Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 07,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ֆետիսովը սպորտի ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրեցին։ Ինչպես նշված է փաստաթղթում, կողմերն այն ստորագրել են՝ որպես հիմք ընդունելով երկու ժողովուրդների համագործակցությունն ամրապնդելու սկզբունքները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետության վրա։ Փաստաթուղթը կազմված է 8 կետից, որոնցում մասնավորապես նշված է. Հոդված 1. Կողմերը փորձի փոխանակման եւ փոխօգնության նպատակով կկազմակերպեն մարզիչների երկարաժամկետ գործուղումներ։ Հոդված 2. Կողմերը ըստ մարզաձեւերի, ազգային հավաքականների մակարդակով փոխայցելություններով կկազմակերպեն ընկերական հանդիպումներ։ Հոդված 3. Կողմերը անհրաժեշտության դեպքում կքննարկեն ու կնպաստեն ՀՀ-ի եւ ՌԴ-ի մարզական բուհերում մարզիկների ուսումնառությանը։ Հոդված 4. Կողմերը փորձի փոխանակման նպատակով կկազմակերպեն մարզիչների ու մարզական աշխատողների համատեղ կոնֆերանսներ եւ սեմինար-խորհրդակցություններ՝ դրանցում ներգրավելով երկու երկրների առաջատար մասնագետներին։ Հոդված 5. Կողմերը կնպաստեն եւ կխրախուսեն երկու երկրներում անցկացվող միջազգային ու բաց առաջնություններին մարզիկների փոխադարձաբար մասնակցությունը։ Հոդված 6. Կողմերը կնպաստեն մարզական գիտության, ֆիզիկական դաստիարակության եւ մարզական բժշկության բնագավառներում տեղեկությունների փոխադարձ փոխանցմանը։ Հոդված 7. Կողմերը կնպաստեն հետեւյալ հարցերը լուծելու նպատակով միջպետական հանձնաժողովի շրջանակում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի աշխատանքային խումբ ստեղծելուն։ 1. Ծաղկաձոր քաղաքում մարզական գլխավոր բազայի շահագործում։ 2. Ըստ պայմանավորվածության, տարբեր մարզաձեւերից ուսումնամարզական հավաքներ անցկացնելու նպատակով մարզական պատվիրակությունների հնարավոր փոխանակում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Ռուսաստանի հետ երբեմնի մարզական սերտ համագործակցությունը վերահաստատելու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում եւ այդ մասին շատ է ասվել։ Դրանում կարեւորագույն դեր ունի Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր բազան, որտեղ տասնամյակներ շարունակ շուրջտարի ուսումնամարզական հավաքներ են կազմակերպել կարեւորագույն մարզական մեկնարկներին նախապատրաստվող՝ ինչպես Խորհրդային Հայաստանի, այնպես էլ ԽՍՀՄ ու արտասահմանյան երկրների ազգային եւ օլիմպիական հավաքականները։ Մտադիր ենք այս պայմանագրի եւ Հայաստան-Ռուսաստան մարզական համագործակցությանն առնչվող այլ մանրամասներին անդրադառնալ թերթի առաջիկա համարներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել