ԹԱՂԱՊԵՏԸ ՓՈՂՈՑ Է ՆԵՏԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել է փողոցում: Պարոն Յայլոյանից ամիսներ շարունակ որեւէ պարզաբանում ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Փոխարենը` մի քանի ամիս առաջ Արաբկիր համայնքի տարբեր վայրերում նախընտրական պաստառներից պարոն Յայլոյանը ժպտում էր` ցանկանալով վերընտրվել թաղապետի պաշտոնում: Հեռուստատեսային նախընտրական հաղորդումներում նա խոսում էր իր կատարած բարեգործությունների մասին ու տալիս բազում խոստումներ: 1989 թվականին երեք տարեկան Բադալ Հարությունյանը հոր եւ տատի հետ բռնագաղթել է Բաքվից: Փախստականների կոմիտեում որպես փախստականներ հաշվառելուց հետո նրանց հատկացրին Բաղրամյան 50 շենքի նկուղային հարկի ոչ բնակելի տարածքը: Այստեղ է անցել Բադալի մանկությունը: Ութերորդ դասարանը նա ավարտել է գերազանց գնահատականներով: Բայց ստիպված էր թողնել դպրոցը: 2001 թ. թաղապետարանի Լեւոն անունով աշխատակիցը (Բադալը հիշում է միայն նրա անունը) խոստացավ Բադալենց նոր բնակարան հատկացնել Աղբյուր Սերոբի 43 շենքից: «2001 թ. թաղապետարանից եկավ էդ Լեւոնը եւ ասաց, որ տուն կա, եթե համաձայն եք, փոխեք: Հայրս համաձայնեց: Շատ վատն էր, սրանից ավելի վատն էր, ու հարեւաններն ինձ ասել էին, որ տունը օրինական մերը չի լինելու: Դրա համար ես իրենց ոչ մի փաստաթուղթ չտվեցի, որպեսզի իմ տունը հետ վերցնեմ: Ինձ ինչ172որ փաստաթուղթ էին տալիս, որ ստորագրեմ, չէի ստորագրում»,- պատմում է Բադալը: Լեւոնի հորդորներով եւ անմիջական օգնությամբ նրանք, այնուամենայնիվ, տեղափոխվեցին վերոնշյալ շենքի առաջին հարկի բնակարանը: Մեկ ամսվա ընթացքում այս նոր տանը մահացան Բադալի տատն ու հայրը: 14-ամյա տղան մնաց միայնակ: Շուտով պարզվեց, որ բնակարանը տեր ունի, որը Բադալից պահանջեց ազատել այն: «Բադալին զոռով բերել172մտցրել են, Լեւոնն ա բերել: Լեւոնն ասաց, որ մի ամիս հետո կտեղափոխենք: Լեւոնը հույս ուներ, որ Բադալենց տները կվերցնի կամ կծախի, կամ ինքը կապրի: Նա թողեց իրենց ու գնաց»,- պատմում է Աղբյուր Սերոբի 43 շենքի բնակիչ Արմիկ Մինասյանը: Բադալը ստիպված վաճառեց տան կահկարասին, դուրս եկավ բնակարանից: Մեկ ամիս ապրեց հոր ծանոթներից մեկի տանը: Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) նրան օգնեց ընդունվել Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ, տեղավորվել Զեյթունի հանրակացարանում: ՀՕՖ-ը նրան ամիսը 10 հազար դրամ օգնություն էր ցուցաբերում: Բադալը չէր հասցնում վճարել հոսանքի փողը, սննդին բան չէր մնում: Սկսեց աշխատել, մեքենա լվանալ: Դասերին չէր հասցնում մասնակցել, ՀՕՖ-ն էլ տեսնելով, որ տղան դասերից բացակայում է, դադարեցրեց իր դրամական օգնությունը: Այս ամբողջ ընթացքում` մեկուկես տարի շարունակ, Բադալն անընդհատ գնում է թաղապետարան, որպեսզի «իրենց հին տան բանալին վերցնի», սակայն նրան չեն տալիս, ասելով` «գնա, մի քանի օրից կգաս»: Պարոն Յայլոյանին հղած նամակում մենք փորձել էինք պարզել, թե ո՞ւմ է հատկացվել Բաղրամյան 50 շենքի նկուղային հարկի բնակարանը, ո՞վ է եղել Լեւոն անունով թաղապետարանի աշխատակիցը: Ու՞մ է վաճառել թաղապետն այդ տարածքը: Այսօր Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆ.Յայլոյանի նկատմամբ, ըստ մեր ունեցած տվյալների, քրեական գործեր են հարուցված համայնքում ապօրինի հողատարածքներ հատկացնելու համար: Այնպես որ, Բադալի այս պատմությունը թաղապետի միակ անօրինականությունը չէ: Այսօր էլ Բադալենց հին տան դուռը փակ է: Հարեւաններն ասում են, որ ինչ-որ մարդիկ են գալիս-գնում, ասում են` «օֆիս պիտի բացեն»: Բադալն իր խնդրով դիմել է նաեւ Միգրացիայի եւ փախստականների վարչություն: Այստեղ նրա համար դատարան դիմելու հայց են կազմել: Սրանով Միգրացիայի վարչությունն ավարտել է իր գործառույթը: Իսկ երբ Բադալը վարչությանը դիմել է անձնագիր ստանալու համար, նրանից պահանջել են թաղապետարանից բերել գրանցման մասին փաստաթուղթ: Հիմա էլ Բադալն աշխատում է ավտոլվացման մասնավոր կայանում. մեքենաներ, գորգեր է լվանում: Կայանի տերը` Արթուր Իսկանդարյանը, տղային նաեւ կացարան է հատկացրել: Վաստակած փողերը Բադալը հավաքում է, որպեսզի ընդունվի բժշկական ինստիտուտ: Եթե չլիներ Արթուրը, Բադալը, հնարավոր է, այսօր լիներ ուղղիչ որեւէ հաստատությունում: Փողոցում հայտնված նրա տարիքի երեխաներն, ի վերջո, բռնում են հանցագործության ճանապարհը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am