Քոչարյանը վիլիսից ընկնողը չի Ջրհորի պահակին հարցնում են՝ «Համիկ քեռի, որ կոլխոզի նախագահ նշանակենք, կաշխատե՞ս»։ «Ինչ ա, վախում ես վիլիսից ընկնե՞մ»,- պատասխանում է։ Այս անեկդոտը երեկ, «ԱրմենՏելի» արհկոմի համաժողովի ժամանակ պատմեց արհկոմի նախագահ Ռաֆիկ Վարդանյանը ու անկեղծորեն խոստովանեց, որ «ամենադժվարը կոլխոզի նախագահի կամ սովխոզի դիրեկտորի» պաշտոնն էր, որոնք «գիշեր-ցերեկ ռայկոմի ձեռին կրակի մեջ էին՝ պլանների կատարման եւ այլ գործողությունների» համար։ Վերադառնալով մեր իրականությանը, պարոն Վարդանյանն արձանագրեց. «Ա՛յ մարդ, նախագահացուները շատացել են», իսկ «հանրապետությունով մեկ սփռված» արհմիության անդամները «մնացել են շիվար»։ Բայց թե՝ «մենք մեր դիրքորոշումը պետք է ունենանք»։ Եվ ունեցան։ Ձայների մեծամասնությամբ, անգամ 8 «դեմ», 8 «ձեռնպահով» կապավորները որոշեցին պաշտպանել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Ըստ կարգի, նրանք նաեւ հիմնավորեցին, թե ինչու են գործող նախագահին պաշտպանում։ Ըստ այդմ, արհկոմի նախագահի տեղակալ, «40 տարվա կապավոր» Կառլեն Ներսիսյանը գտնում է, որ Քոչարյանի «ծրագրային դրույթները խոստանում են սոցիալական պետության ստեղծում, առաջին անգամ բարձրացվում է կազմակերպված երկիր լինելու գաղափարը»։ Ճիշտ է՝ «Հայաստանում կոռուպցիա եւ ծայրահեղ աղքատություն կա, մարդն իր ընտանիքը մարդավարի պահելու հնարավորություն չունի», բայց «մի քանի տարի առաջ վիճակն ավելի ծանր էր»։ Համ էլ՝ «հինգ տարվա ընթացքում Քոչարյանն ապացուցեց, որ ունի քաղաքական կամք եւ արիություն՝ տնտեսությունը քայքայված վիճակից դուրս բերելու համար»։ Բացի այդ՝ «նա իշխանության ղեկը վերցրեց ծայրահեղ լարված վիճակում, երբ Ղարաբաղի հարցի լուծումը վտանգի տակ էր, միջազգային հանրությունը մեկուսանում էր Հայաստանից» եւ այլն։ Հինգ տարի անց՝ «Ղարաբաղի հարցն էլ է լուծվում» ու ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Դրա համար էլ մարդուն «զարգացնելու հնարավորություն պետք է տանք»։ «Մեր առջեւ կարեւոր խնդիր է դրված,- հայտարարեց Եղեգնաձորի հեռախոսային հանգույցի պետ Ֆիրդուս Հարությունյանը,- նախագահական ընտրություններում ընտրել գործող նախագահին»։ Ապա դահլիճի օգնությամբ մաթեմատիկական «անալիզ» անելով հանգեց հետեւյալ ճշմարտությանը. «Տղա ջա՛ն, գնացեք լավ պատրաստվեք, հինգ տարի հետո կգաք»։ Իսկ մինչ այդ, «առաջին փուլով Քոչարյանը թող ընտրվի», քանզի «երկրորդ փուլը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է ու քաղաքական կուլտուրա, հանդուրժողականություն չունենք»։ Ապա, բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները հերթով հիմնավորեցին «նկատելի առաջընթացը, բարեկեցիկ կյանքը, ժողովրդի կենսամակարդակի՝ դանդաղ, բայց աճը» եւ այլն, եւ այլն։ Արդյունքում՝ որոշեցին. «Փորձված թանն անփորձ մածունի հետ չփոխել», քանզի նաեւ դրանից է կախված «ԱրմենՏելի» վաղվա ճակատագիրը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ