Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի՞ ընտրող կհասնի ընտրություններին

Փետրվար 08,2003 00:00

Քանի՞ ընտրող կհասնի ընտրություններին Առաջարկում եմ մինչեւ փետրվարի 19-ը մեր երկրում վերացնել նախագահի ինստիտուտը։ Հակառակ դեպքում՝ Հայաստանում ընտրող չի մնա: Խոսքս Հայաստանը լքողների մասին չէ, այլ նրանց, ովքեր դատապարտված են այս երկրում ապրելու, հետեւաբար՝ ընտրություն կատարելու: Անշուշտ, ժողովրդավարական հասարակությունում ժողովուրդը պետք է քաղաքացիական ակտիվություն ցուցաբերի: Դա նշանակում է, որ ընտրություններից ազատ շրջանում այդ նույն ժողովուրդը պետք է զբաղվի այլ գործերով։ Մեր ժողովուրդը այդ ընթացքում ինչ172որ գործով զբաղվում է, թե ոչ՝ վիճելի հարց է, սակայն մի բան հաստատ է, որ հասարակության ցանկացած շերտի խոսակցության մշտական թեման քաղաքականությունն է: Իսկ նախընտրական շրջաններում այդ խոսակցությունները հասնում են գագաթնակետին՝ բանավեճերից մինչեւ ծեծկռտուքների: Ընդ որում, ծեծկռտուքների մասնակից են դառնում ոչ միայն այս կամ այն թեկնածուի գաղափարակիցն ու լիազոր172ներկայացուցիչը, այլեւ ամենաապաքաղաքականացված քաղաքացին; Ինձ միշտ թվում էր, թե առօրյա շփումներում ընդհարումները կենցաղային հողի վրա են լինում, սակայն վերջին շաբաթների ընթացքում հակառակում համոզվեցի: Երեւանի ամենաանմխիթար ծայրամասերից մեկում՝ Էրեբունի զանգվածում գտնվող խանութներից մեկում առեւտուր անող կանանցից մեկին դուր չեկավ մթերքի որակը: Շուռումուռ տալով գնած հացը, քթի տակ փնթփնթաց. «Քոչարյանն ա մեղավոր, որ ինչ թափելու բան կա հացի տեղ ծախում են…»։ «Քոչարյանը ի՞նչ մեղավոր ա, մարդը էս քանդած երկիրը սարքեց, էդքան աշխատատեղ բացեց, թող հաց թխողը նորմալ աշխատի»,- վրա տվեց առեւտուր անող կանանցից մեկ ուրիշը: Կարծեք թե հենց այդ խոսքին էր սպասում առաջին կինը, որը ավելի բորբոքված վրա տվեց. «Չհասկացա, էդ Քոչարյա՞նն ա աշխատատեղ բացել, ինչքան ղարաբաղցի կա բերել172լցրել ա մեր քաղաքը, սաղին պաշտոնի ու գործի տեր ա դարձրել, հիմա էլ ասում ա մեր երկիրը ինքն է սարքել…»: «Էդ ո՞ւմ ա բերել Ղարաբաղից, հետո էլ՝ ի՞նչ տարբերություն կա Ղարաբաղի ու Հայաստանի մեջ, նույն երկիրն ենք։ Բա ինչի՞ չես ասում, որ մարդը իր հանգիստ կյանքը թողեց, էկավ ընկավ էս բեռի տակ, որ ինքը Ղարաբաղից չգար քո Հայաստանում մեկը կա՞ր, որ կարողանար…»: «Ինչի՞ չկա, հենա՝ Գեղամյանը։ Մարդը էս հողուջրի մարդ, սաղ կյանքը էս երկրի ու ժողովրդի համար ա աշխատել: Հիմա թողնո՞ւմ են՝ չեն թողնում, որ աշխատի, մարդը ռիսկով կանգնում ու ինչ որ պետք է էրեսներին ճիշտը ասում ա»: «Էդ Գեղամյա՞նն ա ճիշտ, էդ ծախու…»,- խոսքը բերանում՝ շրխկ. առաջին կինը պայուսակով մի հատ իջավ երկրորդ կնոջ գլխին: Սկսվեց մի իսկական ծեծկռտուք, ճղճղացող կանայք իրար մազեր փետելու ընթացքում հայհոյում էին ու անիծում ոչ այնքան իրար, որքան նախագահի նախընտրած թեկնածուներին: Խանութում հավաքված բազմությունը ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտեցել կռվող կանանց։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը համախոհներ էր ձեռք բերել: Գնալով ծեծկռտուքը մեծանում էր, իսկ խանութի առեւտուրը՝ նվազում։ Ստիպված խանութի տերերը դուրս նետեցին կռվող կանանց: Սա միակ դեպքը չէ՝ «Սարոյան եղբայրների» թեման, թերեւս, ամենահրատապն է այսօր։ Երբ այս պատմությունը պատմեցի իմ ծանոթներից մեկին, ասաց, որ իր աչքի առաջ գրեթե իրար սպանելու աստիճան կռվել են 25 տարվա հաշտ ու համերաշխ հարեւաններ: Կռիվը սկսվել է նրանից, երբ հարեւաններից մեկը ասել է, թե Ստեփան Դեմիրճյանը հոր նման լավ ղեկավար կլինի: Մյուսը հակադարձել է, թե եթե հայրը լավ ղեկավար էր, չի նշանակում, թե որդին էլ լավը կլինի: Այս մտքի վրա էլ թեժացել է հարեւանների քաղաքական բանավեճը՝ հասնելով անձնական վիրավորանքների ու ձեռնամարտի: Կարելի է անվերջ թվարկել այստեսակ պատմությունների շարքը, բայց համոզված եմ, որ դրանք ամեն քայլափոխի են ու դեռ շարունակվելու են: Ու վախենամ հարեւանամիջյան, ծանոթամիջյան ընդհարումների հետեւանքով ընտրությունների օրը ողջ-առողջ մարդ չմնա՝ մի մասը ֆիզիկապես անկարող կլինի, մյուս մասը՝ հոգեպես: Կարծում եմ, այս հարցն առաջին հերթին պետք է հուզի նախագահի թեկնածուներին։ Թե չէ, մեկ էլ տեսար ընտրությունների օրը մարդ չմնա, որ կարողանա ընտրատեղամաս գնալ: Առանց այն էլ բազմաթիվ են դարձել դեպքերը, երբ ընդհարումներ են տեղի ունենում այս կամ այն թեկնածուի թիմակիցների միջեւ, հիմա էլ պոտենցիալ ընտրողներն են իրար տալիս: Ամենասարսափելին այն է, որ ընտրություններից հետո, ով էլ ընտրվի հանրապետության նախագահ, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխվելու նախագահի թեկնածուների համար կռիվ անող հասարակ քաղաքացիների կյանքում: Պարզապես, այս գերքաղաքականացված շրջանում փոշիացվում են գոնե մեր ժողովրդի համար կարեւոր այնպիսի արժեքներ, ինչպիսիք մարդկային փոխհարաբերություններն են: Հակոբ Պարոնյանն ասում է. «Մարդկությունը վերացավ երկրիս երեսեն, գոնե սա մարդիկ ալ վերանային, մարդ իր ինչ ընելիքը իմանար»: Քանի դեռ մեծ երգիծաբանի կանխատեսումը չի իրականացել ու քանի որ անհնարին է կանխել գնալով թեժացող կրքերը, առաջարկում եմ այս շաբաթվա ընթացքում փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ եւ հանել նախագահի ինստիտուտը: Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել