Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 07,2003 00:00

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այդպիսիք կլինեն արտերկրում կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունները, որոնց առնչությամբ մեր հարցադրումներին պատասխանում է ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը – Ասացեք խնդրեմ, ՀՀ ԱԳՆ-ն որքանո՞վ է մասնակից լինելու ՀՀ նախագահի ընտրական գործընթացներին, եթե նկատի առնենք, որ դրսում գտնվող մեր հայրենակիցների գոնե մի մասը մասնակցելու է այս ընտրություններին: – ԱԳՆ-ն ընտրական գործընթացներին կմասնակցի միայն այնքանով, որքանով սահմանված է ՀՀ օրենսդրությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում դիվանագիտական եւ հյուպատոսական բոլոր ներկայացուցչություններում բացվել են ընտրատեղամասեր, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին եւ քվեարկել: Բոլոր այն դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում, որտեղ ընտրատեղամասեր կան, հանձնաժողովները կազմվում են եւ ընտրություններն ընթանալու են նույն կարգով՝ ինչ մեր երկրում: Իհարկե, որոշակի առանձնահատկություններ, այնուամենայնիվ, կան, բայց ընդհանուր առմամբ, Օրենսդրությունը գործելու է ճիշտ այնպես՝ ինչպես ՀՀ-ում: Աշխարհի 34 քաղաքում մենք կունենանք 36 ընտրատեղամաս, որովհետեւ երկու քաղաքներում՝ Լոս Անջելես եւ Մոսկվա, կգործեն երկուական ընտրատեղամասեր՝ հաշվի առնելով այնտեղ մեր քաղաքացիների բնակության խտությունը: Լոս Անջելեսում մենք ունենք 7000-ից ավելի մշտական հաշվառման կանգնած, բայց նրանք ամբողջ արեւմտյան ափն են ծածկում՝ Վաշինգթոն նահանգից մինչեւ Կալիֆոռնիա նահանգ: Ակնկալել, որ մարդիկ Կալիֆոռնիայից վեց ժամ կարող են թռնել եւ գալ, Լոս Անջելեսում մասնակցել քվեարկություններին՝ ռեալ չէ: Այդ պատճառով երկու տեղամաս է բացված՝ ակնկալելով, որ մեր հայրենակիցների գոնե կեսը, ովքեր մոտ շրջաններում են գտնվում եւ ցանկություն կունենան իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, ընտրելու հնարավորություն ունենան՝ առանց որեւէ խոչընդոտի: Բայց հայաշատ վայրերի հեռավորությունը կարող է խոչընդոտներ հարուցել ընտրությունների մասնակցության հարցում՝ հաշվի առնելով նաեւ նախորդ տարիների փորձը: Այդուհանդերձ, ցուցակագրման գործընթացը կօգնի նաեւ ճշգրտել ակնկալվող մասնակիցների թիվը եւ, եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ տեղամասի բացման խնդիրը կդրվի՝ արդեն ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելուց հետո: – Ճշտվա՞ծ է արդյոք, թե ՀՀ քանի քաղաքացի է մասնակցելու առաջիկա ընտրություններին: – Ընտրություններին մասնակցող մեր քաղաքացիների թվաքանակի մասին ճշգրիտ պատկերացում կարող ենք կազմել միայն մշտական կամ ժամանակավոր հաշվառման կանգնած քաղաքացիների թվաքանակից ելնելով: Բայց այստեղ եւս ճշգրտումներ են պետք: Ըստ օրենքի, արտերկրում էլ, յուրաքանչյուր տեղամասում, կարող է քվեարկել ոչ ավելի, քան 2000 մարդ: Օրինակ, ԱՊՀ տարածքում հաշվառում չի իրականացվում: Ու թեեւ գիտենք, որ մասնավորապես Մոսկվայում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր իրավունք եւ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին, բայց կոնկրետ թվեր, թե որքանը կմասնակցեն ընտրություններին՝ առայժմ ճշգրտված չեն: Այդ նպատակով՝ քաղաքներում կատարվում է մեր քաղաքացիների հայտերի ներկայացում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու եւ ընտրություններին մասնակցելու համար: Նրանք կարող են զանգել, ֆաքս ուղարկել կամ անձամբ ներկայանալ տեղամասեր: Ըստ գործող կարգի՝ նրանք կարող են քվեարկել ՀՀ անձնագիրը ներկայացնելով: Այս տարի բացառության կարգով հնարավորություն է տրվել ներկայանալ նաեւ խորհրդային անձնագրերով, որոնք տրվել են ՀԽՍՀ-ում, եթե նրանք ունեցել են Հայաստանի գրանցում եւ, ըստ ԽՍՀՄ փլուզման կարգի, իրավունք ունեն ստանալու ՀՀ քաղաքացիություն: Սրանով ընտրելու իրավունքից քիչ ավելի լայն հնարավորություն է տրվելու մեր այն քաղաքացիներին, ովքեր ապրում են արտերկրում, բայց իրենց կարգավիճակն այնտեղ դեռեւս չեն օրինականացրել: Բայց հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում մեր քաղաքացիների կողմից այլ երկրներում որոշակի իրավական հարաբերությունների կարգավորման ու կարգավիճակի ձեռքբերման հարցում եղած առաջընթացը, ակնկալվում է, որ թվի ոչ կտրուկ, բայց աճ կլինի՝ գուցե 30 տոկոս, ոչ ավելին: Մեր նախնական հաշվարկներով, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ չենք կարծում, որ ամբողջ աշխարհում ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին կգերազանցի 15 հազարը: Իհարկե, ավելի հստակ պատկերացում ընտրությունների մասնակիցների թվի մասին կարելի է կազմել միայն այն ժամանակ, երբ հիմնական ցուցակները փակցվեն՝ փետրվարի 16-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել