Գիշերային վանդալիզմ Փետրվարի 4-ի գիշերվա ժամը 1:45-ին, Աբովյան 21 հասցեում գտնվող «Ոսկե մարգարիտ» խանութի ապակիները կոտրվեցին։ Դեպքի վայր հասած (ժամը 2:15-ին) ՆԳԲ աշխատակիցները տեղատեսություն կատարեցին՝ իրենց հետ տանելով իրեղեն ապացույցները։ Ահազանգը ստանալուն պես շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե նախընտրական քարոզարշավի հետ կապ ունի կատարվածը, որ հավանաբար խանութի տերը հրաժարվել է կպցնել թեկնածուներից որեւէ մեկի նախընտրելի պատկերը, ինչի արդյունքում հակառակորդ կողմը դիմել է նմանօրինակ քայլի։ Լինելով տեղում, մենք պարզեցինք հետեւյալը։ Այդ ժամին խանութի ներսում է գտնվել պահակը։ Նա հեռուստացույց էր դիտում եւ, բարեբախտաբար, ճակատագրական 4 սալիկներից որեւէ մեկը չի դիպչել պահակին։ Խանութը ողողված էր ապակու մանր կտորներով եւ, ըստ նախնական հաշվարկների («Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Դանիելյանի կողմից արված), խանութին հասցվել է 560 հազար դրամի վնաս։ Դիտելով քարերի նետման ուղղությունները, կարող ենք ենթադրել, որ վանդալիզմին մասնակցել են մի քանի հոգի։ Տարօրինակ լռություն է ցուցաբերել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ պարոն Ցոլակյանը, որին դեռ հունվարի 21-ին հեռագրեր էր ուղարկել ՍՊԸ-ի տնօրենը։ Հեռագրում մասնավորապես գրված էր. «Ձեզ համար այս կարեւոր պահերին ոմն, ներկայանալով որպես կառավարության աշխատակից եւ չարաշահելով ՀՀ նախագահի բարձր անունը, բավական չէ, հաշվի չառնելով շենքի բնակիչների եւ ջրմուղ-կոյուղու վարչության բողոքները, ճնշում գործադրելով դատական մարմինների վրա, երեք հայց է ներկայացրել (առաջինը 10 հազար, 2-րդը՝ 20 հազար, 3-րդը՝ 24 հազար ԱՄՆ դոլարի չափով)՝ իբրեւ իմ կողմից պատճառված վնասի հատուցում։ Նա ցանկանում է ինձնից խլել խանութը։ Բազմիցս զանգել եմ Ձեր վստահության հեռախոսով, սակայն ոչ մի արդյունք»։ Հեռագիրն ավարտվում է «խնդրում եմ Ձեր օգնությունը» տողով։ Այդ երկարաշունչ հեռագիրը շատ խոսուն է վտանգի զգացողության առումով։ Սակայն ոչ մի պատասխան չի ստացվում։ ՀՀ նախագահին ուղղված Աբովյան 21 շենքի բնակիչների դիմումը դարձյալ մատնվում է անուշադրության, թեեւ նրանում ակնարկվում էր տարածքում ապրողների անվտանգության մասին. «Շենքի տակ եղած դեպի Աբովյան փողոց բնակիչներին սպասարկող կամարանցման տարածքը հատկացվել է մեկին, որը ոչ մի կապ չի ունեցել Կենտրոն համայնքի եւ մեր շենքի հետ։ Բանն այն է, որ այդ կամարանցումը ծառայում էր շենքի բնակիչների՝ դեպի Աբովյան փողոց ելնող միակ հետիոտն ճանապարհ, որով մենք ապահով էինք երեխաների եւ ծերերի անվտանգության համար, իսկ մյուսով անցնում էր շենքը սնուցող ջրատարը ու վթարի դեպքում մենք զրկվում ենք այն շուտափույթ վերանորոգելու հնարավորությունից։ Բացի այդ, տարերային աղետների, հրդեհների դեպքերում մենք ի վիճակի չենք լինելու արագ բակից դուրս գալ։ Այդ կամարանցումը համարվում է համատիրության սեփականություն եւ խախտված են 150 բնակարան ունեցող բակի բնակիչների իրավունքները։ Ինչու ենք կանգ առնում այս վեճի վրա, որովհետեւ վարկածներից մեկն այն էր, որ խանութը բռնարարքի է ենթարկվել մյուս կողմի պատճառով»։ Երեկ մենք ճշտեցինք, որ դատական վարույթում է գտնվում այս գործը եւ, բնականաբար, այլ մանրամասներ իմանալու դեպքում կտեղեկացնենք։ Ռ. Մ.