Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳԱՑԵՔ ՈՒՂՏԻ ԵՎ «ՎՈԼԳԱՅԻ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 08,2003 00:00

ԶԳԱՑԵՔ ՈՒՂՏԻ ԵՎ «ՎՈԼԳԱՅԻ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Դատելով մեր պոտենցիալ նախագահների ելույթներից, նրանք ավելի շատ միամիտ-դյուրահավատ երեխայի կեցվածք ունեն, քան հեռատես ու նաեւ կանխատեսող քաղաքական գործչի։ Սա թող վիրավորանք չհամարվի. ես կփորձեմ ասածս հիմնավորել փաստերով։ Բոլոր թեկնածուներն էլ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, իրար հերթ չտալով ու ընդմիջելով ասում էին, թե այսինչը գնաց Մոսկվա «նախագահ դառնալու դաբրո ստանալու»։ Ասենք թե։ Բայց կա նաեւ ԱՄՆ (որ ոչ պակաս հզոր գերտերություն է ու Հայաստանում իր շահերն ունի), որ իր դեսպանի շուրթերով հայտարարել է, թե չի ընդունի ընտրությունների արդյունքները, եթե խախտումներն ու կեղծիքներն անցնեն 5%-ից։ Ասենք թե։ Զարմանալին այն ոգեւորությունն է, որով այս մասին բարձրաձայնում են թեկնածուները։ Մի՞թե բացառվում է ԱՄՆ-ի «դաբրոյով» նախագահ դառնալու Քոչարյանի մտադրության հավանականությունը։ Իսկ եթե Քոչարյանը ծեծ ու ջարդով, զենք-զրահով, կեղծիք-խախտումներով դառնա նախագահ, ԱՄՆ-ն էլ ընդունի նրան, ինչ եք անելու։ Նույն ոգեւորությամբ համաձայնելու եք, որ խախտումները 5%-ից չեն անցել։ Թեկնածուներից մեկն ասում էր, որ երկրին երկրի տեղ են դնում, եթե այն հզոր է՝ անկախ աշխարհագրական չափերից։ Հերիք չի՞ նեղվեք մեր չափերից ու անտեսեք-արհամարհեք մեր հզորությունը, հերիք չի՞ դրսից տղա բերեք մեր վրա։ Չեմ հիշում որտեղ եմ կարդացել, բայց միայն ԽՍՀՄ-ն էր, որ Միջին Ասիայի անապատներում ուղտով երթեւեկողներին նստեցնում էր «Վոլգա» ու հավատում-հայտարարում, որ նա զարգացավ։ Այդպես չի լինում, եւ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն նման բան չեն անի, անգամ եթե 5%-անոց հայտարարություն անեն։ Ուղտով երթեւեկողները(ս) պիտի գիտակցեն, որ «Վոլգան» ուղտից անհամեմատ նախընտրելի է կամ, որ հասարակության կամքը հաշվի առնելը այն արհամարհելուց ու կեղծել-պղծելուց անհամեմատ շահեկան է… Այ, երբ «Վոլգա» քշենք, կապրենք ու յոլա կգնանք առանց ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի 5% թնդությամբ հայտարարություններով ոգեւորվելու։ Ասենք, նրանք էլ նման հայտարարություններ չեն անի։ Դրանք պարզապես իմաստ չեն ունենա։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել