Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակրթվելն սկսենք աշխատավարձից

Փետրվար 01,2003 00:00

Քաղաքակրթվելն սկսենք աշխատավարձից 2000 թվականին, երբ մեր երկրում ներդրվեց «Արքա» պլաստիկ քարտը (ArCa-արմենիան քարդ), գերխնդիրը թերեւս վճարային քաղաքակիրթ համակարգի հիմքերի հաստատումն էր։ Այնուհետեւ դրան նաեւ համապատասխան իրավական սատարում ապահովվեց՝ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով 2004 թվականի հունվարի 1-ից քաղծառայողները իրենց բաղձալի աշխատավարձերն այլեւս պետք է ստանան կտրոնով (չեկ) կամ բանկերում։ Այս պարագայում կանաչ լույս է վառվում նաեւ ArCa-ի համար, քանզի պարզապես բանկերին առավել հարմար է կանխիկ դրամով վճարելուց անցնել քարտային վճարային համակարգի։ Իհարկե, այդ ամենը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Նաեւ՝ բանկերը կարող են այլ պլաստիկ քարտերով սպասարկել իրենց հաճախորդներին, բայց «Արքա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը, բնականաբար, տրամաբանական է համարում «Արքայով» սպասարկելը։ Եվ ի պաշտպանություն իրենց հավելում, որ «Արքան» այսօր 13 հազար 700-ից ավելի քարտապան ունի՝ արձանագրելով, որ «ամսական միջինը 800 մարդով ավելանում է «Արքայի» քարտապանների թիվը»։ Ի դեպ, «Արքան», ըստ պարոն Հովհաննիսյանի, այսպես ասած, մտադիր է լրջորեն տեր կանգնել իր հավակնություններին, քանզի «արդեն բանկերի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում, պայմանագրեր են կնքվում եւ այլն»։ Մայրաքաղաքում տեղադրված «Հայէկոնոմբանկի» երկու բանկոմատներում, որոնք սպասարկում են «Արքա» քարտով, քարտապաններից նաեւ կոմունալ ծախսերի եւ էլեկտրաէներգիայի վճարներ են ընդունում։ Իսկ այսուհետեւ նախատեսվում է «Արքայի» քարտապանների տվյալների մուտքագրում համապատասխան ծրագրով, ինչի արդյունքում, առանց ավելորդ քաշքշուկի, հաճախորդները կարող են ցանկացած տեսակի վարձավճար մուծել քարտի եւ բանկոմատի միջոցով։ «Այսօր, ցավոք,- արձանագրում է Շահեն Հովհաննիսյանը,- մեր քարտապանների մի փոքր մասն է միայն քաղծառայող», սակայն «հուսով ենք, որ 2004-ից կդառնան»։ Երբ փորձեցինք տարբեր գերատեսչություններից ճշտել, թե պատրա՞ստ են, արդյոք, քաղաքակիրթ վճարային համակարգի անցնելուն՝ պարզվեց, որ շատերը դեռ նոր-նոր են մտադիր պատրաստվել։ Կառավարությունում եւ ԱԺ-ում «2003-ի ընթացքում կհասցնենք էլի պատրաստվել» եւ «2004-ից կանցնենք այդ համակարգին»։ Մինչդեռ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում, որն, ի դեպ, քաղծառայության համակարգ էլ չէ, պարզապես հասկացել են, որ «այդպես առավել քաղաքակիրթ է» եւ «ինչքան շուտ՝ այնքան լավ»։ Հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանը տեղեկացրեց, որ հունվարից արդեն պայմանագրեր են կնքվել հիմնադրամի կենտրոնական գրասենյակի 130 աշխատողներից 58-ի հետ, որոնք փետրվարից արդեն կսպասարկվեն «Արքայով»։ Մինչեւ տարեվերջ Երեւան, Վանաձոր քաղաքների տարածքային բաժանմունքները եւս կանցնեն այդ համակարգին։ Իսկ «կենսաթոշակների վճարմանը դա չի վերաբերում եւ չի էլ կարող վերաբերել»,- նկատեց պարոն Նադիրյանը։ Որովհետեւ «շատ շուտ է այդ մասին խոսելը»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել