Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԻՀ-ի հեղափոխությունը տոնվեց Հայաստանում

Փետրվար 04,2003 00:00

ԻԻՀ-ի հեղափոխությունը տոնվեց Հայաստանում Փետրվարի 10-ին իրանցիները տոնում են Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 24-րդ տարեդարձը՝ Իսլամական Հանրապետության անկախության եւ ազատության օրը։ Իսլամական հեղափոխությունը սոցիալ-քաղաքական եւ մշակութային խոր արմատներ ունեցող իրադարձություն էր, որ ուղեկցվեց քաղաքական հին կարգերի՝ նորով փոխարինմամբ եւ իշխանությունների փոխանցմամբ։ Երեկ Իրանի Իսլամական հեղափոխության 24-րդ տարեդարձը նշվեց նաեւ Հայաստանում։ Այս առիթով Պարոնյան թատրոնի ցուցասրահում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին իրանցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները՝ մանրանկարներ, լուսանկարներ, գորգեր եւ այլն։ Ցուցասրահում հնչում էր նաեւ իրանական բարձրաճաշակ երաժշտություն։ Ի դեպ, ճանաչված երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը նկատեց, որ իրանական հայտնի մուղամներից 6-ի հեղինակը հայ է եւ մինչ այժմ իրանցիները սրբորեն կատարում են դրանք։ Հյուրերը իրենց ելույթներում կարեւորում էին հեղափոխությունը եւ դրա հետ կապում իրենց երկրում արվեստի բոլոր ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ կնոջ դերի բարձրացումը։ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին նշեց, որ Հայաստանի եւ Իրանի բարեկամական կապերն ամուր հիմքերի վրա են, եւ հատկանշական է, որ անցած երկու տարվա ընթացքում այս երկրների միջեւ փոխանակվել են ավելի քան 120 գիտական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական պատվիրակություններ։ Ի դեպ, այս տարի բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանում, մեր երկիր կժամանեն նաեւ նրանց թատերախմբերը։ 2002 թվականին մոտ 30 երկրներում անց են կացվել իրանական ազգային արվեստների նմուշների ցուցահանդեսներ, երաժշտական եւ թատերական միջոցառումներ: Աճել է նաեւ օտարերկրյա լրատվական գրասենյակների թիվը Իրանում, ինչպես նաեւ՝ 77 երկրներից ժամանած շուրջ 1068 լրագրողի հանձնվել է վկայական: Միջոցառմանը ներկա իրանցի արվեստագետներից շատերը, ովքեր առաջին անգամ էին այցելել Հայաստան, նկատեցին, որ մշակութային առումով Հայաստանն ու Իրանը բավական ընդհանրություններ ունեն։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել