Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԿՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Փետրվար 05,2003 00:00

ՄԿՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Եթե հերթական դատական քաշքշուկի հետեւանքով դարձյալ չձգձգվեր կապուղիների մրցույթը՝ երեկ արդեն հայտնի կլինեին հաղթողները եւ պարզ կդառնար՝ արդյոք անկախ հեռուստաընկերություններին հնարավորություն տրվելո՞ւ է վերադառնալ եթեր: Այս խնդիրների շուրջ զրուցեցինք «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ: -Կարծում էինք, թե փետրվարի 4-ին «Ա1+»-ը կստանար արտոնագիր, եւ սա կնպաստեր գործող նախագահի քարոզարշավին՝ կփաստարկվեր, թե երբ հեռուստաընկերությունն ավելի պատրաստված ներկայացավ մրցույթին՝ հաղթեց, ուստի չկա քաղաքական պատվեր: Քարոզչական նման հնարք գործադրելուց զորեղ պատճառնե՞ր կային մրցույթը դարձյալ ձգձգելու համար: – Նախագահ Քոչարյանն ի սկզբանե մի կարգադրություն է արել՝ փակել «Ա1+»-ը, բայց դեռեւս չի տվել բացելու կարգադրություն: Եվ ենթադրում եմ, թե նա մրցույթի ժամանակ էլ չի տա բացելու հրահանգ: – Սակայն ըստ բազմիցս արված մեկնաբանությունների՝ անկախ հեռուստաընկերությունները չեզոքացվեցին, որ չկարողանան լուսաբանել նախագահական ընտրությունները: Կարծում եք, որ այժմ խնդիր կա նրանց եթերազրկած պահել նաեւ մինչեւ խորհրդարանակա՞ն ընտրությունները: – Դատելով արդեն իսկ առկա զարգացումներից՝ կանխատեսելի է, թե ինչպես են ընթանալու ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունները: Եթե «Ա1+»-ը գործեր այս ընթացքում՝ դրսեւորելու էր նույն անաչառ վերաբերմունքը, որ դրսեւորել էր 1996-ի կամ 1998-ի ընտրությունների ընթացքում կամ 1999-ի հոկտեմբերի 27-ին: Ըստ այդմ՝ խանգարելու էր իշխանություններին, ընկնելու էր ոտքերի տակ: Առաջին պլանում այժմ ընտրություններն են, եւ նրանք այդ խնդիրն են լուծում: Ուստի աշխատում են հնարավորինս ձգձգել մրցույթը, թեեւ դեռ պարզ էլ չէ՝ «Ա1+»-ը հաղթելո՞ւ էր, թե՞ ոչ: Բայց համենայն դեպս՝ անհրաժեշտ են գտնում պաշտպանվել: Եվ այդ նպատակով հրահրում են գզվռտոց հեռուստաընկերությունների միջեւ: – Իսկ գուցե այդ հեռուստաընկերություններն իրե՞նք են իրենց պաշտպանում ուժեղ մրցակցից՝ առանց որեւէ հրահանգի: Չէ՞ որ նրանցից ոմանք արդեն հրապարակավ են արտահայտվում, որ եթե «Ա1+»-ը չի մտածում 5-ի մասին եւ գրեթե բոլորի կապուղիների համար հայտ է ներկայացրել՝ իրենք ինչո՞ւ պիտի մտածեն «Ա1+»-ի մասին: – Այդ հայտարարության հեղինակին՝ «Երեւան» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բաբկեն Բարսեղյանին վերաբերվում եմ մեծ հարգանքով՝ որպես իմ գործընկերոջ, հեռուստաոլորտի փորձառու մասնագետի (ժամանակին նա էր կապուղիներ տրամադրում հեռուստաընկերություններին): Հասկանում եմ նրա նյարդայնությունը: Բա՛յց: Այո՛, «Ա1+»-ն այսօր չի մտածում այդ հեռուստաընկերությունների մասին, քանի որ այդ նույն 5-ն ընդհանրապես չմտածեցին «Ա1+»-ի մասին, երբ «տանկով» անցան մեր վրայով: Ինչո՞ւ ես պետք է այժմ մտածեմ՝ «Երեւանը» կունենա՞ կապուղի, թե՞ ոչ, երբ այդ հեռուստաընկերությունը ստորագրում էր այն չարաբաստիկ հայտարարությունը, թե խոսքի ազատությունը վտանգված չէ, այսինքն՝ «Մենք պատրաստ ենք ծառայել ձեզ, պրն նախագահ»: Դե, ծառայե՛ք մինչեւ վերջ: Պրն Բարսեղյանը կարծում է, թե ամոթի զգացո՞ւմ պիտի ունենամ իր նկատմամբ: Իսկ նա ամաչո՞ւմ է, երբ ինձ տեսնում է փողոցում: Հաստատ՝ ոչ: Ինչպե՞ս եղավ, որ «Ա1+»-ի կապուղու համար մրցույթն ապօրինություններով շահեցին՝ նրանցից ոչ մեկը ձայն չհանեց, առանց մտածելու, որ այդ ուղտն իրենց դռանն էլ է չոքելու: Իսկ այսօր ընդվզո՞ւմ են այդ նույն ձայն չհանողները: Ընկել են նույն թակարդի մե՞ջ: Հակադիր հարցը տամ՝ ինչո՞ւ պիտի միայն «Ա1+»-ն ընկնի այդ թակարդն ու տուժի: Եթե թերի օրենք է՝ ձայն բարձրացրեք: Թերի հանձնաժողով է՝ ձայն բարձրացրեք: Թերի դատարան է՝ ձայն բարձրացրեք: – Դատարան դիմելով՝ հեռուստաընկերությունները փոխել են այն հիմնավորումները, որ ներկայացրել էին Ազգային հանձնաժողովին՝ խնդրելով լրամշակման համար վերադարձնել իրենց մրցութային առաջարկները: Այն է՝ եթե այն ժամանակ հիմնավորում էին, թե ցանկանում են ժամկետային խմբագրումներ կատարել, այժմ արդեն պատճառաբանում են, որ խախտվել է մրցույթի հավասարության սկզբունքը, քանի որ «ՆՏ»-ն առաջարկ ներկայացնելիս ծանոթ էր իր նշած կապուղու համար մրցույթի մասնակիցների ցանկին: Համոզի՞չ փաստարկ է: – Ոչ: Թող մրցույթի գաղափարը չհասցնեն աբսուրդի: Եթե հայտ ես ներկայացնում՝ հաղթանակի նպատակ պիտի հետապնդես, առանց հաշվի առնելու՝ ունենալո՞ւ ես մրցակիցներ, թե՞ ոչ: Եթե մրցույթին մասնակցել էին այն հույսով, թե «Ա1+»-ը կամ «ՆՏ»-ն իրենց կապուղու համար հայտ չեն ներկայացնելու՝ այլ խնդիր է: Ուրեմն նրանք լավ չէին պայմանավորվել պրն Ամալյանի հետ: Հետո՝ ի՞նչ է նշանակում «վերանայել մրցութային փաթեթը»: Եթե նրանք ծրագիր են ներկայացրել 7 տարվա համար, ներդրողները տվել են երաշխիքներ եւ ապահովել հեռուստաընկերության 7 տարվա գործունեությունը՝ 2-3 ամիսն ի՞նչ է փոխելու: Շատ զարմանալի են այս անհեթեթ պատճառաբանությունները, որ ակնհայտորեն միայն մի նպատակ են հետապնդում՝ ժամանակ ձգել: Այդ պատճառով եմ տեսնում միտում եւ համոզված եմ, որ շարունակում են խաղալ նույն խաղը, որ սկսել են անցած տարվա ապրիլի 2-ին: Ինձ համար այժմ արդեն ծիծաղելի է այս մկնային իրարանցումը: Ես ընդամենը ցանկանում եմ, որ լինի բաց մրցույթ, ու եթե հաղթեմ, կսեղմեմ պարտվողի ձեռքն ու կառաջարկեմ աջակցությունս, քանի որ լավ եմ պատկերացնում աշխատող մեխանիզմը կոտրելու հետեւանքները: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել