռնող զորքի: Եվ այս տեսանկյունից եթե նայելու լինենք, ի տարբերություն Սերժ Սարգսյանի կատարած շրջանաբաժանման (1988-1992թթ. մայիս, 1992թ. հունիս-1994թ. մայիս, 1994թ. հունիս-մինչեւ օրս), կարելի է Հայկական բանակի հետեւյալ փուլերն առանձնացնել: 1992-1995թթ. (նախարարներ՝ Վ.Սարգսյան, Վ.Մանուկյան, Ս.Սարգսյան), երբ Հայկական բանակն իրոք զուտ մեր ժողովրդի ու պետության անվտանգության գրավականն էր, 1995-1996թթ. սեպտեմբեր (Վ.Սարգսյան), երբ բանակը նաեւ իշխանությունը պահելու ամենազորավոր լծակն էր (հիշենք ժամանակի պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությունը. «Եթե 100 տոկոս ձայն էլ հավաքեք, չենք թողնի իշխանությունը վերցնել»), 1996թ. սեպտեմբեր-1998թ. հունվար (Վ.Սարգսյան), երբ իշխանությունը վերածվեց բանակի պատանդի (այս փուլի բարձրակետը 1998թ. հեղաշրջումն էր), 1998թ. փետրվար-1999թ. մայիս (Վ.Սարգսյան), երբ դարձյալ բանակը առավելապես իշխանության հենարանն էր, 1999թ. հունիս-2000թ. ապրիլ (Վ.Հարությունյան), երբ բանակն այլեւս նախագահի հենարանը չէր (Հայաստանում, ըստ էության, երկիշխանություն էր), եւ վերջապես վերջին փուլը՝ 2000թ. ապրիլ-մինչեւ օրս (Ս.Սարգսյան)՝ բանակը վերստին իշխանության հենարան ու պահպանման գրավական, որի բարձրակետը, խնդրեմ, պաշտպանության նախարար-նախընտրական շտաբի պետ համադրությունն է, որ, ի դեպ, արդի աշխարհում բացառիկ երեւույթ է: Այս տեսանկյունից էլ, ինչպես տեսնում ենք, Վազգեն Մանուկյանի դերը բավական որոշակի է: Եվ այս լույսի ներքո որոշակի է նաեւ Սերժ Սարգսյանի դերն ու «մոռացկոտության» պատճառը: Որոշակի է նաեւ, որ նախընտրական արշավները անցողիկ են, մարդու ճշմարիտ վաստակը, մանավանդ հայրենի հողերի պաշտպանության խնդրում, պատմության սեփականությունն է, ուստի անօտարելի ու կոնյունկտուրայի չենթարկվող: Որոշակի է, որ ժամանակին քարոզարշավների տենդով չտառապող պատմաբանի անաչառ ձեռքով ամեն ինչ իր տեղը կդրվի: Բայց ո՞ր ժամանակին, սա է անորոշը: Ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի, իմ սերունդը շատ ճշմարտություններ ասելու ու լսելու համար տասնյակ տարիներ է սպասել: ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել