Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ»

Փետրվար 06,2003 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ» «Այդ երիտասարդները եւ նրանց ղեկավարները Քոչարյանի մարդիկ էին, իրենք էին ասում»,- անդրադառնալով նախորդ օրը Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Քոչարյանը պարտավոր է այսօր եւեթ աշխատանքից ազատել ոստիկանապետին եւ մարզպետին։ Դրանով մենք կիմանանք՝ ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ են մեր ենթադրությունները ճիշտ, որտեղ ենք մենք սխալվում»,- հավելեց ԱԺՄ նախագահը։ Քանզի դեպքերը տեւել են մի քանի ժամ եւ դրանց մասին Վ. Մանուկյանի նախընտրական շտաբը տեղեկացրել է ե՛ւ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբին, ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ մարզպետին, սակայն «ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի իրականացվել՝ ուստի ես մեղադրում եմ իշխանություններին, իրենք էին կազմակերպել»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։ Որ մարզի ղեկավարությունը պատասխանատու է, նախագահի թեկնածուն կասկածից վեր է համարում։ Միեւնույն ժամանակ՝ «մարզի ոչ մի պատասխանատու չէր համարձակվի այդպիսի քայլ անել, եթե վերեւից իրեն թույլտվություն տրված չլիներ»։ Իսկ վերեւում՝ «կանգնած են Քոչարյանի շտաբն ու ինքը»,- ասում է Վ. Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում թեկնածուներով կհավաքվեն՝ «առաջարկություն կա, որ բոլորս միասին Արտաշատում հանրահավաք անենք, դեպքերը դատապարտող փաստաթուղթ ներկայացնենք»։ Իրավապահներին անպայման դիմելու են, քանզի «մեր նկարահանած կադրերում պարզորոշ երեւում են դեմքերը»։ Իսկ ընդհանրապես, Վ. Մանուկյանին չի գոհացնում «Հայլուրի» լրատվությունը։ Քանզի տարբեր մարզերում տեղի ունեցած ԱԺՄ-ի հանրահավաքներն անտեսվում են, փոխարենը, սակավամարդ հանդիպումներն են լուսաբանվում։ Այն էլ, միայն մեկ թողարկման ժամանակ։ Մինչդեռ, ըստ Վ. Մանուկյանի, մյուս թեկնածուների այցերի մասին պատմող տեսանյութերը ցուցադրվում են ծրագրի բոլոր թողարկումներում, հաջորդ առավոտյան էլ կրկնվում են։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ «Միավորված հայեր» կուսակցությունը եւ կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ռուբեն Ավագյանը դատապարտում են Հայկ Բաբուխանյանի նկատմամբ կատարված նախադեպը չունեցող բռնարարքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել