Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ ԴԵՊԻ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐ

Փետրվար 05,2003 00:00

ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ ԴԵՊԻ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐ Երեկ Դավիթաշեն համայնքի հետ ՀՀ նախագահի թեկնածու, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հանդիպմանը «մազութ» բառը չհնչեց, բայց իշխանություններին՝ «գող ու ավազակ», «թալանչի», «դուռակ», «հիմա՛ր», «կռիշա», իսկ Ռ.Քոչարյանին անձամբ՝ «մոլեռանդ մոլուցք ունեցող» որակումները եղան։ Եւ ոչ թե հավաքված ժողովրդի բերանից (վերջինս գերադասում էր «թուրք», «օտար» ձեւակերպումները), այլ հենց նախագահի թեկնածուի։ Ա. Սարգսյանը շռայլ էր ոչ միայն որակումների հարցում. «Ժողովրդին ավանդները վերադարձնելու ենք, թոշակները բարձրացնելու ենք»։ Ինչի՞ հաշվին։ Այն 3,4 մլրդ դոլարի, որ մեր օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները պահում են շվեյցարական բանկում։ Ինչպե՞ս են բերելու։ Ա. Սարգսյանը նրանց ասելու է կամ էլ ականջից բռնելու, նրանք էլ «խելոք կբերեն, իրենք կտան, բա ի՞նչ են անելու»։ Այս ամենը, հասկանալի է, Ա. Սարգսյանի՝ երկրի նախագահ դառնալուց հետո։ Իշխանություններին փնովելու միջից երեկ ուրվագծվեցին Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրի այլ դրույթներ եւս՝ «վայրենի մասնավորեցման տրված» օբյեկտների, հատկապես՝ ստրատեգիական նշանակության, ազգայնացում՝ փոխհատուցում տալով սեփականատերերին։ «Ֆրանսիացիներին 30 մլն-ը կտանք, պրոբլեմ չկա»,- պեռնոռիկարցիներին հանգստացրեց Դեմկուսի ղեկավարը։ Ընդերքն էլ պիտի մենք կառավարենք. «Սովետի ժամանակ ընդերքը կարողանում էինք կառավարել, հիմա չե՞նք կարողանում»։ Պրն Սարգսյանը զարմացավ, որ հիմա մեր այդ ոլորտը նույն չափով պատվեր չի ստանում, ինչ սովետական տարիներին։ Ծրագրի մյուս դրույթներից մի քանիսը պրն Սարգսյանը ժամանակին առաջարկել է Ռ. Քոչարյանին՝ օրինակ, սոցիալական ֆոնդի ստեղծումը կամ 2 մլն դոլարի ներդրմամբ Հայաստանի տարանցիկության ապահովումը։ «Չարե՛ց»։ Կոլեգիալ իշխանությունն է Արամ Սարգսյանի սրտով։ Միասնական թեկնածուի մասին էլ վերջինս ոչ մի նոր բան չասաց. «Այս մասին բանակցություններ են լինելու»։ Եթե միասնական թեկնածուն ՀԴԿ-ի սրտով եղավ, ղեկավարը դուրս կգա պայքարից, եթե ոչ, կուսակցությունն իր թեկնածուով կգնա ընտրությունների։ Պրն Սարգսյանը հայտարարեց. «Մեր պահանջով թափանցիկ խցիկներ են բերվելու»։ Հավաքվածներից մեկը ծոր տվեց. «Փրկվեցի՜նք»։ Ընդհանրապես նման հավաքներին ամենահետաքրքիրը ժողովրդի բացականչություններն են։ Ասենք, երբ նախընտրական շտաբի պետ Հայկ Եսայանն ազդարարեց. «Դաշինքը կազմակերպվելո՜ւ է։ Մենք հաղթելո՜ւ ենք», հետեւած բուռն ծափերի միջից լսվեց «ժողովրդական» շարունակությունը. «Թուրքերը գալո՜ւ են»։ Ի դեպ, եղան նաեւ ուռա-ներ եւ այլ բուռն ծափահարություններ, հատկապես այն պահերին, երբ հայտարարվում էր, որ իշխանությունը Ռ. Քոչարյանից վերցնելու են։ Ա. Սարգսյանը պարզաբանեց, թե ինքը ինչու է այդքան դեմ Ռ. Քոչարյանի իշխանության վերարտադրմանը. «Եթե նա նորից եկավ իշխանության, կունենանք կրիմինալ տարրերի, օլիգարխիկ իշխանություն։ ԱԺ-ում արդեն ունենք, մնում է՝ գործադիրում էլ լինեն»։ «Սրանց քաղաքականությունը ժողովրդին նվաստ, խեղճ պահելն է, որ հեշտ կառավարեն»,- ասաց Ա. Սարգսյանը մարդկանց, որոնցից մեկը հանդիպումից 10 րոպե առաջ կոչ էր անում գործող նախագահին մարզեր, համայնքներ չայցելել։ «Էդ փողն էլ թող չծախսեն տենց բաների վրա»,- ասաց մեր անանուն զրուցակիցը։ Երեկ հավաքվածները պակաս բուռն չէին արձագանքում Սերժ Սարգսյանի անունը լսելիս։ Մասնավորապես շտաբի պետ Հայկ Եսայանի մեկնաբանությունը մի քանի օր առաջ Ա. Գեղամյանի եւ Սերժ Սարգսյանի հեռուստատեսային «բանավեճին» հետեւյալն էր. «Ոչ մեկիս մեջ կասկած չեն հարուցում Ա. Գեղամյանի ինտելեկտուալ կարողությունները, բայց որ Ռ. Քոչարյանի միակ հենարանը՝ Սերժ Սարգսյանը այդքան թույլ է…»։ Հավաքվածներն արձագանքեցին ծափերով։ Ա. Սարգսյանի մեկնաբանությամբ այդ հեռուստաբանավեճին Սերժ Սարգսյանը «պարզ ասում էր՝ մենք մեր իշխանությունը տալիս ենք (մեկ հոգու բուռն ծափահարություն.- Ա. Գ.)։ Մենք էլ ասում ենք՝ վերցնում ենք»։ Ինչպես եւ վայել էր, թեկնածուն հանդիպման եկել էր իրեն սատարող անձանց հետ, այդ թվում՝ նախկին պաշտոնյա, ուսանող, ուսուցչուհի, որը հիշեց «բլեյանական դասագրքերը» եւ «նախահեղափոխական վառարանները»։ Ինչպես եւ վայել էր, թեկնածուին ծաղիկներ նվիրեցին երեխաները։ ՀԴԿ նախագահը կանխատեսեց փետրվարի 19-ի եղանակը. «Գալու է գարնանային հորդառատ անձրեւ եւ մեզ ազատելու է այս կեղտից»։ Մեր կողքին կանգնած մի երիտասարդ իր ընկերոջն ասաց. «Թռանք, քանի կագեբեն չի էկել»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել