Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ

Փետրվար 07,2003 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ Լավ է ուշ, քան՝ երբեք «Այսօր ամենուր եկեղեցիներ են կառուցում, բայց գիտե՞ք, թե ի՞նչ փողերով, ինչպիսի՞ ձեռքերով են կառուցվում այդ եկեղեցիները։ Իսկ այդ կառուցողներն էլ նմանատիպ գործեր են անում զուտ պատմության մեջ մտնելու, հիշվելու համար»,- ասում է բանկային համակարգի անվտանգության ծառայության նախկին պետ, այժմ արդեն ՀՀ ժողովրդական վարպետ Հրաչ Հարոյանը։ Վերջինս գտնում է, որ «թե եկեղեցիներ կառուցողները, թե մեզնից շատերը մոռացել են Աստծո եւ ընդհանրապես աստվածշնչյան տասը պատվիրանների մասին»։ Իսկ ինքը թեեւ խուսափում է բարձրաձայն խոստովանել, բայց գիտի, որ այն, ինչով այժմ զբաղվում է, Աստծո կողմից է շնորհված, այլապես ձեռքից բաց չէր թողնի պաշտոնն ու աթոռը, որին այսօր ձգտում է յուրաքանչյուրը։ Բարձրագույն կրթությունը ստանալով Մոսկվայում, վերադարձել է Հայաստան, զբաղեցրել պաշտոններ։ Իսկ 1998-ի մի օր, առավոտյան արթնացել է, հրաժարվել անվտանգության ծառայության պետի իր զբաղեցրած պաշտոնից եւ սկսել է զբաղվել խաչեր ու մանրակերտեր պատրաստելով, բայց մինչ այդ, իր հավաստմամբ, «մեխ խփել անգամ չի կարողացել եւ իրենց տան մեխերը խփել է իր վարորդը»։ Այսօր նա արդեն խաչեր, ինքնատիպ մանրակերտեր, զարդաքանդակներ կերտող պրոֆեսիոնալ վարպետ է, որը իր ստեղծագործական գործունեության չորս տարվա ընթացքում ունեցել է երեք անհատական ցուցահանդես, իսկ 2000-ին արժանացել Հայաստանի ժողովրդական վարպետի կոչման։ Նրա ընդհանուր գործերի թիվը մոտ ութսուն է, իսկ բոլոր խաչերը 2002-ի դեկտեմբերի 18-ին օծվեցին Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցում։ Մեկ խաչ պատրաստելու համար Հրաչ Հարոյանը ծախսում է ութսուն դոլար, իսկ մանրակերտերի գների մասին չցանկացավ անգամ խոսել, միայն հայտնեց, որ «ինքը մանրակերտեր է պատրաստում նաեւ իր սիրած մարդկանց անուններով՝ հիմք ընդունելով նրանց բնավորության գծերը»։ Պարզվում է, որ այդ սիրելի մարդկանց ցանկում են Լեդի Դիանան, Բորիս Ելցինը, Վլադիմիր Պուտինը։ Ի դեպ, Ելցինի ու Պուտինի անունով մանրակերտերը Հարոյանը մտադիր է նվիրել անվանատերերին։ Հ. Հարոյանը, չգիտես ինչու, Հայաստանի փրկությունը կապում է Ռուսաստանի հետ. «Եթե Ռուսաստանը ոտքի չկանգնի, մենք կորած ու կորած ենք, քանզի մեր շանսը ՌԴ-ն է»։ Հետաքրքիր է, որ նա մեր քաղաքական գործիչներից որեւէ մեկի անունով մանրակերտ մինչ օրս չի պատրաստել։ Շատերին չհարգելու հիմքեր էլ վարպետն ունի, քանզի պետության կողմից չի արժանանում համապատասխան ուշադրության եւ անգամ արվեստանոց չունի, մինչդեռ թե՛ արվեստանոց, թե՛ կլորիկ գումարներ եւ թե՛ ապահով կյանք են խոստանում արտասահմանյան մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, սակայն նա մտադիր է աշխատել միայն ու միայն Հայաստանում։ Իսկ այդ երկրներում բազմիցս ծանոթ են նրա աշխատանքներին, ուստի առաջիկայում մի շարք երկրներում կբացվեն նրա ցուցահանդեսները։ Ինքը ոչինչ չի ասում, սակայն ընկերը՝ Սերգեյ Ավագյանը, հավատացնում է, որ «Հրաչի գործերը սփռված են ամենուր, նրա մասին հաղորդումներ են ցուցադրել ռուսական OPT, «Կուլտուրա» հեռուստաալիքները»։ Պարոն Հարոյանն էլ ասաց, որ «Հայաստանում այնպիսի կուսակցություն չկա, որ ինձ խնդրած չլինի իր անդամը դառնալ, բայց մերժել եմ»։ Զարմանում է, որ ժամանակին Լենինի արձանը հանելուց հետո քանդեցին նաեւ արձանի պատվանդանը, իսկ ինքը գտնում է, որ «այդ պատվանդանի վրա կարելի էր մի գեղեցիկ խաչ տեղադրել, մինչդեռ խաչի փոխարեն, տարիներ անց, Կասկադին հարող տարածքում տեղադրեցին եգիպտական կատուն»։ Ինչեւէ, Հրաչ Հարոյանը արտերկրում իրականացնելիք մեծ ծրագրեր ունի, բայց ամենագլխավոր ու մի աննախադեպ ծրագրի մասին չցանկացավ խոսել, պարզաբանելով, որ «գործից առաջ եթե խոսում ես, ապա գործիդ խփողներ միշտ էլ հայտնվում են»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել