Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապամոնտաժողները»

Փետրվար 05,2003 00:00

«Ապամոնտաժողները» ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը խոսելով իրավունքներից, ծրագրել է Հայաստանի քաղաքական եւ պետական դաշտը կլանային համակարգից դուրս բերել։ Առհասարակ, թեկնածուները յուրահատուկ մտքեր են հայտնում՝ կապված մարդու իրավունքների, ազատությունների հետ, ինչ-որ տեղ նաեւ ցուցաբերելով իրավագիտության ցածր կուլտուրա։ Թեկնածուներից մեկը՝ ազգային անվտանգության նախարարության նախկին վարչության պետը՝ Ռուբեն Ավագյանը, նախատեսել է նախագահ դառնալու դեպքում սահմանադրական փոփոխություններ կատարել, «տարանջատել դատական մարմինների ֆունկցիաները», ձեռնամուխ լինել դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Արտաշես Գեղամյանի «Ներքին քաղաքականություն» բաժնում հիմնական մեխը հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն ու իրագործումն է, «կոռուպցիան ծնող եւ սնող պատճառներն ու պայմանները նվազագույնի հասցնող միջոցառումների իրականացումը»։ Թեկնածուն խոսում է «անձի ազատության եւ մարդու իրավունքների ապահովման» մասին նույնպես։ «Սոցիալական բնագավառ» բաժնում Ա. Գեղամյանն արդեն խոսում էր սոցիալական անվտանգության ապահովման, «մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պահպանման մասին»։ Սովետական Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանների միության նախկին նախագահ Վլադիմիր Դարբինյանի ծրագրային դրույթներում խոսք է գնում միայն մասնավոր սեփականության իրավունքի մասին։ Իրավունքի այլ ոլորտի մասին խոսք անգամ չկա։ Ստեփան Դեմիրճյանը խոսում է իրավական պետության կայացման մասին, «խոսքի եւ մամուլի լիարժեք ազատություն՝ անկախ մամուլի պետության կողմից նյութական աջակցության միջոցով, որպեսզի ԶԼՄ-ն հիրավի դառնան 4-րդ իշխանություն»։ Իրավական մեխանիզմների մշակում է նախատեսում երկքաղաքացիության ընդունման դեպքում։ Ուսումնասիրելով նախկին լրագրող («Պրավդայի» սեփական թղթակից) Արամ Գ. Սարգսյանի նախընտրականը, տող անգամ չենք գտնում մամուլի մասին։ «Ներքին քաղաքականություն» բաժնում նախատեսված է միայն փրկել Հայաստանը, «անմնացորդ ապամոնտաժում» իրականացնելով ներկա համակարգի նկատմամբ։ Նույնպիսի ապամոնտաժման կողմնակից է նաեւ ՆԳՆ գլխավոր վարչության նախկին պետ, թեկնածու Գառնիկ Մարգարյանը։ Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արամ Հարությունյանը, իրավական քաղաքականության մասին խոսելով, այն պատկերացնում է բարեփոխումների տեսքով, որն ապահովելու է «հասարակությունը ամուր հակակոռուպցիոն նորմատիվային բազայով՝ դարձնելով կաշառակերությունը հասարակության բոլոր խավերի բարոյականության խնդիր»։ Վազգեն Մանուկյանի ծրագրում խոսք է գնում մարդու արժանապատվության եւ իրավունքների իրական իրավական պաշտպանվածության, մամուլի եւ խոսքի ազատության մասին։ Արամ Զ. Սարգսյանի ծրագրում չի առանձնացված իրավունքի եւ ոչ մի ոլորտ։ Ռոբերտ Քոչարյանի ծրագրային դրույթներում նախատեսված է մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանության օրենսդրական եւ գործնական ապահովում։ Նախատեսված է շարունակել բարեփոխումները ազգային անվտանգության եւ ոստիկանության մարմիններում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել