Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂ ԷԻՆ

Փետրվար 05,2003 00:00

ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂ ԷԻՆ ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի քարոզարշավը Արարատի մարզում երեկ մի շարք տհաճ միջադեպերով է ուղեկցվել։ Նախ, Վերին Արտաշատ գյուղում, մի խումբ տղաներ՝ գյուղապետի գլխավորությամբ, քաղաքավարական այցով ներկայացել են ԱԺՄ-ի տեղական կառույցի պատասխանատուներին եւ «բարեկամաբար խորհուրդ տվել»՝ հանրահավաք չկազմակերպել, այլապես իրենք չեն կարող պատասխանատվություն ստանձնել եւ կրել հնարավոր զարգացումների դեպքում։ Արդյունքում, նկատի ունենալով լարված իրավիճակը, թեկնածուի նախընտրական շտաբը ձեռնպահ է մնացել Վերին Արտաշատում հանրահավաք անցկացնելուց։ Սակայն, ինչպես տեղեկացրեց շտաբի ղեկավար Ալեքսանդր Բուտաեւը, այս առիթով համապատասխան փաստաթղթեր են կազմվել եւ տրամադրվել ԵԱՀԿ դիտորդներին։ Իսկ Արտաշատ քաղաքում, մի խումբ «լակոտ-լուկուտներ հավաքվածների ականջներին փսփսացել են», որ չարժե այդ հանրահավաքին մասնակցել։ Մինչ այդ, ոստիկանները փորձել են վիճաբանության մեջ մտնել թեկնածուի թիմակիցների հետ՝ «մեքենաները ճիշտ տեղ չեք կանգնեցրել, կարգ եք խախտում» պատճառաբանությամբ։ Այնուհետեւ, Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ «լակոտ-լուկուտների» խումբը գոռոցներով եւ շվվոցներով խանգարել է։ Ի դեպ, այդ ամենն ի պաշտպանություն գործող նախագահի է արվել, քանզի Վ. Մանուկյանի ելույթի ընթացքում խումբը վանկարկել է՝ «Քո՛-չա՛ր- յա՛ն»։ Ալ. Բուտաեւը կասկած հայտնեց, որ «նրանց մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել»։ Հանրահավաքը դեռ չսկսած՝ ավարտելուց հետո, թեկնածուի շտաբի անդամները փորձել են տեղական իշխանություններից պարզաբանումներ ստանալ դեպքերի առիթով։ Սակայն մարզպետ Ալիկ Սարգսյանը տեղում չի եղել, իսկ տեղակալն անզոր է եղել որեւէ «բան ասելու»։ ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը կարգ պաշտպանելու պահանջով դիմել է հանրահավաքին ներկա Արտաշատ քաղաքի ոստիկանապետի տեղակալին։ Վերջինս նույնպես ձեռնպահ է մնացել միջամտելուց։ Արարատ քաղաքում թեկնածուին առավել քաղաքակիրթ անակնկալ են մատուցել։ Պարզապես հավաքված մարդկանց հայտարարել են, թե Վ. Մանուկյանի այցը հետաձգվել է եւ ոչ մի հանրահավաք էլ տեղի չի ունենալու։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել