«27»-ԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ ՀՀ նախագահի թեկնածուները, օգտվելով Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքից, ընտրողներին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը։ Ոմանք այդ բանն անում են պերճախոսությամբ, ուրիշները՝ զուսպ, երրորդները՝ ինքնագովությամբ։ Իրենց իրավունքն է եւ ձեւերը՝ իրենց ճաշակով։ Ծրագրերը հաճախ իրար այնքան նման են՝ տնտեսության, սոցիալական ոլորտին, առողջապահությանը, բանակին, Սփյուռքին եւ այլնին նվիրված գլուխներով, որ երբեմն թվում է, թե թեկնածուները արտագրությամբ են զբաղված եղել։ Սակայն կա մի հարց, որին քիչ թվով թեկնածուներ են անդրադարձել։ Ճիշտ գտանք քննարկել, մեր կարծիքով, վեց հիմնական թեկնածուների ծրագրերը եւ մեզ հետաքրքրող հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնել։ Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զ. Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արամ Կարապետյանի նախընտրական ծրագիր-խոստումները կարդալով, նկատեցինք, որ այս վեցից միայն երեքն են անդրադարձել կամ կարեւոր համարել դատաիրավական համակարգի բարեփոխումները եւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը։ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագրում որեւէ տողով կամ բառով չի հիշատակվում, որ նրա կառավարման օրոք երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ եւ որեւէ տողով չի ծրագրավորված ոճրագործության բացահայտման անհրաժեշտությունը։ Այս թեկնածուի ծրագրին ծանոթանալով, տպավորություն ես ստանում, որ երկրում ոչ մի «27» էլ չի եղել։ «Իրավական գերակայություն» գլխում երկու նախադասություն կա, որոնցից դժվար է հանգեցնել, թե խոսքն ինչ-ինչ աղերսներ ունի «27»-ի եւ վերջին հինգ տարիների ընթացքում տեղի ունեցած մյուս քաղաքական սպանությունների բացահայտմանը հետամուտ լինելու մտադրության հետ. «Իրավական համակարգի բարեփոխումների արդյունքում երաշխավորել արդարադատության մակարդակի էական բարձրացում, շարունակել բարեփոխումները դատախազությունում, ազգային անվտանգության եւ ոստիկանության մարմիններում»։ Նման «մոռացկոտությունը» ակնհայտորեն միտումնավոր է, որովհետեւ եթե նախագահն ուզում է «շողուլի» բերել բոլոր նրանց, ովքեր չեն հավատա իր խոստումներին, տնտեսական աճին եւ զարգացման հեռանկարին, ապա գոնե պետք է ուզենար «շողուլի» բերել նաեւ երկրի դատական համակարգը եւ «ուչաստկովիին»՝ պետական հեղաշրջման փորձը չբացահայտելու համար։ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւս հարկ չի համարել անդրադառնալ «Հոկտեմբերի 27»-ին եւ քաղաքական այլ սպանությունների բացահայտման անհրաժեշտությանը։ Պրն Մանուկյանը շատ սիրուն բաներ է գրել համախմբման, հանդուրժողականության, երկրի տերը դառնալու հնարավորության մասին։ Սակայն ինչպե՞ս է հնարավոր այս ամենին հասնել, երբ երկրում չի բացահայտվել օրենսդիր եւ գործադիր մարմինների գլխատման ոճրագործությունը։ ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանն իր հրապարակային ելույթներում թեպետ ամենաշատն է խոսում «27»-ի մասին, նույնիսկ գովազդային հոլովակներից մեկում կադրեր է ցուցադրում, որքան էլ զարմանալի է՝ որեւէ տող չի գրել իր ծրագրում այս ոճրագործության բացահայտման մասին։ Փաստորեն, միայն Արամ Զավենի Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Կարապետյանն են իրենց ծրագրերում տեղ հատկացրել «27»-ի ոճրագործության բացահայտմանը եւ կարեւորել են այդ բացահայտումը՝ որպես վստահության եւ հանդուրժողականության վերականգնման հնարավորություն։ Եվ սա ամենեւին էլ «դիակների վրայով իշխանության» ձգտում չէ, այլ՝ արդարադատություն պահպանելու եւ կասկածների փարատման հնարավորություն։ Արամ Զավենի Սարգսյանի ծրագրի առաջին՝ «Ժողովրդավարություն եւ իրավական պետություն» գլխում կարեւորվել է. «Անկախ, արդար դատական իշխանության կայացմանն ուղղված դատաիրավական բարեփոխումների իրականացում, Արդարադատության խորհրդի ձեւավորման կարգի փոփոխում, երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծում», նաեւ՝ «քաղաքական հետապնդումների բացառում, քաղաքական ահաբեկումների դեմ կտրուկ եւ ազդու միջոցառումների ձեռնարկում», նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտում»։ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ծրագրում եւս պնդումը միանշանակ է եւ հայտնի. «Հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում հաստատել օրենքի գերիշխանություն, արմատախիլ անել ամենաթողությունն ու կամայականությունը, հետամուտ լինել «Հոկտեմբերի 27»-ի, ինչպես նաեւ պետության դեմ կատարած այլ հանցագործությունների լիարժեք բացահայտմանը, օրինականություն, կարգուկանոն ապահովել երկրում»։ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական ծրագրում եւս «27»-ը չի շրջանցվել. «Հոկտեմբերի 27»-ը դարձել է քաղաքական շահարկման առարկա։ Հիշեցնում եմ քաղաքագիտության օրենքը՝ քաղաքական շահարկման առարկա են դառնում այն բոլոր հարցերը, որոնք իրավական դաշտում չեն ստացել համարժեք գնահատական։ Եթե մենք ուզում ենք, որ վերջիվերջո փարատվեն կասկածները՝ եղե՞լ են կազմակերպիչներ, թե՞ ոչ, այդ հի՞նգն էին հանցագործները, թե՞ նրանց թիկունքում ուժեր կան, պետք է նշանակել անկախ դատախազ, խորհրդարանական հանձնախմբին համապատասխան իրավասություններ տալ։ Եթե անկախ դատախազ Հայաստանի ներսում չկա, ապա պետք է հրավիրել դրսից։ Անհրաժեշտ է փորձագետներին, մասնագետներին աշխատելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան ասել՝ այդ հինգը գործել են ինքնուրո՞ւյն, թե՞ այլոց ուղղորդմամբ ու դրդմամբ։ Եվ եթե նույնիսկ Եվրախորհրդի տատը պապի ձեռքից բռնած գա, միեւնույն է՝ ոճրագործները գնդակահարվելու են։ Կասկածները պետք է փարատվեն, իրավական դաշտ պետք է վերադարձնել այս հարցը, եւ քաղաքական շահարկումները կսպառվեն»։ Այս ամենը՝ թեկնածուներից միայն երեքի ծրագրերում, մյուսների համար «27»-ը կարծես չի էլ եղել, իսկ մենք ենթադրում ենք, որ բուն դատավարությունը նախընտրական այս փուլում միտումնավոր է ընդհատված եւ դատավոր Ուզունյանի հիվանդությունը պատրվակ է լոկ։ Իշխանություններին ձեռնտու չէ նախընտրական այս թոհուբոհին իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքների շարքում ունենալ նաեւ «27»-ի դատավարությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ