Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵԺԻՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է

Փետրվար 04,2003 00:00

ՌԵԺԻՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է Հայաստանի անկախացումից ի վեր, թերեւս, երբեք նախագահական ընտրությունների նախընտրական շրջանն այսքան սկանդալային չի եղել, ինչպիսին է 2003-ի նախագահական ընտրություններինը: Կարելի է արձանագրել. առաջին անգամ է, որ ընտրությունների դեռ նախընտրական շրջանն ուղեկցվում է դատական մի քանի պրոցեսներով, ուր ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուները հրապարակայնորեն եւ դատական կարգով վիճարկում են ՀՀ իշխանությունների եւ ԿԸՀ գործողությունները՝ դրանք գնահատելով՝ որպես ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ընտրական օրենսգրքի եւ գործող այլ օրենքների կոպիտ եւ բացարձակ ոտնահարում: Նաեւ առաջին անգամ է, երբ, միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, թվում է, գոնե առայժմ, նախանձախնդիր են ՀՀ-ում օրինական ընտրությունների անցկացման հարցում: Վերջինիս լավագույն ապացույցն այն է, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Հակառակ ՀՀ իշխանությունների, նաեւ ԿԸՀ հարուցած խոչընդոտների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ ջանքերի շնորհիվ՝ ԿԸՀ-ում հուշագիր ստորագրվեց առաջիկա նախագահական ընտրությունների համար թափանցիկ քվեատուփեր բերելու մասին: Դժվար է ասել՝ այս ամենը պայմանավորված է սոսկ Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցությա՞մբ, թե՞ ՀՀ իշխանությունների՝ անցած տարիների ընթացքում վարած ապաշնորհ, նաեւ դեպի բռնապետություն տանող քաղաքականությունից միջազգային կազմակերպությունների «կուշտ» լինելու հանգամանքով: Փաստ է միայն, որ տեղական փորձագետների դիտարկմամբ, ՀՀ իշխանություններն այսքան անհուսալի վիճակում երբեք չեն եղել, որքան այսօր: Շատերն են կանխատեսում, որ եթե ընդդիմությունը կարողանա զսպել իր առաջնորդների անձնական հավակնություններն ու ընտրություններին գնա մեկ միասնական թեկնածուով, ապա Ռ.Քոչարյանի թավագլոր անկումը պաշտոնապես կարձանագրվի արդեն փետրվարի 20-ին: Դեռեւս գործող նախագահի վերընտրության օգտին չեն խոսում երկրում տեղի ունեցող նախընտրական պրոցեսներն ու Ռ.Քոչարյանի ունեցած իրական վարկանիշը: Նրա համար նպաստավոր չէ նաեւ միջազգային հանրության՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի վերաբերմունքը, որն առայժմ դրսեւորվում է դիվանագիտական զուսպ հայտարարություններով: «Դուք շատ լավ հիշում եք, որ նոյեմբերին մեկ անգամ ԿԸՀ նիստում քննարկեցինք թափանցիկ քվեատուփերի հարցը, եւ շատ լավ հիշում եք, որ մենք ողջունեցինք այդ միջոցառումը, սակայն դա կապված էր մեծ նյութական ծախսերի հետ, եւ մենք այդ ժամանակ չկարողացանք որեւէ հստակ եզրահանգման գալ»,- երեկ հայտարարեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Նա հավելեց՝ «Բարեբախտաբար, այդ բանակցությունները շարունակվում էին, եւ վերջերս մենք համաձայնության եկանք, որ այդ արկղերը բերվեն Եվրոպայից»: Զավեշտականն այն է, որ պրն Սահրադյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ ժամանակին, երբ ԿԸՀ-ում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից մեկն առաջարկում էր թափանցիկ քվեատուփերի հարցը լուծել, մասնավորապես ԿԸՀ նախագահն ու ՀՅԴ ներկայացուցիչ Հ.Աբրահամյանն էին դրան ընդդիմանում՝ վկայակոչելով ԿԸՀ-ին բյուջեով տրամադրված ֆինանսական միջոցների սղությունը: Նրանք նույնիսկ հեգնեցին, երբ հանձնաժողովի անդամներից մեկն առաջարկեց խնդրել միջազգային կազմակերպություններին՝ ԿԸՀ-ին այդ հարցում օժանդակել: Վերջինս այն ժամանակ հարցի քվեարկությունը ստիպված եղավ հետաձգել, երբ ԱԺՄ-ի եւ «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչները փորձեցին հակաճառել, թե դրանք պատվիրելն իրականում այնքան էլ թանկ չէ, որ դա հնարավոր է անել նույնիսկ առկա ֆինանսական միջոցների պարագայում, եթե բարի կամք լինի, եւ ԿԸՀ-ն շահագրգիռ լինի տեղական ձեռնարկություններին նման պատվեր իջեցնել: Ավելի ուշ ԿԸՀ նախագահը հավաստիացրել էր, որ թափանցիկ քվեատուփերի կարիք չկա, որ քվեատուփեր արդեն կան եւ լիովին բավարար են արդար ընտրություններ անցկացնելու համար: Լսելով Ա.Սահրադյանի երեկ արած հայտարարությունը, գործընկերներիցս մեկը նկատեց. չեմ զարմանա, եթե Քոչարյանի չընտրվելու դեպքում՝ Ա.Սահրադյանը նույն հաջողությամբ սկսի ապացուցել, թե ինքը ԿԸՀ-ում դեմ է եղել Քոչարյանի անօրինական գրանցմանը: Ինչեւէ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը երեկ հայտարարեց, որ թափանցիկ քվեատուփերի արտադրությունը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կֆինանսավորի այդ քվեատուփերի տեղափոխումը Հայաստան եւ ընտրատարածքներ հասցնելը: «Բայց մենք հուսով ենք, որ մոտակա օրերի ընթացքում նաեւ ուրիշ դոնորներ կգտնենք հավելյալ աջակցության համար: Քվեատուփերն արդեն արտադրվում են եւ ՀՀ կբերվեն փետրվարի 11-ին»,- հայտարարեց Ռոյ Ռիվը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը խույս տվեց այն հարցադրումից, թե հաշվի առնելով նախադեպերը, ինչպես է վերաբերվում հայտարարություններին, թե ընտրությունները կարող են կեղծվել. «Մենք հետեւում ենք այդ պրոցեսներին, սակայն գնահատական տալը մեր խնդիրը չէ: Ըստ օրենքի, քվեաթերթիկը պետք է 4 անգամ ծալվի, ինչն արվում է նաեւ այլ երկրներում՝ առանց ծրարների: Այդ դեպքում անհնարին է տեսնել, թե քաղաքացին ինչպես է քվեարկել: Դա ընդունված պրակտիկա է»: Ակնհայտ է, որ իշխանությունների շուրջ օղակը սեղմվում է, եւ կեղծիքների մեխանիզմներն էլ ավելի ակնհայտ են դառնում, ինչը թույլ կտա դրանք արագորեն կասեցնել, թեկուզ հենց քվեարկությունների ընթացքում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել