Ճանապարհին Արեւամուտ է։ Առավոտից մեզ լույս ու ջերմություն շնորհելուց հոգնած գունդը շուտով կհատի հորիզոնը։ Աշխուժանում է փողոցը, կուտակումներ կանգառներում, խառը-մառը առեւտուր, հրմշտոց, շտապողականություն… Ճանապարհ, լույսեր, կանգառ… մի նստելու տեղ ազատվեց։ Դարձյալ ճանապարհ, կարմիր լույսի տակ ոչ այնքան հաջող արգելակում, էլի մի նոր բենզալցման կայան, դեղին լույսը փոխվում է «կանաչ»172ի ու դարձյալ ճանապարհ… Շուկայի կանգառում առկայծող մի միտք հարաբերականության տեսության մասին, հաղթահարված կլաուստրոֆոբիայի զգացում եւ անմիջապես անհրաժեշտ կանգառը բաց չթողնելու համար բավարար ուշադրությունը վերականգնելուն ուղղված մի ճիգ։ Մարդը տուն է գնում: Երբ կավարտվի այս ամենը, եւս մի պատուհան կլուսավորվի էլեկտրական լամպի դեղնավուն լույսով: Ավելի ուշ դեղնավուն լույսը կդառնա կապտավուն։ Հաջողությունների հետ անհաջողը, օգտակարի հետ անպտուղը, բարու հետ չարն ու գեղեցիկի հետ տգեղն իր ուսին բարձած մարդը պիտի կապտավուն լույս արձակող արկղը միացնի, երեւի ուսը թեթեւացնելու նպատակով։ Նորությունների թողարկումից հետո որեւէ ֆիլմ պիտի փնտրի գորշ իրականությունից վերանալու ու մի քիչ էլ հնարովի որեւէ պատմության մեջ ապրելու համար։ Հոգնած մարդու համար՝ պարզ մի ցանկություն, սխալական մարդու համար՝ հասարակ թյուրըմբռնում, «դար ապրիր, դար սովորիր» խոսքի իմաստը հասկացողի համար՝ հաղթահարելի մի նեղմտություն։ Գիտակցություն է: Ենթագիտակցությունը իրենը կանի՝ կստիպի նմանվել դժվարությունների առջեւ չընկրկող ֆիլմի հերոսին, կոկիկ հագնված երիտասարդին, շլացնող գեղեցկուհուն, կշռադատված շարժուձեւով, ամեն մանրուք նկատող ալեհերին… ու նոր լիցքեր, մի քիչ էլ հույս կավելացնի բարդույթներից ազատվելու, սխալները չկրկնելու ու նորերը չգործելու, այս կյանքում գոնե մի քիչ հաղթելու եւ պարզապես Պողոս Պետրոսյանի մեջ հատկապես Պողոս Պետրոսյանին վերածնելու համար։ Ովքեր արդեն պատրաստվում են խռմփացնելու, առավոտյան, ի դեմս իրենց ծանոթ Պողոս Պետրոսյանի, կտեսնեն ավելի վճռական, ավելի կոկիկ, ավելի իմաստուն կամ գոնե այդպիսին լինել ցանկացող Պողոս Պետրոսյանի ու կփորձեն խանգարել նրան, չհասկանալով, որ նա նույնպես իրավունք ունի մի քիչ հերոս լինելու, որովհետեւ աշխարհում կա գոնե մեկ մարդ, որ ուզում է նրան այդպիսին տեսնել։ ԱՆՆԱ ԱՐԱԲՅԱՆ