Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵ՞Ր

Փետրվար 08,2003 00:00

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵ՞Ր Փետրվարի 7-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ ինքն այդտեղ հանդիպում է ունեցել նաեւ 1988թ. նախագահական ընտրություններին։ Նա միաժամանակ հիշատակեց, որ իր պաշտոնավարության հինգ տարիների ընթացքում 15 անգամ այցելել է Լոռու մարզ։ Նա կատարած համարեց 1998-ի իր նախընտրական բոլոր խոստումները (՞)։ Հանրահավաքին ներկա էին տարբեր կոլեկտիվներ՝ դրոշներով, ցուցապաստառներով։ Ի դեպ, ցուցապաստառներով երիզված էր նաեւ քաղաքի կենտրոնական պողոտան։ «Վանաձորցիները գործող նախագահի կողքին են»՝ մայթից մայթ կապած բարձրադիր ցուցապաստառը կարդալիս ակամա հարց է ծագում. այդ դեպքում ովքե՞ր են մյուս թեկնածուների կողքին։ Հիշյալ կարգախոսը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքական տհասության արդյունք։ Կասկած է հարուցում նաեւ՝ «Լոռու մարզաշխարհն ընտրում է Ռոբերտ Քոչարյանին»։ Այ, ուրիշ բան է՝ «ՀՌԱԿ-ը Ձեզ հետ է», «ՀՕՄ-ը Ձեզ հետ է». միանգամայն ընդունելի կարգախոսներ, եթե նկատի ունենանք, որ կոչը Քոչարյանին էր ուղղված։ Հանրահավաքից ստացած տպավորությունն այնպիսին էր, որ խորհրդային տարիների՝ բռնի ուժով մայիսմեկյան եւ նոյեմբերյան շքերթների «քշելու» ավանդույթները վերականգնվել են։ (Հիշո՞ւմ եք, երբ մարդկանց 10 ռուբլով համոզում էին դրոշակ բռնել, իսկ ուսանողներին էլ ստիպում էին մասնակցել շքերթին՝ զանազան սպառնալիքներով)։ Երբ Ռոբերտ Քոչարյանը կրկին խոստացավ կապիտալ շինարարության տեմպերն ավելացնել, թոշակառուների վիճակը բարելավել (ի պատասխան ուղղված այն հարցի, թե «Թոշակառուներին ի՞նչ հույս կտաք»), ինչպես նաեւ հիշեցրեց նախընտրական կարգախոսը՝ «Աշխատենք միասին», մի սրամիտ վանաձորցի կողքինին կամացուկ ասաց. «Աշխատենք միասին՝ ուտենք առանձին»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել