ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ Վերջին տասնամյակում Վայոց ձորի համայնքային գրադարաններից եւ ոչ մեկը նոր գրքերով չի համալրվել։ Մարզպետարանի մշակույթի գծով գլխավոր մասնագետ Մելս Բաբայանը այս ամենը բացատրում է համայնքների սնանկությամբ։ «Գյուղապետարանները միջոցներ չունեն, որպեսզի նոր գրականություն ձեռք բերեն, անգամ չեն կարողանում վերանորոգել մշակույթի օջախները, որոնցում տեղակայված են գրադարանները։ Մարզպետարանն էլ հնարավորություն չունի նրանց օգնելու»,- ասում է նա։ Խաչիկի գյուղական գրադարանն էլ չի փայլում իր հարմարություններով։ Այն տեղակայված է գյուղի մշակույթի տան 2-րդ հարկում եւ խարխուլ առաստաղի պատճառով մերթ հայտնվում է կաթիլքի տակ, մերթ՝ կեղտի ու փոշու մեջ։ Գրադարանի վարիչ Հայրապետ Պետրոսյանի կարծիքով, սենյակը, որ տրամադրված է գրադարանին, անհապաղ վերանորոգման կարիք ունի։ Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գրադարանը, ըստ նրա, պիտի տեղափոխվի գոնե առաջին հարկ, որտեղ նախկինում գործում էր։ Խաչիկի գյուղական գրադարան հաճախողներին վերջին տարիներին մատների վրա կարելի է հաշվել։ Ոչ այն պատճառով, որ անհրաժեշտ գրականությամբ ապահովված չէ, այլ այն, որ ընթերցողները ոտքից գլուխ փոշոտվում են։ Գրադարանի եւ, ընդհանրապես, գյուղի մշակույթի տան խնդիրների վերաբերյալ փորձեցինք զրուցել նաեւ Խաչիկի գյուղապետ Վաչագան Պողոսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ բազմիցս դիմել են տարբեր ատյաններ՝ մշակույթի տունը վերանորոգելու խնդրանքով։ Սակայն դիմումները մինչ օրս անարձագանք են մնացել, իսկ մշակույթի տունը՝ կիսավեր ու հարմարություններից զուրկ։ Այստեղ վաղուց չեն գործում խմբակներ, դահլիճն ու բեմը զուրկ են անգամ ամենատարրական սարքավորումներից, աշխատողները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում։ Ճիշտ է, երբեմն-երբեմն երիտասարդությունը տարբեր առիթներով ինչ-ինչ միջոցառումներ է կազմակերպում։ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ