Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջադեպ

Փետրվար 05,2003 00:00

Միջադեպ Փետրվարի 4-ին Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը հայտարարություն է արել, ուր ասված է, թե «կատարվածը տեղի է ունեցել իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչների աչքի առաջ՝ վերջիններիս կատարյալ անգործության պայմաններում», եւ, որ «հանրահավաքի եկած բնակիչների վկայությամբ՝ հարձակվողները եղել են Ռոբերտ Քոչարյանի տեղական շտաբից»։ «Այդ ամենը վկայում է, որ այդ ահաբեկչական գործողությունը, որը հետապնդել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանին սպանելու նպատակ, կազմակերպված է ՀՀ իշխանությունների կողմից», որոնք «տեսնելով ընդդիմադիր թեկնածուների եւ մասնավորապես Արամ Կարապետյանի վարկանիշի արագընթաց աճը եւ գործող նախագահի վարկանիշի նույնքան արագընթաց նվազումը, փորձում են ապավինել բիրտ ուժին եւ հենվելով քրեական տարրերի վրա՝ քաղաքական մրցակիցներին եւ բնակչությանը ահ ու սարսափի մատնել պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած քրեական տեռորի միջոցով»։ Արամ Կարապետյանի նախընտրական շտաբը՝ կատարվածը գնահատելով որպես «պետական ահաբեկչության դրսեւորում, պահանջում է սեղմ ժամկետներում բացահայտել այդ աննախադեպ ոճրագործությունը եւ խստագույնս պատժել կազմակերպիչներին եւ կատարողներին՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից եւ ազդեցությունից, անհապաղ պաշտոնանկ անել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս հանցավոր անգործություն դրսեւորած անձանց՝ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին, Արարատի մարզի եւ Արտաշատ քաղաքի ոստիկանական եւ ազգային անվտանգության կառույցների ղեկավարներին։ Հակառակ պարագայում մեզ իրավունք ենք վերապահում գործող նախագահին համարել ոճրագործության ուղղակի մասնակից»: Նախընտրական շտաբը նաեւ հայտարարել է, թե իրեն «իրավունք է վերապահում ձեռնարկելու քարոզարշավ իրականացնող անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցները եւ օրինական ինքնապաշտպանության շրջանակներում դիմել համարժեք պատասխան քայլերի»։ Միջադեպին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը. «ՀՀ նախագահական ընտրությունների՝ մինչեւ այժմ առանց միջադեպերի եւ համեմատաբար հանդարտ ընթացքի վրա ստվեր գցեցին այսօր Արտաշատում տեղի ունեցած բռնարարքները: Խստորեն դատապարտում եմ քարոզարշավը հայհոյակռվի, ձեռնամարտի ու բռնության վերածելու ցանկացած փորձ եւ համարում անընդունելի: Իրավապահ մարմիններին հանձնարարված է քննել միջադեպի բոլոր հանգամանքները եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Բոլոր թեկնածուներին եւ նրանց աջակիցներին կոչ եմ անում շարունակել քաղաքակիրթ պայքարը, թույլ չտալ սադրանքներ: Մեզ պատիվ չի բերում նման արարքը, եւ մենք որեւէ մեկին չպետք է թույլ տանք արատավորել մեր ժողովրդի անունը, կասկածի տակ առնել քաղաքակիրթ, ժողովրդավար եւ հանդուրժող հասարակություն կառուցելու նրա վճռականությունը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել