Գրքատյացության «բում» «Առավոտն» արդեն անդրադարձել է Վանաձորի գրադարանների խայտառակ «սպանդին», սակայն միայն վանաձորյան գրադարանները չէ, որ արժանացել են Կարմիր գրքում գրանցվելու բախտին։ Այսօր ողջ հանրապետության գրախանութների տեղում կամ սպասարկման ոլորտի օբյեկտներ են, կամ էլ ավերված շինություններ։ Եվ սա այն դեպքում, երբ ներկայումս ավելի շատ գրքեր են հրատարակվում, քան խորհրդային շրջանում։ Եթե նախկինում 1100 անուն գիրք էր լույս տեսնում, ապա այսօր այդ թիվը գերազանցում է 1500-ը (իհարկե, այլ հարց է, թե պետպատվերի ցանկում տպագրվելիք ինչպիսի գրքեր են հայտնվում՝ այս կամ այն պաշտոնյայի հովանավորությամբ կամ խնամիա-բարեկամական կապերի արդյունքում)։ Սակայն, դրանից գրքի նկատմամբ հետաքրքրությունը կարծես չի ավելանում։ Եթե 10-12 տարի առաջ Հայաստանում կար 160 գրախանութ (որից 60-ը միայն Երեւանում), ապա այսօր դրանցից քչերն են գործում։ Ըստ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախագահ Վահան Խաչատրյանի, ժամանակին գործում էին ե՛ւ Հայկոոպի, ե՛ւ «Ակադեմկնիգա»-ի ցանցերը, ե՛ւ Վոենտորգի «Վոենկնիգա»-ի գրախանութները։ Կային նաեւ գրախանութներ, որտեղից բաժանորդագրական հիմունքներով կարելի էր գրքեր ձեռք բերել։ Այս ամենի արդյունքում հանրապետության բոլոր մեծ ու փոքր քաղաքներում ու շրջկենտրոններում մի քանի գրախանութ էր գործում։ Ըստ Վ. Խաչատրյանի, Երեւանի 60 գրախանութներից այսօր մնացել է ընդամենը 6-ը, իսկ Գյումրիի Գրքի միավորման 19 կետից՝ միայն 1-2-ը։ Եվ ընդամենը հատուկենտ շրջաններից այսօր անհատ մարդիկ են գալիս ու «ձեռներեցի թղթով» պատվերով գրքեր տանում։ ՀԱԱ-ի նախագահի համոզմամբ, մի ողջ հանրապետություն հայտնվել է Ռուսաստանի հեռավոր մարզերից մեկի կարգավիճակում, քանի որ գրքի բնագավառի առանձին, պետական կառույց հանրապետությունում չկա. «Իսկ ժամանակին գոյություն ուներ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի պետական կոմիտե, որն իր կարգավիճակով ավելի բարձր էր, քան ցանկացած նախարարություն»։ Վ. Խաչատրյանը հիշեց, որ հարեւան հանրապետությունները եւս ունեին Հրատպետկոմներ։ Անգամ Նախիջեւանում գործում էր Գրքի առեւտրի վարչություն, իսկ Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ համապատասխան գործակալություն։ Այժմ, այս առումով Հայաստանի եւ նախկին Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակները նույնն են, քանի որ գրահրատարակչության կոմիտեն վերածվել է փոքրիկ գործակալության՝ մշակույթի նախարարության կազմում, եւ իրեն չի արդարացնում։ Վ. Խաչատրյանը վստահ է, որ առաջիկայում, այնուամենայնիվ, գրքի «բում» կլինի, եւ գիրքը կդառնա իսկական բիզնեսի առարկա։ Նորից կբացվեն շքեղ գրախանութներ, սակայն դրանց տերերը, հաստատ, գրքի հետ որեւէ կապ չեն ունենա։ Օրինակ, ԱՄՆ-ում 1989-ին Պատանի ընթերցասերի տարի էր հայտարարվել (նման մտադրություն ունի նաեւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան) եւ համազգային այդ կամպանիայի նախագահությունը ստանձնել էր ԱՄՆ-ի այն ժամանակվա առաջին տիկինը՝ Բարբարա Բուշը։ Իսկ մեր երկրում մի կարգին օրենք էլ չունենք գրահրատարակչական գործունեության մասին. ԱԺ 7 պատգամավորի մշակած կիսատ-պռատ, «տարած-հետ բերած» «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի նախագծում, չգիտես ինչ տրամաբանությամբ, գիտական, մանկական ու մյուս գրականությունները ազատված են ավելացված արժեքի հարկից, իսկ գեղարվեստական գրականությունը՝ ոչ։ Այն դեպքում, երբ, մասնագետների պնդմամբ, այսօր գրախանութներում վաճառվող գրքերի միայն 3%-ն է գեղարվեստական։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ