Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երինջի կյանքը փրկվեց

Փետրվար 01,2003 00:00

Երինջի կյանքը փրկվեց Իրեղեն ապացույց դառնալուց հետո գնաց «տուն» «Չոփուրյան եւ մյուսներ» քրեական գործի հիմքում դրվեցին Շիրակի տարածաշրջանում կատարված անասնագողությունները, որն ինչպես մեղադրական եզրակացությամբ, այնպես էլ առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններում դասակարգվեց հանրապետությունում կատարված արարքներից «հասարակական վտանգավորության աստիճան» պարունակող։ Չնայած կովի գողության գծով ամբաստանվածները՝ Վարդան Չոփուրյանը, Արշակ Վարոսյանը, Մնացական Մարտիրոսյանը (վերջինս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի հայտնի դատավորը չէ) իրենց մեղավոր չէին ճանաչում։ Օրինակ, ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահող՝ Կ. Ղազարյան, դատավորներ՝ Գ. Մելիք-Սարգսյան, Ս. Ղազարյան, մեղադրող՝ Գ. Ավետիսյան) ամբաստանյալ Վ. Չոփուրյանը պատճառաբանել էր, թե «գտնվելով նյութական ծանր վիճակում, չկարողանալով դպրոցական երեխաների համար գնել կոշիկներ, տետրեր, որոշել են կատարել գողություններ եւ «տարբեր 3 գիշերներ մուտք են գործել անասնագոմեր»։ Փաստորեն, նախ 2002թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Հացիկ գյուղի բնակիչ Հրանտ Ներսիսյանի անասնագոմից 8 երեխաների հայրերը գողացել են 160.000 դրամ արժողության 1 գլուխ կով, որն, ի դեպ, վաճառվել է 40 հազար դրամով։ Ապա հունիսի 29-ի գիշերը գողացել են Մայիսյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Վարդանյանի 1 գլուխ կովը։ Վերջինս, որն, ըստ տուժողի՝ Ե. Վարդանյանի, 140 հազար դրամ արժեր, անասնագողերը վաճառել էին 80 հազարով։ Եվ այդ գերաստղի վաճառքն իրականացվել էր «Աստղ» հրապարակում։ Իհարկե, գործի նյութերին ծանոթանալով, մենք այս կովի արտաքին հմայքների մասին ոչինչ չտեղեկացանք։ Չափազանց ժլատ տեղեկություններ կային, օրինակ, առաջին գողացված կովի մասին. նա եղել է «շեկ կաշվով» եւ «չալ»։ Իսկ երինջը (երրորդը), որը գողացվել էր Համլետ Տիգրանյանից, եղել է «շագանակագույն»։ Իմիջիայլոց, այս «զգալի չափի գույքը» հափշտակելը ծանր նստեց Մ. Մարտիրոսյանի, Ա. Վարոսյանի եւ Վ. Չոփուրյանի վրա։ 2 ժամով իրենց ծանոթի սեփական տան սեփական ծառին երինջը կապելով՝ նրանք բռնվում են անաչառությամբ պսպղացող ՆԳ մարմինների կողմից։ Ըստ Ա. Վարոսյանի, իրենք «անասնագոմերն ընտրել ենք պատահականորեն, շրջելով գյուղերում, ընտրել ենք անասնագոմերը, որտեղից ավելի հեշտ էր գողություն կատարել»։ Ի դեպ, բարեբախտաբար, երինջը չի հասցվում «ինքնասպան» լինել (եթե ամբաստանյալները չհասցնեին խոստովանել, որ նախորդ 2-ը իրենք են սպանել, «ինքնասպանություն» հոդվածը կար ու կար- Ռ. Մ.)։ Այն 170 հազար դրամ արժեր եւ ստատուս էլ ուներ մինչդատական եւ դատական վարույթում՝ «իրեղեն ապացույց»։ Այս իրեղեն ապացույցը վերադարձվում է տիրոջը՝ տուժող Հ. Տիգրանյանին։ Վերջնական արդյունքում, Մնացական Մարտիրոսյանին եւ Արշակ Վարոսյանին Շիրակի մարզի (Ախուրյան) առաջին ատյանի դատարանը տալիս է 5 տարի 6 ամիս ազատազրկում, որը նրանք պետք է կրեն ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում, իսկ Վարդան Չոփուրյանը 4 տարի ազատազրկման դատապարտվեց։ Քրեական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, հաշվի առնելով «կատարած արարքների հասարակական վտանգավորության աստիճանը»։ Օրեր առաջ մեր դատարաններից Արաբկիրի դատարանը պիղատոսյան կեցվածք ընդունելով անմեղսունակ ճանաչեց ոմն Միշա Քալանթարյանի, որը դաժանորեն սպանել էր 3 երեխաների հորը՝ Հովհաննես Մանուկյանին եւ մարդասպանին ազատեց պատժի կրումից։ Իսկ դեռ ինչքան քալանթարյաններ կան։ Կովի գողերին… փրկում չկա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել