Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանը ջոգող տղայա»

Փետրվար 08,2003 00:00

«Քոչարյանը ջոգող տղայա» Այս հայտնագործության հեղինակային իրավունքը պատկանում է Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին։ Բանն այն է, որ երեկ համայնքապետը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ համայնքի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավն էին իրականացնում։ Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը լավ էր պատրաստվել։ Անգամ կոպտորեն խախտելով երկրի օրենսդրությունը՝ դպրոցի պատերը զարդարել էր Ռոբերտ Քոչարյանի նախընտական պաստառներով։ Ապա՝ օգտագործելով իր ազդեցությունն աշակերտների վրա՝ դահլիճում ծնողների անհրաժեշտ քանակություն էր ապահովել։ Մեր հարցին, թե «ճի՞շտ է, որ 3-5 հազարական դրամներ են բաժանվել»՝ մի քանի ծնող բացասաբար պատասխանեցին։ Տնօրենը ներկայացրեց երկրի տնտեսական աճի անմիջական ազդեցությունները թիվ 43 դպրոցի վրա։ Ապա, տնօրենի ասածներն իր ելույթում հաստատեց նաեւ մի ծնող՝ այն զուգակցելով թաղապետի գովքի հետ. «Արգիշտիի գործի շարունակողն է»։ Իր խոսքն ասաց նաեւ դպրոց-պետության նորընտիր նախագահ, աշակերտուհի Հասմիկը, որին եւս տեսանելի էին բարեփոխումները։ «Ճիշտ է,- նկատեց Հասմիկը,- մենք ընտրելու իրավունք չունենք, բայց մեր ձայնը տալիս ենք գործող նախագահին»։ Աշակերտուհին նույնիսկ մի բանաստեղծություն ձոնեց իր ընտրյալին։ «Արգիշտիի հետեւորդ Մհեր Սեդրակյանը, որը նաեւ «տղամարդ տղա» է եւ «մեր ուզածին հասանք», ժողովրդին մի «խնդրանք» ուներ. «Մեկ ա ընտրվելու ա, մենք մեր ձեռով գնանք ընտրենք, թող իմանան էրեբունցիք լավ ժողովուրդ են։ Ունեն լավ թաղապետ, լավ ժողովուրդ, ընկերություն, շրջապատ՝ բոլորի հասկացողությունը տեղն ա։ Ընտրում ենք, մեր գործը անում ենք»։ Այս ամենը թաղապետը մի բանի համար է ուզում. «Հիմա ոնց ա՝ ես թաղապետ եմ, ո՛ր տարածքից շատ ձայն ա գալիս, առաջին հերթին ըտեղից եմ սկսում»։ Ուրեմն. «մեր նախագահն էլ թող մտածի, որ Էրեբունին իրա կառոլնի թաղերից ա… ու հաստատ ինքը կմտածի, որովհետեւ ինքը էդքանը շատ լավ ա հասկանում։ Վաղը-մյուս օրը պետք ըլնի էթանք-ասենք՝ նախագահ ջան, ցավդ տանենք… չնայած ինքը տղամարդ տղայա ու ամեն ինչն էլ լավ հասկանում ա»։ Եվ եթե այդքանը «նորմալ էղավ՝ իմ սրտով, հաստատ ահագին շահելու ենք»։ Այլապես, թաղապետն էլ ոչ կարող է «կյանքում գլուխ գովալ, ոչ կարանք գլուխներս բարձր ման գանք, ոչ էլ կարամ քաղաքապետարանում էն դիսպետչերականներին ես իմ ձեւով նստեմ»։ Իսկ այդ ձեւը՝ «ոտս ոտիս քցած»-ն է։ Ու՝ «ընենց պտի անենք», որ «ես այ ըտենց, իմ ձեւով նստեմ»։ Ու թաղապետի խնդրանքը բոլորին՝ «ամսի 19-ին մենք մեր խոսքը ասենք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել