Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուտքը՝ զույգերով

Փետրվար 05,2003 00:00

Մուտքը՝ զույգերով Կենսաբանական գիտությունների դոկտոր Վոլոդյա Ոսկանյանի կարծիքով, բնապահպանության նախարարությունում վերջերս տեղի ունեցած հաստիքների կրճատումը միայն իրեն է առնչվել։ Իսկ արգելոցապարկային համալիրի ավագ գիտաշխատող, «Էրեբունի» պետական արգելոցի տնօրեն Վ. Ոսկանյանին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառաբանությամբ՝ հրամանում վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի առաջին կետը։ Մինչդեռ Վ. Ոսկանյանի հավաստմամբ, «բնապահպանության համակարգի տարբեր պաշտոններում շարունակում են աշխատել իրենից բարձր տարիք ունեցող միանգամայն պատահական մարդիկ, որոնք բնապահպանության, առավել եւս՝ գիտական աշխատանքների հետ որեւէ կապ չունեն»։ Վերջինիս խոսքերով, իրեն ազատել են նաեւ գիտաշխատողի պաշտոնից, ինչը բնապահպանության նախարարությունից ոչ մի փաստաթղթով չի հիմնավորվել. «Ինչպես աշխատանքից, այնպես էլ գիտաշխատողի պաշտոնից ազատումը պետք է որոշի նախարարը։ Սակայն մինչ օրս ինձ չեն ասել, թե ինչ հրամանի հիման վրա են ազատել, երբ են ազատել։ Գիտաշխատողի համար տարիքի սահմանափակում չկա։ Իսկ ազատելու համար պետք է ատեստացիա անցկացնեն, որոշեն մասնագետ է, թե՝ ոչ։ Ինչը ոչ մի անգամ տեղի չի ունեցել»։ Վ. Ոսկանյանին աշխատանքից եւ գիտաշխատողի պաշտոնից ազատելու մասին տեղյակ է պահել Ջրվեժի արգելոցապարկային համալիրի տնօրեն Վ. Աբգարյանը։ Որն էլ նախարար Վ. Այվազյանի հրամանի համաձայն, ժամանակավորապես ստանձնել է «Էրեբունի» պետական արգելոցի տնօրենի պարտականությունները։ Ի դեպ, «Առավոտն» իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Ջրվեժի անտառտնտեսությունում կատարվող անօրինականություններին, որոնց մի մասն էլ այս տնօրենի օրոք է կատարվել։ Նկատի ունենանք, որ տնտեսության տարածքում կատարվող անօրինականությունների դեմ ակտիվ պայքար է մղել Վ. Ոսկանյանը։ Որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշյալ հոդվածը հնարավորություն է տալիս կենսաթոշակային տարիքի հասած բանվորներին ու ծառայողներին ազատել զբաղեցրած աշխատանքից եւ որ նախարար Վ. Այվազյանի որոշումն անաչառ է, կասկածի տակ չենք դնում։ Սակայն Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի իրավաբան Միշա Փիլիպոսյանի վկայությամբ, նույն օրենսգիրքը՝ իր 18 պրիմ հոդվածի համաձայն, թույլ է տալիս հիմնարկի ղեկավարի հայեցողությամբ աշխատողին չազատել զբաղեցրած պաշտոնից. «Եթե մարդը բարեխիղճ, լիակատար աշխատող է, կոլեկտիվում մեծ հարգանք ունի կամ աշխատանքը կատարում է նախկին եռանդով, կարող են երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2 տարի»։ Ստացվում է, որ երկրորդ տարբերակը պարոն Այվազյանին ձեռնտու չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է Ջրվեժի արգելոցապարկային տնտեսությունում տիրող վիճակին եւ դրա վերաբերյալ «Առավոտի» նախորդ հրապարակումներին, ներկայացնենք մի դեպք, որին ականատես ենք եղել եւ որը մինչ օրս չենք հրապարակել։ Մի փաստի առթիվ տեղում պարզաբանում ստանալու համար պարկի տնօրեն Վոլոդյա Աբգարյանի հետ այցելել էինք Ջրվեժի անտառ-պուրակը, որի մուտքը հասարակության համար փակ է եւ, ինչպես տեղում համոզվեցինք, բացվում է միայն «հատուկ» մարդկանց համար։ Եվ մինչ պարկի տնօրենը կհասցներ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի տիրոջն ու նրա ընկերուհուն հուշել իր կողքին լրագրող լինելու մասին, պատճառաբանելով, թե չի կարող ներս թողնել, խարտյաշ գեղեցկուհու ներկայությունից գլուխը կորցրած տղամարդն այդպես էլ չհասկացավ պարկի տնօրենի աչք ու հոնքի շարժումների իմաստը եւ մեկ րոպե էլ շուտ անտառ-պուրակ մտնելու ցանկությունից՝ բացականչեց. «Զիրոյանի ընկերն եմ, ներս թող»։ Այդ ժամանակ «Առավոտի» թղթակցին տնօրեն Վ. Աբգարյանի կողմից պարկ հրավիրելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի ապացուցի, թե պարկն ինչպես է պահպանվում անկոչ հյուրերից եւ որ ընդհանրապես մուտքը պարկային համալիր արգելված է։ Իսկ Արտաշես Զիրոյանն այդ ժամանակ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել