Կրթությանը փուչ խոստում էլ բաժին չի հասնում Նախագահի թեկնածուներն իրենց գովազդային հոլովակներում եւ նախընտրական ծրագրերը կազմելիս ակնհայտորեն կարեւորում են միայն արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնադրույթները: Ընդ որում՝ ամենածավալունը, որպես կանոն, տնտեսական քաղաքականության հատվածն է լինում: Իսկ կրթությանն ու գիտությանը նրանց անդրադարձից կարելի է պատկերացում կազմել մեր այս ոլորտի վիճակի մասին. վերջինս միշտ էլ ամենաշատ անտեսվածն է եղել, եւ մեր թեկնածուներն էլ նույնիսկ նախընտրական շրջանում խոստումներ չեն կարողանում շռայլել այստեղ: Դրանց հանգամանալից չեն անդրադարձել անգամ ոլորտին գործնական առնչություն ունեցողները՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արամ Զավենի Սարգսյանը, որ ժամանակին դասավանդել է Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումում, ԵՊՀ դասախոս Արամ Հարությունյանը, որն իր ծրագրի «Մշակույթ եւ կրթություն» հատվածում սահմանափակվել է մեկ տողով՝ «Մշակույթը որպես ազգի հարատեւման կարեւորագույն գործոն՝ կդառնա պետության հոգածության առարկա»: Էլի ոչ մի խոսք կրթության մասին: Այս հանգամանքը պրն Հարությունյանը բացատրում է այսպես. «Մենք պոպուլիզմից հեռու ենք, չնայած առաջնորդվում ենք այնպես, որ ցանկացած կարեւոր բան պետք է այնպես մատուցվի, որ ամենավատ հասկացող մարդը հասկանա, բայց մենք չենք իջնում պոպուլիզմի մակարդակի: Մեզ մոտ ամեն ինչը համակարգված է. պետություն, կուսակցություն, ժողովուրդ: Կարող է լինել պետություն, դպրոց, աշակերտ: Ինչ է նշանակում այդ համագործակցությունը, այդ երեք գագաթներով եռանկյունը. պետությունը՝ նախարարության տեսքով, ազդում է դպրոցների վրա, իհարկե, այստեղ դպրոցների, բուհերի հետ կապված հարցեր էլ կան: Այսօր տարբեր բուհերում տարբեր աշխատավարձեր են. ո՞նց են որոշում, ո՞վ է որոշում: Այստեղ կոնկրետ ինձ համար կարեւոր է, թե վերահսկող մարմինը բուհում ով է: Մինչեւ վերջերս ես ԵՊՀ-ի ընդլայնված խորհրդի անդամ էի: Երբ արդեն զգացին, որ կարող են սուր ելույթներ լինել, կազմակերպվեց, որ ես հաջորդ անգամ կազմում չընտրվեմ: Ընդ որում՝ բավական կոշտ տարբերակով: Խնդիր էր դրված, որ Արամ Հարությունյանը չանցներ: Պատճառն այն է, որ Արամ Հարությունյանը կողմնակից է ժողովրդավարության, ընդ որում՝ ոչ միայն պետության, այլեւ բուհի, ֆակուլտետի մակարդակով: Ընդհանրապես որեւէ բուհում ընդլայնված խորհուրդը պիտի աշխատող լինի, դրանից նաեւ կախված է դասախոսի սոցիալական վիճակը, կրթական համակարգի որակը, որովհետեւ այդ ամեն ինչը կապված է, կներեք, գումարի հետ: Դասախոսը չի կարող լսարանում այնպես տրվել, եթե ինքը չունի այդ հնարավորությունը (խոսքը ֆինանսական հնարավորությունների մասին է- Հ. Բ.): Պետք է աբիտուրիենտի պարապի, իսկ դա արդեն սպանում է դասախոսին: Երբ ստեղծագործող մարդը 10-րդ դասարան հասած երեխային սկսում է ժամերով բացատրել, արդեն զզվում է գրիչից էլ, գիտությունից էլ, նա էլ ո՞նց պիտի ստեղծագործի: Դա լուրջ պրոբլեմ է հատկապես երիտասարդների համար, որ ստիպված են պարապել աբիտուրիենտի հետ: Եթե ուսուցիչը մտնում է ոչ այնպես հագնված, նա արդեն հոգեբանորեն պարտված է բջջայինով աշակերտի մոտ: Սրանք հիմնական պրոբլեմներն են, որ ջարդում են եւ դպրոցը, եւ գիտությունը»: Քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանն էլ է, ի դեպ, նկատել. «Բոլոր թեկնածուները նույն բանն են կրկնում, իմը մի քիչ տարբեր է, որովհետեւ ես գիտությունը մի քիչ ավելի լավ գիտեմ»: Գիտությանն ամենամոտ կանգնած այս թեկնածուն ոլորտում հատկապես առանձնացնում է դպրոցների վիճակը, որ ծանր է աշակերտների եւ ուսուցիչների սոցիալական վիճակի, դպրոցներում պարբերաբար արհեստականորեն ներմուծվող փորձարարական մեթոդների ու անորակ դասագրքերի պատճառով, եւ կրթական համակարգի հիմքում պարտադիր է համարում «իրեն արդարացրած խորհրդային համակարգի ներդրումը՝ զարգացնելով այն ժամանակակից, փորձված մեթոդներով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ