Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանին ծափահարողն ու համբուրողը նույնն են

Փետրվար 06,2003 00:00

Քոչարյանին ծափահարողն ու համբուրողը նույնն են Բարբառներն ու տարազներն են տարբեր Կոմունիստական կուսակցությունն իսկապես շատ առանձնահատուկ կուսակցություն է: Նրանք մնացած թեկնածուների նման հեւիհեւ չեն շտապում քարոզարշավների՝ տարբեր մարզեր ու շրջաններ, այլ՝ ուսումնասիրում են մնացած թեկնածուների քարոզարշավներն ու ըստ այդմ կողմնորոշվում իրենց գործողություններում: Այս օրերին, երբ մնացած կուսակցությունները զբաղված են տարբեր հանդիպումներով, պատգամավոր Խորեն Սարգսյանն ամենայն ուշադրությամբ հետեւում է հեռուստաընկերություններով ցուցադրվող թեկնածուների քարոզչությանը, ինչից եկել է այն եզրահանգման, որ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը լուսաբանող ռեպորտաժներում շարունակ նույն դեմքերն են երեւում: «Կադրերը մշտապես կրկնվում են, նույն կադրերը մտցնում են տարբեր շրջաններում Քոչարյանի քարոզարշավների ռեպորտաժների մեջ: Անկեղծ ցավում եմ նրանց համար: Որպեսզի կարողանան Քոչարյանին ձայն տվող գոնե հինգ հոգու ճարել, ապա պետք է առնվազն 12 տեսաժապավեն նկարահանեն: Մենք շատ լավ ենք հասկանում, թե ինչ բան է մոնտաժը»,- վստահեցնում էր Խորեն Սարգսյանը: Կոմունիստ պատգամավորը ոչ միայն ցավում էր հեռուստաընկերությունների աշխատակիցների տքնաջան աշխատանքի, այլեւ քաղաքապետերի, գյուղապետերի ու թաղապետերի համար, որոնք շաբաթներով իրենց տարածքում գտնվող հիմնարկների, դպրոցների ու ԲՈՒՀ-երի աշխատակիցներին ստիպում են ավտոբուսներով տեղափոխել այն վայրը, որտեղ այդ օրն իր հերթական քարոզարշավը պետք է «բեմադրի» Ռոբերտ Քոչարյանը: «Կենտրոն համայնքի մանկավարժը կարող է լինել ե՛ւ8217 Աջափնյակում, ե՛ւ8217 Նորքում, ե՛ւ8217 Էրեբունիում, բայց, հավատացնում եմ, ոչ ոք իր կամքով չի գնում: Կամավոր գնացողները միայն մարզպետները, գյուղապետերն ու թաղապետերն են,- հայտարարեց Խորեն Սարգսյանը՝ ավելացնելով:- Հետաքրքիրն այն է, որ հանրապետության գործող նախագահն ուր գնում է, իր հետ տանում է նույն պարողին, նույն ծափահարողներին, ինչո՞ւ չէ՝ նաեւ նույն համբուրողներին, որոնք տարբեր մարզեր այցելելով՝ հագնում են տվյալ շրջանի տարազներն ու խոսում են տվյալ մարզի բարբառով»: Խորեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Արտաշատ քաղաքում Հայկ Բաբուխանյանի հետ կատարված միջադեպին՝ այն գնահատելով որպես հարված Հայաստանի Հանրապետությանը: Նախապես շեշտելով, թե ինքը չի ցանկանում առաջ ընկնել քննչական մարմինների կողմից տրվող եզրակացությունից, նշեց, որ եթե Հայկ Բաբուխանյանի հետ կատարվածը միակ դեպքը լիներ, ապա հնարավոր կլիներ համարել, որ դա պատահականություն է եղել: «Բայց նույն քաղաքում նույն օրը նմանատիպ դեպք տեղի ունեցավ նախագահի մեկ այլ թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Թե դա ո՞ւմ կողմից էր սարքված, երեւի քննությունը կպարզի: Սակայն՝ նկատի ունենալով այն փաստը, որ մինչ օրս ոչ մի նման դեպք չի բացահայտվել, այս անգամ էլ հավատ ունենալ չեմ կարող»,- ասաց նա: Պատգամավորը, սակայն, Հայկ Բաբուխանյանի հետ կատարվածի առնչությամբ իր վարկածն ունի: Նրա համոզմամբ, այս միջադեպով իշխանությունները «մի գնդակով երկու նապաստակ որսացին»: Առաջին նապաստակը թեկնածու Արամ Կարապետյանի քարոզարշավը փչացնելն էր, իսկ երկրորդը հետեւյալն է. «Վերջերս խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանին դարձնելու են վարչապետ: Ու այս դեպքը կատարվեց այն քաղաքում, որտեղ ծնվել ու մեծացել է Հովիկ Աբրահամյանը: Նրա ճանապարհը փակելու ամենալավ ձեւը սա էր»,- ասաց Խորեն Սարգսյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել