ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՀՀ ԿԸՀ երեկվա նիստում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զ.Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեց նախօրեին Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի արած հայտարարությանը, որ եթե Արամ Սարգսյանը մեկնի Արտաշատ քարոզարշավի, կարող է մարդասպանություն լինել, եւ, որ ինքը չի կարող երաշխավորել Ա.Սարգսյանի անվտանգությունը: «Իրավապահ մարմիններին դիմեք: Մենք այդպիսի գործառույթներ չունենք»,- խորհուրդ տվեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Երբ Ա.Զեյնալյանը հիշեցրեց ԿԸՀ գործառույթները, Ա.Սահրադյանը տեղի տվեց՝ «Մենք կդիմենք իրավապահ մարմիններին, եթե գրավոր եւ պաշտոնապես դիմեք, փաստեր բերեք»: Ա.Սահրադյանը սրանով հարցը փակված համարեց, իսկ Ա.Զեյնալյանն ավելի ուշ ԿԸՀ նիստին ներկա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Զորեն Լուչիչի հետ զրույցում ասաց, թե ինքը՝ որպես ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, խորհրդակցական ձայնի իրավունք ունի, ինչից օգտվելով դիմել էր ԿԸՀ-ին՝ խնդրելով նիստի օրակարգում ներառել ու քննարկել նաեւ Ա.Զ.Սարգսյանի հասցեին հնչած սպառնալիքի հարցը: «ԿԸՀ-ն անգործություն դրսեւորեց, ինչի համար ես պատրաստվում եմ դիմել դատարան՝ կանխավ նրա բացասական պատասխանն իմանալով»: Իհարկե, ԿԸՀ-ն մինչ այդ հայտարարել էր, որ համապատասխան գրավոր դիմումի դեպքում՝ հանձնաժողովը պատրաստ է նաեւ արտահերթ նիստ հրավիրել այդ հարցին անդրադառնալու համար: Իսկ թեկնածուի նախընտրական շտաբի լրատվության պատասխանատու Սուրեն Սուրենյանցը Արարատի մարզպետի՝ թերթերից մեկում արած այս հայտարարության առնչությամբ իր մեկնաբանություններում նկատեց, թե պետական պաշտոնյայի շուրթերից հնչած այդօրինակ հայտարարությունն ուղղակի մարազմ է, եթե նկատի չառնենք այն տարբերակը, որ Ալ.Սարգսյանն իրականում գուցե պատրաստվող ինչ-որ գործողությունների մասին տեղյակ է ու այդ հայտարարությամբ փորձում է պարզապես տեղյակ պահել ու զգուշացնել Ա.Զ.Սարգսյանին: Սեփ. լր.