Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Փետրվար 05,2003 00:00

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Կան վիրավորներ Քարոզարշավը ծանր նստեց նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի վրա։ Երեկ Արտաշատի հրապարակում ամբոխը հարձակվել է ԱԺ պատգամավոր, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանի վրա, դաժանաբար ծեծի ենթարկել, դանակահարել նրան։ Հ. Բաբուխանյանը, նրա թիկնապահը՝ Վահան Ղազարյանը եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի եղբայրը՝ Հրայրը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում էին 6-րդ հիվանդանոցում։ Վահան Ղազարյանը վիրավորվել էր գլխից եւ աջ ձեռքից։ Վահան Ղազարյան.- Ժողովուրդը մեծ շուքով ընդունեց մեզ Արարատում, Մեծ եւ Փոքր Վեդիում։ Չէինք պատկերացնում, որ այսպես կընդունեին մեզ Արտաշատում։ Հավաքվել էին երեւի թե 4000 հոգի։ Երբ հասանք հրապարակ, ամբոխը շրջապատեց, կարճ արմատուրայի կտորներ ձեռքներին խփում էին մեզ… Ալիսա Ամիրխանյան, ՍԻՄ-ի անդամ, ականատես.- Փոքր Վեդիից ես, Վահանը, պարոն Բաբուխանյանը շարժվեցինք Արտաշատ, մինչ Կարապետյանը կգար։ Մթնոլորտը ոնց որ խառը լիներ։ Բաբուխանյանը երբ ուղղվեց դեպի հարթակ, ամբոխը գնաց նրա ետեւից։ Մենք սովորական ընդունեցինք, կարծեցինք, թե ժողովուրդը գնում է նրա ետեւից։ Մեկ էլ այն նկատեցինք, որ լցվեցին Հայկի վրա։ «Իջեք, գնացեք, ո՞վ է ձեզ թողել՝ եկել եք այստեղ»,- լսվում էր։ Բաբուխանյանն ասաց՝ եթե չեք ուզում լսել, մի մնացեք։ Ետեւի շարքերում կային Քոչարյանի շտաբից։ Երբ ամբոխը նորից շարժվեց դեպի Բաբուխանյանը, նա օդ կրակեց։ Գոռացին՝ «խի՞ ես կրակում»։ Մենք ասացինք՝ «Պատգամավոր է, հարձակվել են վրան, ինքն իրավունք ունի»։ Հարձակվողներից մեկը կարծես ուռած լիներ։ Հարթակի վրա գցեցին Հայկին, 10 մետր տշելով տարան։ Արարատի մարզի շտաբի մեր պետերին այս ու այնկողմ շպրտեցին։ Մեկ էլ այն լսեցի, որ գոռում են՝ «Բաբուխանյանը չկա, բերում են մեռած»։ Հասա, սկսեցի բոլորին խփել, կողքս միլիցիոներներ էին, գոռում էի՝ «ինչի՞ համար եք կանգնել, ինչո՞ւ չեք միջամտում, անասուններ»։ Ասում էին՝ «անասուն մի ասա, քեզ կարգին պահի», ու չէին միջամտում։ Տեսա Վահանին ընկած, էլի քաշում էին։ Թե ոնց սաղ մնացին Վահանն ու Հայկը, հիմա էլ ցնցվում եմ։ Հրայր Խաչատրյան.- Երբ հասանք Արտաշատ, շտաբի պետը մեզ ասաց, որ երեւի կռիվ լինի։ Երբ բարձրացանք հարթակ, 50-60 հոգի խմած, հաշիշ օգտագործած, անընդհատ «հու՜» էին գոռում, խանգարում։ Բաբուխանյանն ասաց՝ «եթե չեք ուզում, մի խանգարեք»։ Այլանդակ հայհոյանքներ էին տալիս մեզ, գոռում էին՝ «Ո՞ւր էիք տասը տարի, նո՞ր եք եկել»։ Կազմակերպված էր, ԳԱԻ-ի աշխատողներ էլ կային այնտեղ։ Երբ շրջապատեցին Բաբուխանյանին, նա օդ կրակեց, որպեսզի հանգստանային, քիչ հետո սկսվեց ջարդը։ Անձամբ բոլորին գիտեմ, ճանաչում եմ։ Արամ Կարապետյան, նախագահի թեկնածու.- Ցավոք, ներողություն կխնդրենք ժողովրդից, որովհետեւ թե՛ Արտաշատում, թե Մասիսում հավաքվել եւ մեզ են սպասել։ Ինձ թվում է, կատարվածը այն ռեակցիան էր, որը մեր հանդիպումներից հետո դրսեւորում են իշխանությունները, որովհետեւ Վեդիում նման հանրահավաք չի եղել նույնիսկ 88-ին։ Իշխանությունները հերթական շատ մեծ սխալն են անում։ Էլ ավելի սրելու են, վատ վիճակում են դնելու իրենց։ Ես կուզեի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կարծիքն իմանալ կատարվածի մասին։ Խորհուրդ կտամ, որ հասկանան. ժամանակը վերջացել է, պիտի թողնեն-գնան։ Եթե որոշել են այսպես պահել իշխանությունը, հավատացնում եմ՝ վատ վիճակում են դնելու իրենց։ Ա. Կարապետյանից փորձեցինք ճշտել, թե կատարվածը կազդի՞ իրենց հետագա քարոզարշավի վրա, նա պատասխանեց, որ որեւէ մեկից ոչ վախենում է, ոչ կկաշառվի։ Իսկ եթե խոսքին կպատասխանեն ուժով, նա պատրաստ է համարժեք պատասխան տալ։ Մինչեւ ժամը 20-ը որեւէ պաշտոնական պատասխանի, թե կան ձերբակալվածներ կամ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել, տեղյակ չէինք։ Վիրավորների վիճակը, բժիշկների հավաստմամբ, հուսադրող էր։ Միակ շտաբի ներկայացուցիչը, որը այդ ծանր պահին գտնվում էր հիվանդանոցում, Արտաշես Գեղամյանի շտաբի պետ, պատգամավոր Աղասի Արշակյանն էր։ ՍԻՄ-ը հանդես կգա քաղաքական հայտարարությամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել