Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա պլանավորված քցում էր»

Փետրվար 07,2003 00:00

«Սա պլանավորված քցում էր» Գյումրիի Մսի-պահածոների կոմբինատի կոլեկտիվը թերթին հասցեագրած նամակում այսպես է բնորոշել ՀԿԿ Գյումրիի կուսքաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի արարքը, ինչի հետեւանքով կոմբինատը կանգնել է լուծարման փաստի առջեւ։ Ըստ ներկայացվածի, ոմն Արա Կիրակոսյան 2001 թվականի օգոստոսին դիմել է Մսի-պահածոների կոմբինատ (ԲԲԸ)՝ ընկերության արտադրած տավարի մսի պահածոներն իրացնելու առաջարկով։ Քաղաքացին մերժվել է «ճանաչում չունենալու պատճառով», բայց չի հուսահատվել։ Մի քանի օր անց, ըստ նամակի, նա կրկին հայտնվել է վերոհիշյալ Գ. Մանուկյանի հետ։ Վերջինս Ա. Կիրակոսյանին երաշխավորել է ու ներկայացրել որպես «Լա-Վէ» ՍՊԸ-ի տնօրեն, հավաստիացրել, որ նա կարագացնի դեռ չիրացված շուրջ 14,4 միլիոն դրամի պահածոները։ Ընկերության կոմունիստ ղեկավարությունն էլ կասկած չի ունեցել՝ երաշխավորողը բարձրաստիճան կուսակից ընկերն էր եւ Գյումրիից ԱԺ պատգամավորը։ Կնքված պայմանագրով ընկերության գումարը պետք է վճարվեր մեկ ամսից, բայց ամիսը տարի է դառնում, իսկ ճարպիկ «գործարարը» զանազան պատճառաբանություններով հետաձգում է վճարումը։ 2002-ի փետրվարին, Արա Կիրակոսյանի դեմ սպանության փորձից հետո, ընկերության ղեկավարները հետաքրքրվել եւ պարզել են, որ Ա. Կիրակոսյանը բոլորովին էլ «Լա-ՎԷ»-ի հետ ոչ մի կապ չունի ու տնօրենը չէ, թեպետ օգտվել է ՍՊԸ-ի կլոր կնիքից։ «Ընթերցողին կհետաքրքրի, թե ի՞նչ եղավ «Գագիկ Մանուկյան» երաշխավորը. «նա իրեն ապահովագրող երեք նամակներ ուղարկեց ՀՀ ՆԳ, դատախազություն, հարկային տեսչության ղեկավարներին եւ անցավ ընդհատակ»,- տեղեկանում ենք գրությունից։ Կոմբինատի ղեկավարությունը դիմել է կուսակցության «ծայրագույն» ղեկավար, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Վլադիմիր Դարբինյանին։ Նա եկել է, վստահեցրել, որ կաջակցի ու գնացել։ «Ցավով ենք նշում, բայց փաստ է, որ Վ. Դարբինյանի այցելությունը մեր կոմբինատ ոչ կառուցողական, անպտուղ այց էր, պարզապես՝ ժամանակախաղ»,- այցը բնութագրում են կուսակից ընկերները։ «Իսկ ի՞նչ պիտի անեի դատախազություն դիմելուց բացի,- բողոքը պարզաբանեց ընկեր Դարբինյանը։- Մի ինչ-որ բիզնեսմեն մոլորեցրել է բոլորին, գործը դատական գործ է, Գագիկ Մանուկյանն էլ է դիմել դատախազություն, որպես ԱԺ պատգամավոր, ես էլ, կքննեն -կպարզեն»։ Իսկ որ, թեկուզեւ՝ ակամա, կուսակցական առաջնորդի պատճառով մի ամբողջ ընկերություն լուծարվում է, դա ոչի՞նչ. «Լուծարման պատճառը ոչ Գագիկն է, ոչ էլ Արայիկը, ինչքա՞ն ձեռնարկություն փակվեց աղետի գոտում, սա էլ դրանց պես»,- պատասխանեց ՀԿԿ առաջնորդը։ Այդ դեպքում պատասխան չունենք նամակագրի հարցին, թե «ի՞նչ անեն շարքային այն կուսակցականները, որոնք իրենց կուսակցական պատկանելության ընտրությունը կատարում են ոչ թե գաղափարախոսությամբ, այլ՝ հավատալով կուսակցական լիդերներին»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել