ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, մոտ օրերս պատրաստվում է մեկնել Իսրայել եւ փետրվարի 12-ին Թել-Ավիվում ընկերական հանդիպում անցկացնել այդ երկրի ընտրանու հետ։ Այս մրցուղերթը, փաստորեն, մեր ազգային հավաքականի առաջին գործնական միջոցառումն է Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության այս տարվա ծրագրում։ Հիշեցնենք, որ Հայաստանը ընդգրկված է 6-րդ խմբում եւ արդեն փետրվարի 29-ին Երեւանում անցկացնելու է 2003թ. առաջին պաշտոնական խաղը Հյուսիսային Իռլանդիայի հետ։ Ա. Ադամյանը հավաքական է հրավիրել նաեւ լեգեոներականներին, որոնք տեղացի ֆուտբոլիստների հետ միասին կազմում են թիմի կորիզը։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք իրենց ակումբներում նախապատրաստվում են նոր մրցաշրջանին, մեր հավաքականին են միանալու Թել-Ավիվում։ Մասնավորապես, հրավիրված թեկնածուների մեջ են Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, «Զենիթից»՝ Սարգիս Հովսեփյանը, Սամարայից՝ Կարեն Դոխոյանը, նախկին տորպեդոյական Ալբերտ Սարգսյանը, «Սատուրնից»՝ Անդրեյ Մովսիսյանը, Մոսկվայի «Տորպեդոյի» սան Կարեն Օհանյանը։ Ադամյանը նաեւ մտադիր է փորձարկել նորեկների, որոնց մեջ է այս մրցաշրջանից «Փյունիկ» տեղափոխվող երիտասարդ Էդուարդ Պարցիկյանը։ Նա հանդես է եկել Ռուսաստանի «Ժեմչուժինայում» եւ «Ռաբինում»։ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի միջազգային օրացույցով նշանակված ազգային հավաքականների ընկերական հանդիպումների (փետրվարի 12) համար, բացի Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայից, հրավերներ էր ստացել նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Պանամայից։ Սակայն նպատակահարմար է համարել Իսրայելը, որի ազգային հավաքականն, ի դեպ, ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում (հունվար) 46-րդն է։ Ուրախացնող է մեկ այլ հանգամանք եւս։ Այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը ու գործնական կապեր հաստատում տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկություն են հայտնել մարտի կեսերին հյուրընկալել մեր երիտասարդական հավաքականին եւ ընկերական խաղ կազմակերպել իրենց օլիմպիական թիմի հետ։ Իսկ մի փոքր ավելի ուշ՝ մարտի 23-30-ը Հայաստանի երիտասարդականին երկու ընկերական խաղի են հրավիրել Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ օլիմպիական հավաքականը։ Թե այս հրավերներին ի՞նչ կպատասխանեն ՀՖՖ-ում, առայժմ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա։ Մի բան հայտնի է. որքան շատ լինեն միջազգային խաղերը, այնքան կբարձրանա հայկական ֆուտբոլի ընդհանուր մակարդակը, հետեւաբար, նաեւ հեղինակությունը։ Իսկ ինչ վերաբերում է մեր մրցակցին՝ Իսրայելի ազգային հավաքականին, այն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հանդես է գալիս 1-ին խմբում՝ Ֆրանսիայի, Սլովենիայի, Կիպրոսի եւ Մալթայի հետ միասին։ Իսրայելցիներն առայժմ անցկացրել են մեկ խաղ հոկտեմբերին՝ Մալթայում եւ 2։0 հաշվով հաղթել են։ Ներկայումս Իսրայելը խմբի մրցաշարային աղյուսակում 3 միավորով ընթանում է երկրորդ տեղում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ