Լրահոս
Օրվա լրահոսը

Եկ ու «SOS» մի կանչիր

Փետրվար 06,2003 00:00

Եկ ու «SOS» մի կանչիր Ամենայն հավանականությամբ՝ անցյալ շաբաթ օրվանից Արտաշես Գեղամյանի շուրջ «Հ1»-ի հանպատրաստից ստեղծած աժիոտաժը /թեեւ կարծես թե արդեն մարեց/ անձամբ Քոչարյանի ջղագարության արդյունք էր: Քոչարյանին շրջապատող անձինք անհամեմատ ինքնատիրապետող են եւ շրջահայաց՝ նման հակազդման համար: Համենայնդեպս, Ալիկ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանը: Եթե Ալիկ Հարությունյանին կարգադրություն չիջեցվեր հենց նույն օրը Արտաշես Գեղամյան գովազդել իբրեւ միասնական թեկնածու, Հարությունյանը ավելի քան խելացի է՝ դա կաներ մի քանի օրում, աստիճանաբար եւ համոզիչ կերպով: Ինչ-որ մեկին նստեցնել եթերում, որ հանգերգի, թե «Կարեն Դեմիրճյանի էլեկտորատը պետք է ընտրի Գեղամյանին», ծիծաղեցնելով հատկապես ասվածի հիմնավորման վրա8230, նման քարոզչական տհասությունից Հարությունյանը շատ հեռու է: Սարգսյանի պարագային, ցանկացած մեկը, որ առիթ է ունեցել տեսնելու, թե խորհրդարանում պատգամավորները, ներառյալ Գեղամյանը, քանի ռեվերանսով են ՊՆ նախարարին մոտենում, կասկածել չի կարող, որ Սարգսյանը «Հ1»-ի ստուդիա էր եկել իբրեւ վահանակ, «Գեղամյանն է միասնական թեկնածուն» կարգախոսը լսելի դարձնելու համար: Թե մնացյալ եթերաժամանակը ինչպիսի խոսակցություններով կզբաղեցվի, երեւի որեւէ մեկին չէր էլ մտահոգել: Գեղամյանին միասնական թեկնածու տեսնել՝ իշխանությունը ջանում է նույնքան հետեւողական, որքան Քոչարյանին նախագահ տեսնել: Նախ ՀԺԿ 3-րդ համագումարից հետո վարչապետի խոսափող Գալուստ Սահակյանն էր խազ ընկած ձայնապնակ դարձել. «Գեղամյանն է միասնական թեկնածու, Գեղամյանը»: Հետո պետական քարոզչամեքենան ինչ-որ ինքնահնար դաշինքի մասին էր թմբկահարում, որում իբրեւ թե ընդգրկված էին կոմունիստներն ու սոցիալիստները եւ միասնական թեկնածու պետք է հռչակեին Գեղամյանին: Փորձերն անշուշտ կարելի էր շարունակել8230 բայց իշխանությունը այնպես կորցնի իրեն, որ Սերժ Սարգսյանը նետվի առաջնաբեմ եւ հանրության առաջ իր համար ընդդիմության միասնական թեկնածու կերտի, նման անհեթեթությունը ակնհայտորեն ոչ թե տագնապի, այլ խուճապի արդյունք է: Իսկ երկուշաբթի նաեւ վերջապես հասկանալի դարձավ, թե իրադարձությունների ինչ հաջորդականությունն էր Քոչարյանին հասցրել նման հոգեվիճակի: Անցյալ հինգշաբթի Քոչարյանի շտաբի պետի տեղակալ Հովիկ Աբրահամյանը իր հայրենի մարզում անձամբ էր համակարգում Դեմիրճյանի հաղթարշավը ձախողելու գլխավոր խաղափորձը եւ կատարյալ ֆիասկոյի մատնվել: Ուրբաթ օրը Աջափնյակում Քոչարյանի միտինգին իշխանության կողմից ավտոբուսներով բերվողները «Դեմիրճյան» էին վանկարկել եւ թաղապետի տեղակալին սրտի տագնապի հասցրել: Շաբաթ օրը Քոչարյանը վերջնականապես տեղեկացվել է, որ ԵԱՀԿ-ն բերում է թափանցիկ քվեատուփերը: Եկ ու այդքանից հետո «SOS» մի կանչիր: Թեկուզ փրկօղակը Գեղամյանի տեսքով լինի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել