Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր դրոշի երեք գույները

Փետրվար 05,2003 00:00

Մեր դրոշի երեք գույները «Ճակատում»՝ 13 օր շարունակ Եթե ոմանց թվում է, թե Հայաստանը պարզապես Հայաստան է ինքն իր համար ու նաեւ մեզ համար, չարաչար սխալվում են։ Իրականում Հայաստանը ճակատ է, այն էլ ոչ թե մեկ ընդհանուր ճակատ, այլ՝ երեք ճակատ. կարմիր (Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Լոռի մարզերով), կապույտ (Կոտայք, Գեղարքունիք եւ Տավուշ մարզերով) եւ նարնջագույն (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք մարզերով)։ Սա «Բազե» հանրապետական երիտասարդական արշավի ղեկավարության բաժանումն է։ Այդ ղեկավարության թեթեւ ձեռքով էլ մի շարք բուհերի ուսանողներ, երգիչ-երգչուհիներ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մոտ (ԳԱԱ-ի շենք) հավաքվելով՝ իրենց սիրո խոստովանությունը հնչեցրին առ Ռոբերտ Քոչարյան եւ ուղեւորվեցին «ճակատ»։ 13 օր շարունակ հանրապետության բոլոր շրջաններում ջահելները սազն առած գովերգելու են գործող նախագահին եւ երգ ու պարի ընդմիջումներին էլ համոզելու են գյուղացի պապիկ-տատիկներին՝ ընտրել Քոչարյան Ռոբերտին։ Գործող նախագահն անձամբ չերեւաց ջահելների աչքին, բայց իր օգնականի միջոցով նախագահական (թե՞ թեկնածուական) ողջույն հղեց «Բազե» հանրապետական երիտասարդական արշավի մասնակիցներին. «Նման գեղեցիկ նախաձեռնությունները խոսում են մեր երիտասարդության ինքնակազմակերպման բարձր աստիճանի մասին։ Դրանք հարստացնում են Հայաստանի պատանիների եւ աղջիկների առօրյան եւ ոգեւորիչ են բոլորիս համար»։ Թերեւս, ճիշտ կլիներ «նման գեղեցիկ նախաձեռնությունը» նվիրվեր ընդհանրապես երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին եւ ոչ թե թեկնածուներից մեկին։ Սա դեռ քիչ է, թեկնածուն էլ բարի երթ է մաղթում իրեն գովերգելու նպատակով ճամփա ելած երիտասարդությանը։ Չենք կարող որոշել, թե արշավականները որքանով էին անկեղծ, ցավոք, անկեղծության աստիճանը չափելու հնարը զուտ տեսողական է, զգայականը կարող է սուբյեկտիվ լինել։ Իսկ տեսածներս այն էր, որ երիտասարդները ոգեւորված էին, ուրախ էին ու երջանիկ։ Պատճառը կարող էր լինել կամ իրական համակրանքն իրենց ֆավորիտ թեկնածուի հանդեպ, կամ ընկերների հետ ճանապարհ գնալու եւ մի քանի օր հայրենի երկրում շրջելու հեռանկարը։ Այնուամենայնիվ, մեր զրուցակիցներից երկուսը՝ երգիչ Ֆորշը եւ երգչուհի Սյուզան Մարգարյանը սիրո խոստովանություն արեցին։ «Առավոտի» «Քանի որ մասնակցում եք այս արշավին, ուրեմն ենթադրելի է, որ ձեր համակրելի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է» հարցին Ֆորշը պատասխանեց. «Բնականաբար»։ Իսկ ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը համակրելի։ «Որովհետեւ կարգին մարդ ա»,- եղավ Ֆորշի կարճ պատասխանը։ Իսկ երգչուհի Սյուզան Մարգարյանը (հասկանալի պատճառներով վերջինիս համակրելի թեկնածուն եւս Ռոբերտ Քոչարյանն է), ասաց. «Ես ուղղակի հավատում եմ նրա սկսած գործին եւ ուզում եմ իմ հայրենիքը տեսնել փառապանծ ապագայով եւ ընտրում եմ Ռոբերտ Քոչարյանին»։ Երիտասարդական արշավի մասնակիցներին ճանապարհելուց առաջ հաղորդավարը խրոխտ ձայնով հայտարարեց, որ հանրապետության երիտասարդները «կառուցողական եւ պետականամետ դիրքորոշում» ունեն եւ ընտրում են… Ռ. Քոչարյանին։ Նախագահական քարոզարշավի օրերին բոլոր թեկնածուների օգտին կազմակերպված հանրահավաքների ժամանակ պարզապես հալից ընկել է հայերեն գեղեցիկ «ոգեկոչել» բառը, որը բարդ բառ է եւ «թարգմանաբար» նշանակում է ոգի կանչել եւ գործածվում է բացառապես, երբ խոսքը հանգուցյալների մասին է։ Բայց երբ Ազգային ակադեմիայի հրապարակում ի լուր երկրի ապագայի եւ ամբողջ Բաղրամյան պողոտայի հնչում է. «Մեր դրոշի երեք գույները խորհրդանշող ճամբարներն այսօր պատվով, հազարագանձ ժողովրդի սերունդ լինելու գիտակցությամբ ուղեւորվելու են հանրապետության բոլոր մարզերն ու ավանները, ուր թեւածող երգ-երաժշտությամբ կմիանան մեր բոլորի սրտերն ու միասին կոգեկոչեն մեզ ու աշխարհասփյուռ հայությանը»… Շարունակությունը նույն ոգով է եւ պարզապես սարսռում ես նման «ոգեկոչման» արարողություններից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել