«ԱՍԵԼ, ԹԵ ԿԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ» Հարցազրույց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ – Քարոզարշավի այս ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները, Հայկ Բաբուխանյանի դանակահարության փաստը ինչպիսի՞ հետեւանքներ կարող են ունենալ Ձեր կողմից ներկայացվող վերջնական հաշվետության վրա: – Ժողովրդավարական ընտրությունների մեջ տեղ չկա բռնությանը: Ինչպես նշեց ՀՀ նախագահը՝ բռնության դեպքերը ստվեր են գցում այս քարոզարշավի վրա: Մենք շատ լուրջ ենք ընդունում ցանկացած բռնության դեպք: Այդ մասին քննարկվել է պաշտոնյաների եւ քաղաքական կուսակցությունների հետ: Ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչների մոտ կան մեծ փաթեթներով փաստաթղթեր, եւ նրանց կողմից բարձրացված որոշ ահազանգերն իրականում մեզ մտահոգում են: Մենք ուսումնասիրում ենք դրանք՝ պարզելու, թե դրանցից որքանը կարող ենք ստուգել ինքներս: Որպես դիտորդ՝ մեզ համար կարեւոր է, որ կարողանանք ստուգել այն, ինչ ներառելու ենք մեր հաշվետվության մեջ: – Դուք էլ նշեցիք, որ ժողովրդավարական ընտրություններում բռնությունը արգելված գործոն է, սակայն այս ընթացքում մեզ մոտ բավական նման փաստեր են արձանագրվել: Արդեն իսկ այդ հանգամանքի առկայությունը որքանո՞վ է վտանգում Հայաստանում ժողովրդավարական զարգացումը: – Բռնությունը ցանկացած երկրում վտանգ է սպառնում ժողովրդավարությանը: Ես չեմ ցանկանում եզրակացություններ կազմել այս պահին, թե Արտաշատում տեղի ունեցած դեպքը կարող է ինքնին վտանգ հանդիսանալ Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը: – Բավական շատ են մեղադրանքները, թե թեկնածուների համար հեռուստատեսությամբ քարոզչություն իրականացնելու հավասար պայմաններ չեն ընձեռված: Եթե գործող նախագահը նաեւ նախագահի թեկնածու է, կա՞ արդյոք որեւէ սահմանազատում, թե նա այդ ընթացքում որքան այցեր պետք է ունենա՝ որպես գործող նախագահ: – Իհարկե, սահմանազատում պետք է լինի, բայց դա բավական բարդ հարց է: Օրինակ, օրեր առաջ Գյումրիում էինք եւ հարցրինք, թե որպես ինչ է այցելելու Ռոբերտ Քոչարյանը այնտեղ: Ասացին, որ հատուկ որպես թեկնածու է գալու, ինչն արվում է հենց սահմանազատելու համար այդ երկուսը: Իր շտաբը պետք է միշտ հաշվի առնի այդ սահմանազատումը: Դա կարեւոր է: Մենք հետեւում ենք լրատվական հաղորդումներին եւ դա մեզ համար ցանկացած երկրում լուրջ հարց է. խումբ կա, որը չափում է, թե քանի րոպե է լուսաբանում ստանում յուրաքաչյուր թեկնածուն եւ որքան տեղ են նրանց հատկացվում թերթերում: Դրան զուգահեռ, ուսումնասիրվում է, թե տվյալ լուսաբանումը դրական, բացասական, թե՞ չեզոք էր: Գործող նախագահի դեպքում նույնպես ուշադրություն է դարձվում՝ արդյոք այդ լուսաբանումը նրան որպես նախագա՞հ էր ներկայացնում, թե՞ որպես թեկնածու: Հատուկ ուշադրություն է դարձվում Հանրային հեռուստատեսությանը, որովհետեւ այն հավասար լինելու հատուկ պարտավորություն ունի: Պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ Հ1-ը շատ կողմնակալ էր՝ հօգուտ մեկ թեկնածուի: Երկրորդում նույնպես դեռ կողմնակալ էր գործող նախագահին, սակայն ընդդիմադիր թեկնածուներն էլ ստացան ավելի շատ ժամանակ եւ մեծ մասամբ դրական էր: Մասնավոր հեռուստաընկերությունները նույնպես գործում են հօգուտ գործող նախագահի, եւ սա էլ ավելի է սաստկացնում մեր մտահոգությունը, որ մի քանի մասնավոր հեռուստաընկերություններ հանվել են եթերից: Խոսքը հատկապես «Ա1+»-ի մասին է: – ՀՀ «ԸՕ»-ն արգելում է պետական մարմինների աշխատակիցներին մասնակցել որեւէ թեկնածուի քարոզչությանը, սակայն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական որոշ շտաբներ ղեկավարում են մարզպետներ, գյուղապետեր, նաեւ ուղեկցում են նրան քարոզարշավների ընթացքում: Ավելին, Պաշտպանության նախարարն անձամբ է ղեկավարում նրա շտաբը՝ գտնվելով արձակուրդում, սակայն վերջերս նա գործուղվել էր Մոսկվա որպես նախարար: – Ես բավական երկար ժամանակ եմ ծախսել «ԸՕ»-ի ուսումնասիրության համար: Հատկապես ուշադրություն եմ դարձրել այն կետերին, որոնք վերաբերում են այս խնդրին եւ շատ մեղադրանքներ, որոնք ներկայացվել են ինձ, այնքան էլ պարզ չեն՝ Օրենսգրքի տեսակետից: Ես դեռ պատրաստ չեմ ստույգ նշել, թե հայտնաբերել եմ կոնկրետ իրավական խախտումները այս հարցի կապակցությամբ: Սակայն կա ԵԱՀԿ պարտավորություն, որտեղ նշված է, որ բոլոր թեկնածուները պետք է ստանան հավասար վերաբերմունք պետական մարմինների կողմից: Իսկ եթե գործող նախագահն օգտագործում է վարչական ռեսուրսներն իր քարոզարշավն իրականացնելու համար, այդ դեպքում համարել, թե հավասար պայմաններ են ստեղծված թեկնածուների համար՝ չի կարելի: Այդ հարցի մասին մենք կնշենք մեր հաշվետվության մեջ: – Ընտրախախտումների մասին կոնկրետ փաստեր եւ մեղադրանքներ են հնչեցնում միայն ընդդիմադիր թեկնածուները, ոչ մի բողոք չի նշվել Ռոբերտ Քոչարյանի շտաբի կողմից: Դա չի՞ նշանակում, որ իսկապես իշխանություններն են խոչընդոտում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: – Ես այնքան էլ համոզված չեմ, թե գործող իշխանությունների կողմից բողոքներ չկան, խորհուրդ կտայի խոսել գործող նախագահի շտաբի ներկայացուցիչների հետ: Նախագահի դեմ ուղղված բոլոր բողոքների հետ մեկտեղ, մենք ստացել ենք նաեւ մի շարք բողոքներ, որտեղ նշվում են ընդդիմադիր թեկնածուների խախտումների մասին: – Կարո՞ղ եք որեւէ բողոք մատնանշել: – Ես կոնկրետ մեղադրանքներ կոնկրետ մարդկանց նկատմամբ չեմ ուզում բերել լրատվամիջոցների առջեւ: Սակայն տարբեր կուսակցություններ բողոքել են իրար դեմ: – Շտաբի ղեկավարներն իրավունք ունե՞ն զենք կրել եւ արդյո՞ք դա կարող է դիտվել որպես սպառնալիք: – Ես կուսումնասիրեմ, թե «Զենք կրելու մասին» ՀՀ օրենքն ինչ է ասում: Պարզ է, որ ես կգերադասեի, որ շտաբների անդամներն ընդհանրապես չկրեին զենք: Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ