Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԹԻԹԻԶ-ԹԻԹԻԶ ՉԻ ՎԱԶՈՒՄ

Փետրվար 05,2003 00:00

ԸՆԿԵՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԹԻԹԻԶ-ԹԻԹԻԶ ՉԻ ՎԱԶՈՒՄ ՀԿԿ նախագահի թեկնածու Վլադիմիր Դարբինյանը դեռեւս չի որոշել, թե երբ է սկսելու իր քարոզարշավը: Նրա նախընտրական մարտավարության մասին տեղյակ չեն նույնիսկ նրա նախընտրական շտաբի անդամները, սակայն դա նրանց ամենեւին էլ չի մտահոգում, քանզի համոզված են, որ իրենց «կանդիդատը» առանց այդ քարոզարշավների էլ մեծ հեղինակություն ունի: «Մի8217 անհանգստացեք, նա գրաֆիկ ունի, հավաքելու է կոմունիստներին, նրանց հետ քննարկի ու որոշի, թե ուր է գնալու: Անպայման նա գնալու է ժողովրդի մոտ»,- մեզ հետ զրույցի ընթացքում հայտարարեց Վլադիմիր Դարբինյանի նախընտրական շտաբի անդամ Եկատերինա Արսենովնան: Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է ընկեր Եկատերինայի վերաբերմունքը Վլադիմիր Դարբինյանի այն հայտարարությանը, թե նա կարող է իր թեկնածությունը հանել հօգուտ Արտաշես Գեղամյանի. «Մենք ըտենց բաներ չգիտենք: Մեր կուսակցությունը ասոբի կուսակցություն է, ըտենց հարցերը բյուրոն, պլենումն է որոշում»,- վստահեցնում էր նա: Այն դիտարկմանը, թե ՀԿԿ համագումարը Վլադիմիր Դարբինյանին նման որոշումներ կայացնելու իրավունք է վերապահել, ընկեր Եկատերինան նկատեց. «Մենք իրեն նման իրավունք չենք տվել, բայց եթե պետք լինի՝ թույլ կտանք: Սակայն մենք նրան այդ իրավունքը չենք տվել: Դա շատ հիվանդագին հարց է: Նման բաներ ասում են շահագրգիռ մարդիկ»: Եկատերինա Արսենովնային հիշեցրինք, որ նման հայտարարություն արել է անձամբ Վլադիմիր Դարբինյանը, ինչին ի պատասխան նա ասաց. «Կոմկուսը կոլեգիալ է աշխատում, եթե ամեն մեկը նման որոշում հանի, ո՞ւր կհասնի»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Վլադիմիր Դարբինյանը հապաղում է իր քարոզարշավներում, Եկատերինա Արսենովնան նկատեց. «Թաք մի օր եթե մեր կանդիդատը տելեվիզորով դուրս գա, հերիք է, նա կարող է Հայաստանը ղեկավարի: Հիմա ամեն մարդ դուրս է եկել ու թող եզ-եզ իրենց գործն անեն: Մենք հույսներս դրել ենք մեր ղեկավարության վրա: Երկու-երեք անգամ տելեվիդենիայով դուրս գա, հետո գնա մի երկու-երեք ռայոն, էդ հերիք է, որ ժողովուրդն իր հետեւից վազի: Ինքը լուրջ մարդ է, հո ըտենց չի՞, որ ելնի, թիթիզ-թիթիզ վազի: Նա ըտենց մարդ չի8217, նա իր ձեւը, խելոքությունը, ծրագիրն ունի: Նա շա՜տ լուրջ, ծանր մարդ է, ըտենց մարդ մեր Հայաստանում չկա, հասկացեք: Ուղղակի ինքը թիթիզ չի, որ իրեն ճանաչացնել տա, իրեն գիտեն: Ամբո՜ղջ սովետական պետությունն իրեն գիտի: Նա ո՛չ երեկվա տղեն է, ո՛չ փողոցից է վերցված, ո՛չ էլ կարիերիստ է: Նա հըլը էդքան օպոտ ունենալու հետ մտածում է՝ Հայաստանը ո՞նց հանի այս վիճակից: Նա շատ հայասեր է, նա մղկտում է, որ իր հայ ազգը, հայ հողը ոտքի տակից փախչում է: Նա ըտենց մարդ է, բոլորդ ճանաչեք»,- վստահեցնում էր Եկատերինա Արսենովնան՝ ավելացնելով, թե ինքը այս ամենն ասելով որեւէ նպատակ չունի վիրավորել մնացած թեկնածուներին, պարզապես այսպիսով ուզում էր ներկայացնել, թե «ով է Վլադիմիր Դարբինյանը: Բոլորն էլ իրենց արժանիքներն ունեն՝ ընկեր Գեղամյանն էլ, ընկեր պարոն Քոչարյանն էլ: Ես չեմ ուզում նրանց ունիժատ անել: Բայց մերն ուրիշ ձեւի մարդ է»,- ասաց նա: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել