«ԱՅՍՏԵՂ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Է» Բացված աշխատատեղերի հասցեն այսպես են մատնանշում Լոռու մարզի մեր հայրենակիցները։ Նրանց ապրելակերպի մասին «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հնարավորություն ունեցանք տեղում՝ նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավի ընթացքում։ Ընդունելով, որ հատկապես ընդդիմադիր թեկնածուների հետ մեծ մասամբ հանդիպման է գալիս բնակչության դժգոհ ու գործազուրկ հատվածը, եւ մեր երկրի տվյալ տարածաշրջանի բնակչության կենսամակարդակի ու սոցիալական վիճակի մասին նրանցից արված մեր հարցումների հիման վրա ստացված պատկերը կարող է եւ ոչ ամբողջական լինել, այնուամենայնիվ, տպագրում ենք այն ամենի մի մասը, որ արձանագրել է մեր ձայնագրիչն ու ֆոտոխցիկը։ Որովհետեւ դա էլ է մեր իրականության մի մասը, ընդ որում, այն հատվածը, որից երկրի իշխանություններն ամենաքիչն են տեղեկացված։ Մեր՝ «Ինչպե՞ս եք ապրում», «Ի՞նչ առաջընթաց կա», «Ինչպե՞ս է ձեր վիճակը» հարցերին չնչին բացառություններով տրվում էին նույն պատասխանները. «Շատ լավ չի», «Բոլորովին առաջընթաց չկա», «Չէ, ի՜նչ առաջընթաց», «Ո՜վ է ասում աշխատատեղ» եւ այլն։ Հատկապես դժգոհ էին աշխատատեղերի բացակայությունից։ Եթե մեր 2-3 տասնյակ հարցված զրուցակիցների խոսքերից դատելու լինենք, ապա խոստացված ու, ըստ պաշտոնական աղբյուրների, բացված 40 հազար աշխատատեղերից ոչ մեկն էլ այս մարզին բաժին չի ընկել։ Եթե, իհարկե, չհաշվենք Վանաձորի «Քիմպրոմը», որի այսօր փաստացի չգործող աշխատատեղերն էլ են հաշվարկված այդ ցուցանիշում։ Մեր զրուցակիցներից մեկի մեկնաբանությամբ, «մի արտասահմանցի փայ մտավ, էդ էլ վերացրին մեջտեղից»։ Այսպիսով, Վանաձորի գործազուրկներից մեկն էլ Մարինե Գրիգորյանն է, որն իր նույնպես գործազուրկ ամուսնու հետ «մի կերպ գոյություն ենք քարշ տալիս։ Բարձրագույն կրթությամբ ես էլ, ամուսինս էլ տանը նստած ենք»։ Ինչ վերաբերում է «շուկայում կանգնելուն», ապա դա էլ, ըստ նրա, «պիտի խառնվածքիդ համապատասխանի։ Պրեստիժի հարց է»։ Նույն վիճակում է Սյուզաննա Ղալումյանը. «Բարձրագույն մանկավարժական կրթություն ունեմ, ընտանիքում ոչ մեկս չենք աշխատում»։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են ապրում, պատասխանում էին. «Եթե չլինի Ամերիկայից (հարազատներից) օգնությունը, շուտով կսպառվենք»։ Իսկ կուրթանցի Ռիմա Բաղրամյանի համար 3600 դրամ նպաստը քիչ է, որովհետեւ առաջին կարգի հաշմանդամ երեխա ունի, իրենք փախստական են, հող չունեն, ամուսինն էլ, ինքն էլ չեն աշխատում։ Իսկ նպաստը երեխայի բուժման համար անհրաժեշտ հոգեմետ դեղերի համար էլ չի հերիքում։ Որքան էլ անսպասելի էր, Երեւանում աջ ու ձախ գեներալի կոչումներ բաժանելը ոչ մի բանով չի լավացնում մեր երկրի հեռավոր շրջաններում բնակվող երկրապահների ապրելակերպը։ Նույն գյուղի բնակիչ, երկրապահ Սերժիկ Ղարաջյանը վկայում է, որ «իմ, իմ զինակից ընկերների վիճակը ծանրացել է։ Երկրապահի տղաներին ոչ մի բանով չեն օգնում»։ Նույնպես երկրապահ ու աֆղանցի Սուրիկ Մաթեւոսյանի ներկայացմամբ, «գյուղի վիճակը ծանր է, 4 տարի է երաշտ է, էս տարի էլ ցուրտն է տարել։ Կառավարությունն էլ չի օգնում։ Նպաստն էլ էն մարդն է ստանում, ով կառավարությունում մարդ ունի»։ «Մի՞թե դուք ոչ մի կերպ չեք զգում տնտեսական առաջընթացը, վիճակի բարելավումը» հարցին այսպես պատասխանեցին. «Աբսալյուտնը։ Որովհետեւ գանանը գյուղացին ցանելու բան չունի»։ Մի ուրիշն էլ, թե՝ «Տարբերությունը մեծ է՝ լույս չկար, լույս կա, գազ չկար, գազ ունենք»։ Այդ դեպքում ինչո՞ւ եք դժգոհում. մի՞թե դա նախագահի աշխատանքը չի. «Ինչո՞ւ միայն նախագահինը։ Նախագահը մենակ ոչինչ չէր կարող անել»։ Երկրի նախագահից դժգոհությունները երբեմն անարդարացի էին ու սուբյեկտիվ։ Վոլոդյա Մաթեւոսյանը, օրինակ, դժգոհեց, «որովհետեւ մեր ցորենները փչացրեց, Ռուսաստանից ցորեն ներկրեց, գինը ընկավ, մերը չկարողացանք վաճառել»։ Հավասարակշռությունը պահելու եւ օբյեկտիվությունն ապահովելու համար նշենք, որ հատուկենտ, բայց լինում էին նաեւ այսպիսի պատասխաններ. «Շատ էլ գոհ ենք», «Բարելավում նկատվել է» եւ այլն։ Դրանք հնչում էին Ստեփանավանում։ Օրինակ, «11 շենք է կառուցվում»։ Նույն զրուցակիցը, սակայն, հավելեց. «Ստեփանավանում մի մանկապարտեզ էին վերանորոգում։ Եթե պիտի աշխատեր 10 հոգի, աշխատեց 120 մարդ։ Բայց՝ ամսով։ Մի ամիս աշխատում էին, ազատում էին, մյուսներին էին նույն տեղի համար ընդունում»։ Սրանք կառուցվում են Լինսիի միջոցներով։ Ստեփանավանցի մի շինարարի ներկայացմամբ էլ, որը Ռուսաստանում է վաստակում իր փողը. «Ահագին շինարարություն է կատարվում (Ստեփանավանում)։ 6 հատ շենք այնտեղ են շինում, այս կողմում դպրոց են շինում»։ Իսկ մի տարեց վանաձորցու՝ Նազիկ Թաթոյանի ներկայացմամբ. «Մեր վիճակը շատ վատ է։ Հացի փող չունեմ»։ Ապա հավելեց. «Ես գոհ եմ։ Թոշակս 900 դրամով ավելացրել են։ Ո՞վ է ավելացրել։ Քոչարյա՞նը»։ Դրական պատասխանից հետո լրացրեց. «Ուզում եմ ասեմ՝ շնորհակալ եմ։ Էլի պիտի ավելացնեն»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ