Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ Այսօր աշխարհի բոլոր երկրների ղեկավարների, բոլոր լրատվամիջոցների եւ հանրության ուշադրության կենտրոնում է սպասվող ամերիկյան երկրորդ պատերազմը Իրաքի դեմ:Ի՞նչ տեղի կունենա մինչեւ պատերազմի սկսվելը եւ պատերազմի ավարտից հետո: Այս կարեւոր հարցերի պատասխաններն են որոնում մարդիկ աշխարհի տարբեր մասերում: Եթե մինչեւ պատերազմի սկսվելը Հուսեյնը զինաթափվի եւ հրաժարվի իշխանությունից, որը շատ քիչ հավանական է, ԱՄՆ-ը ինքնաբերաբար կդառնա աշխարհի գլխավոր «դիրիժորը», իսկ աշխարհակարգը XXI դարում այլեւս կլինի միաբեւեռ, անկախ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դիրքորոշումներից: Եթե Հուսեյնը ինքնակամ չզինաթափվի, ԱՄՆ-ը կսկսի պատերազմը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով, կամ առանց դրա, եւ այն կավարտի շեշտակիորեն ու կրկին կհաստատվի որպես գլխավոր, բայց արդեն ավելի հզոր «դիրիժոր», իսկ աշխարհը կդառնա ընդգծված միաբեւեռ աշխարհ: Իմ կարծիքով, մինչեւ փետրվարի 5-ը, երբ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնի ԱՄՆ հետախուզական ծառայությունների նյութերը, որոնք հիմնավորում են ԱՄՆ-ի հաստատակամությունը Հուսեյնի վարչակազմին զինաթափելու գործում, Ռուսաստանը եւ Չինաստանը կհայտարարեն իրենց աջակցությունը ԱՄՆ-ին՝ մտնելով կոալիցիայի մեջ, այլապես նրանք կկորցնեն աշխարհի կարեւոր հարցերում որեւէ լուրջ դերակատարում ունենալու իրենց այսօրվա շանսերը, ինչպես նաեւ կզրկվեն ԱՄՆ աջակցությունից՝ իրենց տնտեսությունները զարգացնելու հարցում: Եթե Ռուսաստանն ու Չինաստանը համառեն, ապա ԱՄՆ-ն կսկսի պատերազմը առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության, շեշտակիորեն կհաղթի պատերազմը եւ անիմաստ կդարձնի ՄԱԿ-ին եւ նրա Անվտանգության խորհրդին եւ դրանով իսկ այլեւս կբացառի Ռուսաստանի եւ Չինաստանի համար ցանկալի աշխարհի կառավարման «կլոր սեղանի մոդելը» եւ XXI դարում մարդիկ կապրեն ԱՄՆ կենտրոնով միաբեւեռ աշխարհում: Բայց իմանալով Պուտինի ճիշտ կողմնորոշվելու ընդունակության մասին, կարելի է վստահ ասել, որ Ռուսաստանը կոալիցիային միանալու հայտարարությունը կանի ավելի շուտ, քան Չինաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի լիդերները, դրանով իսկ ընդգծելով Ռուսաստանի առանձնահատուկ դերը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների դաշտում եւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարեւորությունը գլոբալիզացվող աշխարհում: Այդ քայլով Պուտինը կփորձի աշխարհակարգը հստակ միաբեւեռից վերածել «կվազի երկբեւեռի»՝ ԱՄՆ հիմնական եւ Ռուսաստան (մի քիչ թույլ) երկու բեւեռներով: Գերմանիան հնարավոր է, որ ձեռնպահ մնա՝ ելնելով Շրյոդերի ամբիցիաներից կամ ապագայում իսլամական աշխարհի համար «ամենաընդունելին» դառնալու հաշվարկից, կամ հնարավոր է աջակցի մասնակիորեն պատերազմը սկսվելուց հետո: Ֆրանսիան հավանական է, որ կհայտնի իր աջակցությունը ԱՄՆ-ին կամ, որը ավելի քիչ հավանական է, Գերմանիայի նման դիրքորոշում հանդես կբերի, բայց թեկուզ որոշ կողմնակի աջակցություն ցուցաբերելով: Եթե Ֆրանսիան եւ Գերմանիան չսատարեն ԱՄՆ-ին, մինչեւ պատերազմը կամ թեկուզ չաջակցեն ԱՄՆ-ին Իրաքի հետ պատերազմում, իսկ այնուհետեւ նաեւ Հյուսիսային Կորեայի հարցում, ապա ԱՄՆ-ը չափազանց գրագետ կօգտագործի Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ առկա բազմաթիվ պատմական ու ներկա պրոբլեմները, Եվրամիության եւ աշխարհի ապագայի հարցում նրանց ունեցած ամբիցիաները, ինչպես նաեւ Եվրոպայում ֆրանս172գերմանական լիդերության հակակշռման նպատակով ձեւավորված Անգլիա-Իսպանիա-Իտալիա եռյակի (այսպես կոչված՝ «նոր Անտանտի») եւ եվրոպական այլ երկրների ու Ֆրանսիա-Գերմանիա զույգի միջեւ առկա հակասությունները, եւ այդ զույգին ետպատերազմյան տարիների ընթացքում աստիճանաբար կզրկի նույնիսկ Եվրամիության լիդերության հավակնություններից: Եվրոպայի լիդեր կդառնա Անգլիան՝ Իսպանիայի եւ Իտալիայի հետ ալյանսով: Իսլամական աշխարհը կճեղքվի մինչեւ պատերազմը, իսկ պատերազմից հետո կամրապնդվեն Թուրքիայի դիրքերը, եւ նա կհայտնվի քաղաքակիրթ իսլամական աշխարհի առաջնորդի դերում: ՌՈՒԲԻԿ ԵԳՈՐՅԱՆ «ԷԴՈՒԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ» ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնի ղեկավար