ԱՇԽԱՏԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ Գնահատենք միասին Քաղաքական /ինչպես նաեւ ցանկացած այլ/ անհանդուրժողականությունը հիմնված է հետեւյալ մոլորության վրա. «Իմ արտահայտած բոլոր մտքերը խորապես ապրած համոզմունք են, իմ տառապանքով կռած ճշմարտություն: Իսկ ահա իմ ընդդիմախոսի դատողությունները ամենեւին էլ նրա համոզմունքի արտահայտությունը չեն՝ պարզապես նրան կաշառել են, ստիպել են կամ վախեցրել»: Հենց ընդդիմախոսիդ անկեղծությանը չհավատալն է ծնում ֆանատիզմ, ռոմանտիզմ, բոլշեւիզմ, դաշնակցականություն՝ կարեւորը տերմինը չէ: Ի դեպ, այդպես ավելի հեշտ է ապրել. եթե ես վստահ եմ, որ ինքս գաղափարական մարտիկ եմ, իսկ իմ դիմացինը ծախված եւ պատվեր կատարող, ապա դա ինձ ազատում է իմ դիրքորոշման մասին եւս մեկ անգամ մտածելու պարտականությունից: Ես այլեւս նեղություն չեմ կրի՝ ի պաշտպանություն իմ հայացքների նոր փաստարկներ բերելու: Հատկապես տհաճ է, երբ նման առճակատային տրամաբանությունը կիրառվում է մտավորականների հանդեպ: Միայն խեղված ուղեղում է կարող միտք առաջանալ, որ Տիգրան Մանսուրյանը վատ կոմպոզիտոր է՝ այն պատճառով, որ 96 թվականին պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հավատացնում եմ ձեզ, որ նա համաշխարհային մասշտաբով 20-րդ դարի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկն է, եւ մենք կարող ենք պարզապես պարծենալ նման հայրենակցով: Հիմա էլ մտավախություն ունեմ, որ նախընտրական կրքերի շիկացման պատճառով նմանատիպ դատողություններ արվեն Ռոբերտ Քոչարյանին սատարող մտավորականների՝ Սոս Սարգսյանի, Ռոբերտ Սահակյանցի, Ռուբեն Հախվերդյանի, Հենրիկ Հովհաննիսյանի եւ ուրիշների մասին: Այսինքն՝ այդ մարդկանց քաղաքացիական դիրքորոշման պատճառով կասկածի տակ դրվի նրանց տաղանդը եւ ծառայությունները հայ մշակույթի առաջ: Ինչպես ասում են, կույր պետք է լինել՝ մեկը մյուսի հետ խառնելու համար: Այստեղ պետք է, հավանաբար, կիրառվի հետեւյալ սկզբունքը. թող նրանք գործող նախագահի հետ աշխատեն միասին՝ մեզնից առանձին: Բայց նրանց հիմնական, ոչ անցողիկ աշխատանքը պարտավոր ենք գնահատել միասին: Սոս Սարգսյանի փայլուն դերակատարումները, Ռոբերտ Սահակյանցի՝ մեր հեքիաթների խորաթափանց մարմնավորումները հայտնի են ամբողջ ժողովրդին, Ռուբեն Հախվերդյանի երգերը երգում ենք բոլորս: Թատերագիտությունը, կարծես, ավելի «էլիտար» բնագավառ է: Ընդունված նախապաշարման համաձայն, կան «հրատապ» եւ «ոչ հրատապ» թեմաներ: Այդ տրամաբանությամբ, մեր միջնադարյան թատրոնի խնդիրները կարող են «ոչ հրատապ» թվալ: Այդ անառողջ աշխարհընկալումը ռուս գիտնականներից մեկը շատ դիպուկ կոչել է «ժամանակագրական գավառամտություն»: Ինչպես «տարածքային գավառացին» իր երկրից, իր քաղաքից, իր թաղից դուրս ոչ մի բան ընդունակ չէ ընկալել, այդպես էլ «ժամանակագրական գավառացին» ապրում է միայն իր ժամանակի մեջ եւ չի ուզում տեսնել ինքն իրեն՝ անցյալում: Մի խոսքով, ես բարեբախտություն եմ ունեցել կարդալու, մասնավորապես, Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ հին դրաման եւ նրա պայմանաձեւերը» գիրքը եւ ջերմորեն խորհուրդ են տալիս այն կարդալ մեր մշակույթով հետաքրքրվող բոլոր մարդկանց: Դա մնայուն արժեք է, նման գրքերով են դատելու մեր ժամանակների /հենց մեր ժամանակի՝ ոչ թե միջնադարի/ մասին: Իսկ նույն հեղինակի քոչարյանամետ ելույթները անցողիկ են, վաղը կմոռացվեն: Եվ ընդհանրապես այսօրվա քաղաքական կոնյունկտուրան շատ փոքր եւ անկարեւոր բան է, որ կարողանա ստվերել հիշյալ մարդկանց ավանդը հայ մշակույթում: Ինչ մնում է այդ մտավորականների՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուն… Ինչ արած, բոլոր տաղանդավոր մարդիկ կարող են ունենալ իրենց փոքր մոլորությունները: «Errare humanum est»,- ասում է լատինական ասացվածքը՝ «մարդը սխալական է»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ