Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վճռական ժամանակաշրջան

Փետրվար 08,2003 00:00

Վճռական ժամանակաշրջան «Ընտրական խախտումների դեպքում օրենք չկիրառելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ այնպիսի տպավորություն, որ կարելի է կեղծիքներ կատարել առանց պատժվելու»,- ասված է ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ նոյեմբեր ամսին ՀՀ-ում նախընտրական իրավիճակն ուսումնասիրող միջազգային պատվիրակության հայտարարության մեջ։ Նման եզրահանգման եկել են՝ ուսումնասիրելով Հայաստանում կայացած բոլոր ընտրությունների ընթացքում իրականացված խախտումները։ Այս եւ մի շարք խնդիրների կարգավորման վերաբերյալ պատվիրակությունն առաջարկություններ է ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ ակնկալելով նրանց արձագանքը, սակայն որեւէ մեկի կողմից այդպես էլ պատասխան չեն ստացել։ Պատվիրակներն առաջարկել են. «ՀՀ նախագահի, վարչապետի եւ բոլոր նախարարների կողմից պետք է կատարվեն պետական իշխանությունների կողմից քաղաքական չեզոքության խստագույն պահպանման եւ խախտողներին պատասխանատվության ենթարկելու մասին հրապարակային խիստ հայտարարություններ։ Խախտումներ տեղի ունենալու դեպքում՝ խախտողները պետք է պատժվեն»։ Սա նաեւ եվրոպական չափանիշներով ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու կարեւորագույն պահանջներից մեկն է, ինչի անտեսման դեպքում, ինչպես նշված է փաստաթղթում, կարող է վտանգվել Հայաստանի ժողովրդավարական զարգացումը։ Սակայն նախընտրական քարոզարշավի այս փուլում արդեն ակնհայտ են նման բազում խախտումներ, որոնք մնացել են անպատիժ, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլեւս, ըստ փաստաթղթի պահանջների, զրկված է ժողովրդավարական երկիր կոչվելու իրավունքից։ Հաջորդ մտավախությունը, որն արժանացել է պատվիրակության ուշադրությանը, եթեր հեռարձակվող «պետական լրատվամիջոցներում անկողմնակալության բացակայությունն է»։ «Անհանգստության տեղիք է տալիս այն, որ միակ լավ հաստատված մասնավոր հեռուստատեսային ալիքը՝ «Ա1+»-ը, վերջերս կայացած մրցույթի արդյունքում կորցրեց հեռարձակման լիցենզիան, որտեղ հաճախականությունը շնորհվեց նոր կազմակերպության։ «Ա1+»-ն ուներ կազմավորված արհեստավարժ աշխատակազմ եւ լայնորեն դիտվում էր որպես ճշգրիտ նորություններ հաղորդող եւ քաղաքական ընդդիմությանը, ինչպես նաեւ կառավարությանը եթեր տրամադրող հեռուստաալիք»։ Բերված է նաեւ «Նոյյան Տապանի» օրինակը, եւ եզրակացրել են, որ այսպիսի զարգացումները մտահոգության տեղիք են տալիս, քանի որ եթեր հեռարձակվող լրատվամիջոցների բազմակարծությունը սահմանափակվել է 2003թ. ընտրությունների շեմին։ Ընդսմին, պատվիրակությունն առաջարկել է այս ժամանակահատվածում լրատվամիջոցների բազմակարծությունն ապահովելու նպատակով հեռարձակման լիցենզիաների համար մրցույթները կազմակերպել «արագ կերպով» եւ ոչ մի «խտրականություն չպետք է կիրառվի ընդդիմությունը լուսաբանող դիմորդների նկատմամբ»։ Պատվիրակությունը նաեւ շեշտել է պետական մարմինների եւ նրանց աշխատակիցների կողմից ընտրություններին ակտիվորեն քարոզչություն տանելու մասին՝ միաժամանակ նշելով, որ նրանք օգտագործում են պետական միջոցները հօգուտ իշխանության թեկնածուի։ «Չնայած դժվար է ապացուցել, թե ինչպես կարող են պետական միջոցներն օգտագործվել որոշակի մրցակիցների ընտրական առավելությունն ապահովելու նպատակով, սակայն ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելության դիտորդները նշում են, որ տեղական իշխանությունները կազմակերպում էին ժողովներ եւ պետական ծառայողներին այդպիսի ժողովներին մասնակցելու հրահանգ էին տալիս։ Այլ խոսքերով, այդ անձինք իրենց պաշտոնը եւ պետական միջոցներն օգտագործում էին ընտրության արդյունքների վրա ներազդելու նպատակով»,- արձանագրված է հաշվետվության մեջ։ Ամփոփենք։ Պատվիրակության արձանագրումներն ու դրանց վերաբերյալ առաջարկություններն այդպես էլ մնացել են չկիրառված։ Այն մրցույթը, որտեղ «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին հնարավորություն կընձեռվեր այս ընթացքում կապուղի ձեռք բերել, հետաձգվեց, իսկ «արագ կերպով» մրցույթ կազմակերպելու մասին պահանջը մնաց օդում կախված։ Այնուամենայնիվ, պատվիրակությունը նշել է, որ ընտրությունների ընթացքը որոշիչ է լինելու Հայաստանի համար եւ դրանով պարզ կդառնա՝ «երկիրը գնալու է դեպի ժողովրդավարական առաջընթա՞ց, թե՞ լճացում»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել