ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-2 Երկու աշխարհի սահմանագծին Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին դատողությունները սովորաբար բաժանվում են երկու խմբի. առաջինները պնդում են, թե երկրում բավարար ժողովրդավարություն կա, մյուսները կարծում են, որ այն մտել է ավտորիտար փուլ, եւ էլ ավելի խտացնելով գույները, եզրակացնում են, որ այն բռնապետական է։ Ինչպես նման դեպքերում հաճախ է պատահում, երկու կողմերն էլ բավական հիմնավոր ապացույցներ են բերում, ընդ որում՝ երբեմն համարժեք։ Հետո էլ ասում ենք, թե Հայաստանում գաղափարական պայքար չկա. էլ պայքարն ինչպես է լինում։ Ճիշտ է, այդ պայքարն ավելի շուտ վիրտուալ է, սակայն ով կարող է ասել, թե պիտի այլ կերպ լինի։ Իրենց իմացածը պայքար չէ, այլ բիրտ ուժ, այսինքն՝ պայքարի ավարտն ազդարարող իրողություն։ Բայց ողջ խնդիրն այն է, որ հայաստանյան ժողովրդավարությունն ավելի շուտ օրենսդրական է, քան գործնական։ Այո, ընդունած օրենքներով Հայաստանը ժողովրդավարական է, գործնականում՝ ոչ։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին կոմունիզմ էինք կառուցում, իրականում՝ անունն էլ չեմ գտնում։ Ուստի, բնական է, որ գոյություն չունեցող ժողովրդավարության մասին պնդողները հղում են օրենքը եւ Սահմանադրությունը, ընդդիմախոսները՝ իրականությունը։ Առաջինները հիշատակում են, ասենք, խոսքի, խղճի եւ այլ պետք չեկող ազատությունների մասին, երկրորդները՝ նույն ոլորտներում առկա սահմանափակումներն ու ճնշումները (օրինակները բոլորդ գիտեք)։ Ինչեւէ, թողնենք հայացքների այս հակադրության, թվում է, լուծում չունեցող պարագան, արձանագրենք միայն մի հանգամանք. ժողովրդավարության առաջին եւ գերագույն հատկանիշը իշխանության ձեւավորման ազատ ընտրություններն են, որից հետեւում է, թե ազատ ընտրությամբ կարելի է փոխել նույնիսկ ամենաժողովրդավարական համարում ունեցող իշխանությունը։ Եթե այդպես չլիներ, ասենք, ի՞նչ կարիք կար ԱՄՆ-ում ընտրություններ անցկացնել, երբ իշխանության հասած եւ իշխանության ձգտող երկու հանրահայտ կուսակցություններն էլ դավանում են ժողովրդավարություն։ Անկեղծությունն էլ մի բան չէ, բայց հայաստանյան քաղաքական իրողություններն ընկալելու համար հարկ է ընտրություն կատարել տափակության եւ սոփեստության միջեւ։ Լավ, գլխներիս կպնի ներկա ժողովրդավարությունը, այն հո պապենական օժիտ չէ՞։ Ժողովրդավարական բոլոր նորմերով ընդունենք սեփականության սուրբ անձեռնմխելիությունը, բայց հո անձեռնմխելի չէ՞ այն սեփականությունը, որ քոնը չէ։ Քոչարյանին փոխելն ընդամենը նշանակում է Քոչարյանին փոխել, եւ բնավ չի նշանակում հեղափոխություն՝ ինչի՞ եք այդքան իրար խառնվել. ի՞նչ է՝ Ստեփան Դեմիրճյանն ուզում է դիկտատուրա՞ հաստատել, Արտաշես Գեղամյանը՝ ֆաշիստական կարգե՞ր, թե՞ Վազգենի փորձառությունը կհերիքի երկուսն էլ փորձել։ Ժողովրդավարությունը հենց այն է, որ Դեմիրճյանն ուզենա էլ՝ չկարողանա այդ բանն անել, մյուսները՝ նույնպես։ Խնդիրը բարդանում է նրանով, որ սկսած 95-ի խորհրդարանական, 96-ի եւ 98-ի նախագահական ընտրություններից, երբ առկա էր հուժկու ընդդիմություն, երբ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ էր իշխանություններին եւ դրել էր իշխանափոխության հստակ պահանջ-դա նրան չի հաջողվել ընտրությունների ճանապարհով։ Անկախությունից հետո շատ ժամանակ չի անցել (12 տարին ի՞նչ է), սակայն դրանից կարելի է հետեւություն անել, որ սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ փոխել իշխանությունը, մանավանդ եթե նկատի առնենք, որ վերջին չորս (երկուական խորհրդարանական եւ նախագահական) ընտրություններից միայն մեկն է քչից-շատից օրինական համարվել (99-ինը)։ Այսինքն՝ ժողովրդավարությունը բռնել է գլխիվայր ուղղություն, իսկ Հայաստանն այս կամ այն առիթով դիտավորյալ թե «թյուրիմացաբար» հայտնվում է մերժված պետությունների ցուցակում։ Ի՞նչ է ստացվում. սրանից հետեւում է, որ ներկա ընդդիմության բազմիցս արած հայտարարությունները, թե իրենք իշխանափոխության հասնելու են միայն սահմանադրական ճանապարհով՝ այնքան էլ իրական չէ։ Երեք առասպել։ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները հանրային գիտակցության մեջ ուզում են ներդնել գաղափարներ, ըստ որոնց գործող նախագահը մյուս թեկնածուների համեմատությամբ բազմաթիվ առավելություններ ունի. առաջին՝ այն, որ նա արդեն նախագահ է, անցել է մի ճանապարհ, որը նրան նախագահ է դարձրել, այսինքն՝ պատահաբար նախագահ չեն դառնում։ Երկրորդ՝ Քոչարյանը, միայն Քոչարյանը կարող է լուծել Ղարաբաղի խնդիրը։ Սա այնքան խոր համոզում է, որ անգամ եղավ ժամանակ, երբ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում էին, որ նրան պետք է թողնել իշխանության գլխին այնքան ժամանակ, մինչեւ վերջինս լուծի այդ խնդիրը, պատկերավոր՝ ուտի իր եփած ճաշը։ Երրորդ, Քոչարյանին պաշտպանում է ավանդական կուսակցությունների գերակշիռ մասը (ՀՅԴ, ՀՌԱԿ, հնչակյանների կոտորակված թեւը, եվրոնորոգված կոմկուսը), մինչդեռ ընդդիմության ճամբարում՝ վերջին տարիներին ձեւավորվածներն են։ Առաջին առասպելին անդրադառնալն իսկ զավեշտական է՝ իբր պատահաբար նախագահ չեն դառնում։ Իրոք որ, պատահաբար չեն դառնում, բայց հո նա պատահաբար չի՞ դարձել։ Պատահաբար կլիներ, եթե ընտրություններով ընտրվեր, իսկ եթե ընտրված լիներ, պատահաբար չէր դառնա։ Երկրորդ պնդումը, թե միայն Քոչարյանը կարող է լուծել Ղարաբաղի խնդիրը, արդեն առասպել չէ։ Խորենացին, հավանաբար, հետեւելով Աստվածաշնչի ոճին, նման երեւույթն առասպելաց-առասպել է համարում՝ ճիշտ եւ ճիշտ Երգ երգոցի նմանությամբ։ Իսկ ո՞վ է ասում, որ Քոչարյանն այդ խնդիրը չի լուծել, իսկ ո՞վ է ասում, որ այս վերընտրությամբ նա արդեն լուծված իրողությունը չի վավերացնելու, եւ հիմա ընդամենն իշխանությունում մնալու խնդիր է լուծում։ Դառնալով ավանդական կուսակցությունների՝ Քոչարյանին պաշտպանելու գերհիմնավորված փաստարկին, պետք է ասեմ, որ ավանդական կուսակցությունները հենց այն պատճառով են ավանդական կոչվում, որ որոշակի ավանդույթներ ունեն։ Հարգելով անմեղության կանխավարկածը, ռամկավարների մասին չեմ խոսում։ Ժամանակին պատվաստումներ ստանալով, սույն կուսակցությունը մանկական տարանցիկ հիվանդություններով չի վարակվում. միշտ գործող նախագահի ու իշխանությունների հետ է, նույնիսկ էն երջանիկ ժամանակներում, երբ մենք կոմունիզմ էինք կառուցում։ Իշխանությունների հետ են, ուստի՝ երբեք իշխանություն չեն դառնա։ Ասում ենք՝ Հայաստանում միջին խավ չի ձեւավորվում. միանգամայն սխալ պատկերացում՝ ռամկավարները միջին խավ են, Միրզախանյանի բոյ-բուսաթին մի խաբվեք։ Դատելով ՀՅԴ-ի վերջին տարիների գործունեությունից եւ Քոչարյանին պաշտպանելու աներկմիտ պահվածքից, չեմ կարող չհարցնել, թե ուրիշ էլ ում օրոք կարող են իշխանություն լինել, առանց այդ իշխանության վարքի համար պատասխանատվություն ստանձնելու։ Ընդ որում, իշխանություն են ոչ միայն նախարարական երեք պորտֆելներով. դա այսբերգի անթաքցնելի մասն է, իրական իշխանությունը չի երեւում։ Ասենք, լավ էլ երեւում է, բայց անգլիական հայտնի հեքիաթի կատվի ժպիտի նման, երբ կատուն արդեն անհետացել է. մտածողություն, արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղորդում, հարեւան երկրների հանդեպ ագրեսիվություն, ազգայինը՝ ազգից, պատմությունը ներկայից գերադասող կեցվածք, մշակութային պատկերացումների պրոկրուստյան վարք՝ իշխանությունն էլ ո՞նց է լինում։ Գումարած, որ այդ ունենալուց բացի, պատասխանատվություն էլ չես վերցնում։ Վախենամ, որ այդպիսի արտոնյալ գայթակղության ոչ մի մարդ չի դիմանա, ուր մնաց կուսակցություն՝ թեկուզ ամենաավանդական, թեկուզեւ՝ ամենահեղափոխական։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ