Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

Փետրվար 08,2003 00:00

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ Եթե հաշվի չառնենք սարսափելի հրմշտոցը՝ որեւէ պատահար չեղավ երեկ Արտաշատում Արամ Զ.Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի միասնական հանրահավաքի ընթացքում: Սակայն դրանից հետո մի խումբ մարդիկ հարձակվել էին Արարատում իշխանության գրասենյակների վրա: Իշխանության դեմ ուղղված այս գործողություններն ակնհայտորեն փորձ է արվելու նույն հարթության վրա դնել ընդդիմության դեմ գործված բռնության հետ: Բայց՝ հերթով: Արտաշատի Թատերական հրապարակում ներկա էին շուրջ 10 հազար մարդ: Շատերը եկել էին մերձակա գյուղերից, Արարատից կամ Երեւանից: Ընդ որում՝ միայն «Հանրապետության» եւ ՍԻՄ-ի անդամները չէին ներկա, այլ ՀԺԿ-ի, ԼԴԿ-ի, «Տանիքի» եւ այլ կազմակերպությունների: Բազմաթիվ էին նաեւ անկուսակցական գործիչները՝ Վահան Շիրխանյան, Սուրեն Աբրահամյան, Անդրանիկ Քոչարյան եւ այլք: Սա ընտրողների հետ սովորական հանդիպում չէր, այլ պատասխան փետրվարի 4-ին կատարվածին՝ ապացույց, որ Արտաշատում հանրահավաք կանցկացնեն, եւ ոչ ոք չի համարձակվի խանգարել: Հիշեցնենք՝ ինչքան էլ Արարատի մարզպետը հետո խմբագրեց իր հայտնի սպառնալիքը, որ եթե Արամ Սարգսյանը գնա Արտաշատ՝ «նրա անվտանգությունը չեմ կարող երաշխավորել… Շատ հնարավոր է՝ մարդասպանություն լինի», մի արտահայտություն մնաց անփոփոխ՝ «Եթե գան, տուրք տան սադրանքների՝ նրանց անվտանգությունը պահպանել ես չեմ կարող»: Սեփական մարզում կարգուկանոն հաստատելու անկարողությունը խոստովանած մարզպետին երեկ օգնության էին շտապել հարյուրավոր ոստիկաններ: Այսքանը միայն համազգեստավորներն էին: Անվտանգության միջոցներ էր նախատեսել նաեւ «Հանրապետությունը», մասնավորապես՝ տարբեր մարզերից եկած երկրապահների միջոցով: «Եկել ենք՝ տեսնենք, թե ովքեր են մեր Սպարապետի եղբորը սպառնացողները»,- ասում էին նրանք: Կանխարգելիչ միջոցներն անգամ չափազանց էին թվում, քանզի մթնոլորտը երեկ Արտաշատում խիստ ջերմ ու բարեկամական էր: Պարզվել էին նման կարգախոսներ՝ «Արամ Սարգսյան, Արարատը ձեզ հետ է», «Մեր ձայնը մեր սիրելի Արամին»: Մինչ հանրահավաքը՝ զուռնա-դհոլի ներքո պարում էին մարդիկ: Նախագահի թեկնածուներին դիմավորեցին աղավնիներ բաց թողնելով օդ: Հանրահավաքին հեռախոսով ողջույն փոխանցեց Հայկ Բաբուխանյանը: Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին՝ հռետորները մեծ մասամբ կրկնում էին այն, ինչ բազմիցս ասել են այլ բնակավայրերում կամ ասուլիսներում: Առավել մեծ ոգեւորությամբ՝ ծափերով ու բացականչություններով էին ընդունվում նման կոչերը. «Ռոբերտ Քոչարյանը պարտված է», «Փետրվարի 19-ին ամբողջ հանրապետությունը «ոչ» կասի Քոչարյանին»: Մեջբերենք որոշ հատվածներ ելույթներից: Գեղամ Հարությունյան. «Իշխանությունները կազմակերպեցին կեղտոտ սադրանք, որ փորձեն վախեցնել եւ ահաբեկել ժողովրդին: Ընտրվեց Արտաշատը: Սակայն այսօր Արտաշատը եւ ողջ հայ ժողովուրդը պարզ ցույց են տալիս՝ սադրանքը ձախողվել է»: Ալբերտ Բազեյան. «Այսօր արտաշատցիներն ապացուցում են, որ տեր են կանգնելու իրենց քվեին: Միասին հեռացնելու ենք այս ապօրինի ռեժիմը»: Արամ Կարապետյան. «Արտաշատում 3 հոգի կանգնեցին 50-ի դիմաց ու ապացուցեցին, որ երկրում կան տղամարդիկ: (…) Հետո մեկ այլ մարդ սխալմամբ ասաց (երեւի հիմա զղջում է)՝ Արամ Սարգսյանը թող չգա, կարող է մարդասպանություն լինել: Ես հիմա տեսնում եմ, որ, Աստված մի արասցե, ոտնատակ ընկնելու պատճառով՝ կարող է իրո՛ք մարդասպանություն լինել»: Արամ Սարգսյան. «Չեմ եկել այստեղ, որ ցույց տամ, թե ինչքա՜ն ռիսկով տղա եմ: Չեմ եկել այստեղ, որ ցույց տամ, թե չեմ վախենում: Եկել եմ այստեղ, քանի որ այստեղից եմ… Արտաշատում ես չունեմ թշնամիներ: Նույնիսկ երկար մտածելուց հետո՝ փորձեցի գտնել գոնե մեկ թշնամի, պարզվեց, որ Աբրահամյան Հովիկն էլ իմ թշնամին չի: (…) Վստահեցնում եմ, որ հենց Արտաշատի՛ց ու ձեզանո՛վ է սկսվում Ռոբերտ Քոչարյանի անօրինական իշխանության, սկսած ընտրարշավի վերջը… Պատահական չէր ընտրված Արտաշատը: Իր շքախմբում կան մարդիկ, որոնք ուզում էին իրենց կերպը ցույց տալ: Նույն Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Արարատի մարզն իրենն է, 70%-ը ձայն է տալու: (…) Պետք չէ իշխանություններից պահանջել կարգուկանոն: Նրանք երբեք էլ չեն հաստատել կարգուկանոն: Կռիվն այդ է, որ նրանք գնան, որպեսզի երկրում հաստատվի կարգուկանոն: (…) Այս փաստով ցույց տվեցին, որ գոյություն չունե՛ն, որ սովորական փողոցում անգամ չեն կարողանում հաստատել կարգուկանոն՝ մի քանի հոգու վրա: Նրանք ցույց տվեցին, որ չունեն հեղինակություն եւ փորձում են մանր-մունր, միջին տարիքի երիտասարդներով լուծել ինչ-որ խնդիրներ: Դուխով տղե՞ք եք՝ մտածե՛ք, թե կռիվն ինչի՞ համար եք անում: Տղամարդը կռվից չի վախենա: Բայց տղամարդը կաշխատի կռիվ չանել: (…) Իրենք էլ գիտեն, որ արդար ընտրություններում չեն հաղթելու՝ հետեւաբար սարքում են նման բաներ: Իսկ մենք թույլ չե՛նք տալու խախտել ընտրությունները»: Հանրահավաքի ժամանակ, որ ավարտվեց 15:30-ին, չեղան միջադեպեր ու պահպանվեց կարգուկանոն: Սակայն ժամը 21:00-ի «Հայլուրի» թողարկման ժամանակ հայտարարվեց, թե ժամը 17:30-18:00-ի սահմաններում հանրահավաքի մի խումբ մասնակիցներ հարձակվել են Արարատ քաղաքում եւ Արարատ գյուղում ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» տարածքային գրասենյակների վրա եւ ավերել դրանք: Նաեւ, որ հարուցված է քրեական գործ: Հավելենք մանրամասներ ՕԵ հայտարարությունից. «Ջարդուփշուր է արվել կայքը, սպառնալիքներ են հնչել կուսակցության հասցեին»: Կատարվածի առնչությամբ նախագահի թեկնածու Արամ Զ. Սարգսյանի մամուլի քարտուղար Սուրեն Սուրենյանցի մեկնաբանությունն էր. «Միանշանակ է, որ հանրահավաքի մասնակիցները կապ չունեն այդ միջադեպերի հետ: Սակայն տպավորություն կա, որ իշխանությունները փորձում են տեղի ունեցածը որպես պատրվակ օգտագործել ընդդիմությանը մեղադրելու համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել