Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Փետրվար 06,2003 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ Գիրքը կոչվում է «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա»։ Հեղինակը՝ Արամ Սարգսյան։ Առաջին հայացքից՝ հերթական նախընտրական գիրքն է, որ թեկնածուները ասպարեզ են նետում ընտրություններից առաջ։ Իրականում գիրքը հրատարակվել է դեռ 2002-ի նոյեմբերին եւ ամենից քիչ առնչվում է ընտրություններին։ Իր բուն բովանդակությամբ։ Կամ՝ ընտրություններին առնչվում է այնքան, որքան մենք բոլորս ներգրավված ենք քաղաքականության մեջ՝ իբրեւ այս երկրի քաղաքացիներ։ ՀՀ իններորդ վարչապետ Արամ Սարգսյանը քաղաքականություն մտավ եւ քաղաքականությունից հեռացավ շեշտակի՝ պաշտոնավարելով ընդամենը վեց ամիս՝ 1999-Ի նոյեմբերից 2000-ի մայիս։ Եվ՝ վերադարձավ, որովհետեւ նա այն մարդկանցից չէ, ովքեր սկսածը կիսատ են թողնում կամ խնդիրները շրջանցելով՝ համարում են լուծված։ «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա» գիրքն անդրադարձ է ոչ միայն այդ վեց ամիսներին, այլեւ մեր բոլորի ապրած կյանքին, մեր երկրի պատմությանը, այն ամենին, ինչ եղել է մինչեւ 1999-ը եւ 1999-ից հետո։ Գիրքը հայտնագործություններ չի պարունակում, սենսացիաներ չկան, կա փաստարկված պատմություն։ Այնուամենայնիվ, նույնիսկ քաղաքականության տաքուպաղով անցած շատ մարդիկ այս գրքում կգտնեն իրենց համար հետաքրքիր ու անհայտ էջեր։ Դժվար է ասել՝ ցանկալի՞, թե՞ անցանկալի, կռահելի՞, թե՞ անկռահելի, բայց հետաքրքիր, որովհետեւ մեր ապրած կյանքը, որ թվում է այնքան պարզ-հասկանալի-հայտնի, խորքում միշտ պահում է իր բարդ-անմեկնելի-անհայտ ենթատեքստը։ Գրքի առաջին՝ «Վազգենը» մասը, որ ունի «Հատվածներ» խորագիրը եւ շարունակություն կամ լրացում է ենթադրում, կիսատության տպավորություն ամենեւին չի թողնում։ Մի քանի մեջբերում՝ առանց մեկնաբանությունների…1998 թ. Լեւոն Տեր172Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգենը բավականին ճնշված էր։ Միակ դեպքն էր, երբ երեք օր մնաց տանը։ Ի՞նչ ու ինչու՞ տեղի ունեցավ՝ չէինք քննարկում, բայց հասկանալի էր, որ իր համար էլ այդ որոշումը շատ դժվար էր տրվել։ Հետագայում խոսակցությունները հաջորդ նախագահի թեկնածուի շուրջ էին։ Ես Երեւան եկա՝ իր մանկության ընկերների հետ եւ երեքով փորձում էինք համոզել, որ իր թեկնածությունը դնի։ Ինձ նույնիսկ թվաց, թե համոզել ենք ու ուրախ տուն վերադարձանք։ Հրաժարվելու փաստարկներն իր համար շատ համոզիչ էին՝ համարում էր, որ ինքը պատրաստ չէ, իր խնդիրը բանակն է, հիմնական փաստարկը, իհարկե, այն էր, որ չէր ցանկանում նախագահ դառնալ։ …Մինչեւ 99 թ. խորհրդարանական ընտրությունները Վազգեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները ընկերական էին։ Նման հարաբերություններ Ռոբերտ Քոչարյանի հետ ես չեմ հիշում։ Առաջին սառնությունը զգացել եմ ընտրությունների ժամանակ, երբ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար ու «Միասնություն» դաշինքի համանախագահ Վազգեն Սարգսյանի թեկնածուին չէր պաշտպանում, այլ հովանավորում էր «ՕԵ»-ի թեկնածուին կամ ոչ կուսակցականին։ …Իհարկե՝ քաղաքական թիվ մեկ խնդիրը մնում էր Արցախը, որտեղ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացահայտ տարաձայնություններ ունեին։ Իբրեւ օրինապահ քաղաքացի՝ հրապարակային ելույթներում Վազգենը դա չէր բարձրաձայնում։ 1998 թ. փուլային ու փաթեթային տարբերակների մասին ելույթ ունեցող Վազգենը չէր կարող 1999 թ. համաձայնել ավելի վատ տարբերակի։ Վազգենը հաստատուն էր իր դիրքերում։ Գերտերությունների ճնշման տակ Ռոբերտ Քոչարյանն էր փոխել իր տեսակետները՝ հասկանալով, որ լուծումը վատի ու շատ վատի միջեւ է։ Եվ ես պնդում եմ, որ Մեղրիի փոխանակման տարբերակը քննարկվել է Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան շրջանակում. ես ունեմ Վազգենի գրառումները՝ նա հստակ դեմ է եղել, դեմ է եղել եւ Կարեն Դեմիրճյանը։ …Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո։ Նախագահը փորձեց պառակտել բոլոր կուսակցությունները, բամբասանքի դաշտում՝ տարանջատել. իսկ ես փորձում էի համախմբել, փորձում էի ազգային համաձայնության ճակատ ստեղծել ինձ հասու միջոցներով։ Նրա կարծիքով՝ հաղթելու պարտադիր պայմանը բաժանելն է, որն անհամեմատ ավելի հեշտ է, քան համախմբելը։ Ներքաղաքական դաշտում նախագահը փորձել է քայքայել ու տրոհել, որպեսզի իշխի, ես փորձել եմ միավորել. ում հաջողությունները երկրին ինչ են արժեցել՝ ես չեմ դատելու։ …Իմ պաշտոնանկության ամենագլխավոր եւ ամենահիմնական, եթե չասեմ՝ միակ պատճառն այն էր, որ 27-ը կարող էր բացահայտվել։ Հիշեք՝ ո՛ր փուլում ես պաշտոնանկ եղա ու երբվանից ոճրագործը ցուցմունքները սկսեց փոխել, ովքեր ազատվեցին կալանքից՝ գուցե հենց այն պահին, երբ սկսել էին խոսել։ Գրքի «Հարցազրույցներ» առավել ծավալուն մասում ընդգրկված են 2000-02 թթ. մամուլում հրապարակված մի քանի հարցազրույցներ, որոնք առավել քան ակնառու են դարձնում Արամ Սարգսյանի անցած ճանապարհը, մարդկային կերպարը, քաղաքական դիմանկարը։ Օրվա մամուլում բոլոր այդ հարցազրույցները ունեցել են իրենց տեղը, բայց միատեղված՝ ուշադիր ընթերցողի համար վերհանում են զարմանալի զարգացումները մեր քաղաքական ասպարեզի, որտեղ գործող միակ տրամաբանությունը տրամաբանություն չլինելն է։ Գրքի երրորդ՝ «Գրառումներ լուսանցքում» մասը թողնում ենք ընթերցողի գնահատականին՝ առանց ներկայացման։ «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա» գիրքը պատմություն է, որ ներկա ու ապագա սերունդներին պատմում է ճշմարտությունը՝ առանց ճշմարտության հարաբերականության վրա հույս դնելու, որովհետեւ իրականում ճշմարտությունը մեկն է։ Է. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել