Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՏՐԱՆՔ

Փետրվար 05,2003 00:00

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՏՐԱՆՔ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի ձգձգել հակամարտության կարգավորումը Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հունվարի 30-ին տարածած հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում արած հայտարարության կապակցությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի պաշտոնների բոլոր թեկնածուներին կոչ է արել ձեռնպահ մնալ ատելություն սերմանող հայտարարություններից: Մեկնաբանելով Քոչարյանի վերոնշյալ արտահայտությունը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիվերն իր հերթին նշել է. «Հուսով եմ, որ նախագահ Քոչարյանի հայտարարությունը մեզ համար ճիշտ չի թարգմանվել, որովհետեւ «էթնիկ անհամատեղելիություն» բառերը մենք չենք գործածել Եվրոպայի խորհրդի ստեղծումից ի վեր»: Այս վերջին դիտողությունն ամենեւին չի նշանակում, որ հաղորդագրությունը տարածելուց առաջ Եվրախորհուրդն ավելի քան վստահ չէր, որ Քոչարյանը դիմել է նման արտահայտության: Մանավանդ որ ճշտելու համար բավական էր ծանոթանալ ելույթի ռուսերեն բնօրինակին եւ անգլերեն թարգմանությանը, որոնք տեղադրված են Քոչարյանի ինտերնետային էջում: Ուստի մնում է ենթադրել, որ կամ Քոչարյանին խորհուրդ է տրվում որեւէ կերպ բացատրել, որ «էթնիկ անհամատեղելիություն» ասելով ինքը պարզապես ճիշտ չի ձեւակերպել իր ասելիքը, կամ Եվրախորհրդում դեռ մտորում են, թե Հայաստանի իշխանությունների ո՞ր հայտարարությունն են հիմք ընդունելու՝ Օսկանյանի բազմաթիվ հավաստիացումները, որ Հայաստանն ընտրել է Եվրոպական ուղղությունը, թե Քոչարյանի վերջին հայտարարությունը: Պարզ է մի բան, Եվրախորհրդում արդեն որոշվելու է ոչ թե նրանցից որեւէ մեկի, այլ Հայաստանի ճակատագիրը, քանի որ արտահայտության հեղինակը ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ վերջին 5 տարիներին գործող նախագահ հանդիսացող անձ: Իսկ անձամբ Քոչարյանի նկատմամբ Եվրախորհուրդն արդեն իսկ բավականին անխնա է վարվել՝ ըստ էության մյուս թեկնածուներին կոչ անելով չհետեւել նրա օրինակին: Թեեւ պետք է նշել, որ մյուս թեկնածուների հարցում անհանգստանալու առիթ չկա, քանի որ վերջիններս հիմնականում խուսափում են կարգավորման վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: Սակայն այս հարցին կվերադառնանք Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ընթացքում Քոչարյանի ելույթից բխող եզրակացությունները ներկայացնելուց հետո: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում Քոչարյանի ունեցած ելույթից առաջին հերթին հետեւում է, որ նրա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն նախապատրաստվել էր պայմանով, որ նա հրապարակայնորեն կհրաժարվի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գերտերությունների հակասությունները խորացնելու միջոցով Ղարաբաղյան հակամարտությունը սառեցնելու քաղաքականությունից եւ կներկայացնի կարգավորման գնալու հստակ երաշխիքներ: Պատահական չէր նա բացատրում, որ Հայաստանի իշխանությունները ընտրել են ոչ թե գերտերությունների հակասությունների բախումից, այլ հարթեցումից օգուտներ քաղելու վարքագծի մոդելը, այլապես այն չէին կոչի կոմպլեմենտար, իսկ հակամարտությունը կարգավորելու հարցում փորձում էր դրսեւորել աննախադեպ պատրաստակամություն: Մասնավորապես, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, առաջին անգամ է, որ Քոչարյանը չի հիշատակում «փարիզյան սկզբունքները»: Հիշեցնենք, որ, երբ վերջին անգամ 2002թ. կեսերին Քոչարյանը հանդես եկավ վերոհիշյալ սկզբունքներին վերադառնալու կոչով, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ա. Գրիբկովը բացահայտեցին, որ դրանք նախատեսում էին Մեղրիի տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Իսկ քանի որ 1998թ. Քոչարյանի առաջարկով բանակցային սեղանին դրված տարածաշրջանի աշխարհագրական քարտեզի փոփոխություն նախատեսող այս տարբերակը միաժամանակ հակասում էր տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի շահերին, լիովին համապատասխանում էր հակամարտությունը սառեցնելու Քոչարյանի քաղաքականությանը: Հակամարտությունը կարգավորելու երաշխիքներ ներկայացնելու պայմանի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Քոչարյանն առաջին անգամ չարտահայտեց հակամարտությունը փաթեթային տարբերակով կարգավորելու դիրքորոշում: Ավելին, դրսեւորեց փուլային տարբերակը նույնքան ընդունելի համարելու պատրաստակամություն, հայտարարելով. «Մենք կառուցողական ենք տրամադրված, այդ իսկ պատճառով միջնորդների վերջին երկու առաջարկները հայկական երկու կողմերի համար ընդունելի էին որպես բանակցությունների հիմք»: Ողջունելով նման «կառուցողականությունը», չենք կարող չնշել հայտարարությունում տեղ գտած աղաղակող անճշտության մասին: Բանն այն է, որ միջնորդների ներկայացրած վերջին երկու առաջարկներից առաջինը՝ 1997թ. փուլային տարբերակը, ամենեւին էլ ընդունելի չի եղել հայկական երկու կողմերի համար: Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը, էական վերապահումներով հանդերձ, համաձայնել են ԵԱՀԿ ՄԽ-ի ներկայացրած փուլային տարբերակն ընդունել որպես բանակցությունների հիմք, Ղարաբաղը պաշտոնապես մերժել է այն: Այլապես դեռ 1997թ. հնարավոր կդառնար խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Ավելին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը որակելով «պարտվողական», փուլային տարբերակի պատրվակով ՀՀ վարչապետ Ռ. Քոչարյանը, ուժային նախարարները, ԼՂՀ ղեկավարությունը եւ ընդդիմությունը 1998 թ. փետրվարին իրականացրել են իշխանական հեղաշրջում: Սակայն վերադառնալով Քոչարյանի ելույթին, նշենք, որ նա իրականում ոչ թե փորձել է հավաստիացնել, որ հրաժարվել է տարածաշրջանում իրենց շահերին հետամուտ երկրների միջեւ հակասությունները խորացնելու միջոցով հակամարտությունը սառեցնելու քաղաքականությունից, այլ պարզապես ընդգծել է, որ այն նպատակաուղղելու է, ի հաշիվ այլ երկրների շահերի, բացառապես Ռուսաստանի շահերի պաշտպանությանը: Մասնավորապես, եթե 2000թ. սկզբներին «Կովկասյան քառյակի» շրջանակներում անվտանգության համակարգ ստեղծելու Պուտինի փորձերին նա հակադրվում էր, արտահայտվելով 3+3+2 անվտանգության համակարգի օգտին, այսօր հատուկ ընդգծում է «կովկասյան քառյակի» դերը, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներում Ռուսաստանի ծանրակշիռ մասնակցության անհրաժեշտությունը: Իսկ արտահայտվելով հօգուտ երկկողմ ռազմական կապերի խորացման, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը գնահատում է որպես Անդրկովկասը կայունացնող հզոր գործոն: Պետք է ասել, որ անգամ Հայաստանի ապագան բացառապես Ռուսաստանի հետ դաշնային հարաբերություններով պայմանավորելու քաղաքականությունը չապահովեց Ռուսաստանի առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հակառակը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ՌԴ նախագահ Պուտինի կողմից պայմանավորվեց հակամարտության կարգավորմամբ, իսկ հակամարտությունը կարգավորելու ձգտումը հիմնավորվեց Ադրբեջանի հետ լիարժեք հարաբերություններ հաստատելու ցանկությամբ: Այնուհետեւ դրան հաջորդեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հայտարարությունը: Այս ամենը, անշուշտ, եւս մեկ անգամ վկայում է, որ հետագա պաշտոնավարության ընթացքում Քոչարյանը պարտադրված է լինելու կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Միաժամանակ ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներքաղաքական իրավիճակը լիովին նպաստում է հակամարտության կարգավորմանը: Մի պահ ընդունենք, որ սրբագրելով իր նախկին դիրքորոշումները, Քոչարյանն իրոք ընդունելի է համարում փուլային կարգավորումը եւ քննության առնենք, թե այդ դեպքում ինչպես կարձագանքեն ղարաբաղյան կողմը եւ 1998-ին Քոչարյանին աջակցող ընդդիմադիր կուսակցությունները: Հաշվի առնելով ղարաբաղյան կողմի վերջին տարիներին գրաված կրավորական դիրքը, դժվար է ենթադրել, որ նա որեւէ կերպ կհերքի 1997թ. փուլային տարբերակն իր կողմից ընդունելի համարելու մասին հայտարարությունը, եթե անգամ այն չի համաձայնեցվել իր հետ, կամ կհակազդի այդ տարբերակին վերադառնալու միտումներին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նույնպես բացառվում է որեւէ կարգի հակազդեցություն հետեւյալ պատճառներով: «Հայտնի ուժերի» հետ գործակցել էին բազմաթիվ կուսակցություններ, որոնք նույնպես կտրականապես մերժում էին կարգավորման փուլային տարբերակը, եւ դրանցից շատերը, չնչին բացառություններով, այսօր կրկին փորձում են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: Սակայն, ենթադրել, որ վերջիններս կհակադրվեն կարգավորումն ակտիվացնելու Ռուսաստանի նախաձեռնություններին, նշանակում է թերագնահատել Ռուսաստանի նկատմամբ նրանց բոլոր զգացմունքները: Բացի այդ, ներկայումս Քոչարյանին աջակցող կուսակցությունների գերակշիռ մասը ստեղծվել է 1998-ից հետո եւ պատասխանատու չէ Ղարաբաղի համար արյուն թափելու կոչերի համար: Եվ, վերջապես, վերոնշյալ կուսակցությունները Քոչարյանին աջակցելու մասին հայտարարել են միայն Սերժ Սարգսյանին Քոչարյանի նախընտրական շտաբի պետ նշանակվելուց հետո, ինչը նշանակում է, որ նրանք առաջնորդվելու են բացառապես պաշտպանության նախարարի հրահանգներով: Այսպիսով, թվում է, թե նախագահական ընտրություններից առաջ ստեղծված են հակամարտությունը կարգավորելու նախադրյալներ: Միջազգային հանրությունն ավելի վճռական է կարգավորում պարտադրելու հարցում, Քոչարյանը դրսեւորել է որոշակի «կառուցողականություն», իսկ ներկայիս ներքաղաքական իրավիճակը թույլ է տալիս այն կյանքի կոչել: Սակայն մյուս կողմից վերջին տարիների փորձն այնուամենայնիվ հուշում է, որ, փուլային կարգավորման տարբերակի միջոցով կառուցողականության պատրանք ստեղծելով, Քոչարյանը կշարունակի ձգձգել հակամարտության կարգավորումը, մինչեւ չունենա 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հստակ երաշխիքներ: ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել