ԿԼԻՉԿՈՅԻ ՀԵՏ ՄԻԱՅՆ ԹԱՅՍՈՆԻՑ ՀԵՏՈ՞ Ամերիկացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը բրիտանացի Լենոքս Լյուիսի հետ ամռանը հավանաբար կայանալիք մենամարտից մի քանի ամիս առաջ կրկին սկսել է ինքնագովազդը։ Նա, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե մրցակցին գետնին կտապալի հենց առաջին ռաունդում։ Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Երկաթյա Մայքը» անվերապահ պարտություն կրեց Լյուիսից եւ մենամարտից անմիջապես հետո ընդունեց, որ մրցակիցն արժանի է հողագնդի ուժեղագույն բռնցքամարտիկը համարվելուն։ Սակայն հիմա Թայսոնի մտածելակերպը կրկին փոխվել է։ Նա բրիտանացուն իրենից թույլ է համարում։ Իսկ իր պարտության առիթով ասում է, թե ինքն այն ժամանակ լավ չէր նախապատրաստվել ու խնդիրներ ուներ անձնական քաշի հետ կապված։ «Բայց այս անգամ ամեն բան այլ կերպ կլինի։ Եթե Լյուիսն, իրոք, այդքան ուժեղ էր, ապա ինչու չէր կարողանում առավելությունն ապացուցել ութ ռաունդ շարունակ։ Նա պարզապես վախենում էր ինձնից եւ հիմա էլ վախենում է»,- հայտարարել է Թայսոնը։ Մինչ ամերիկացին զբաղված է ինքնագովությամբ, Լյուիսի շտաբում մտածում են, որ աշխարհի չեմպիոնը այս տարի կանցկացնի երկու մրցամարտ. առաջինը՝ Թայսոնի, երկրորդը, հավանաբար, Վիտալի Կլիչկոյի հետ։ Լյուիսի մարզիչ Էմանուել Ստյուարտը ասել է, թե իր սանը, որ պատրաստվում է ավարտել մարզական կարիերան, ցանկանում է վերջին մենամարտն անցկացնել հայրենիքում, իր երկրպագուների առջեւ։ Ճիշտ է, նա առայժմ ապագա երկրորդ մրցակցի անուն չի տալիս, սակայն որ դա Կլիչկոն է լինելու, ենթադրել են տալիս մի քանի փաստեր։ Նախ, Լյուիսը պետք է ուկրաինացու հետ մենամարտեր արդեն գարնանը, սակայն պայմանագիրը կասեցրեց։ Երկրորդ ծանր քաշային բռնցքամարտիկների վարկանիշային ցուցակում Կլիչկոն այդ մրցամարտի ամենաիրական հավակնորդն է։ Եվ երրորդ, մարզչի խոսքերով՝ Լյուիսը շատ բարձր կարծիք ունի ավագ Կլիչկոյի մասին։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ