ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔԼՈՒՆԳ Է ՈՒԶՈՒՄ Եթե ինչ-որ մեկը կասկածի, թե Արամ Կարապետյանի գրանցումը իբրեւ նախագահի թեկնածու լեգիտիմ չէ, ապա վերջինս մեծ հաճույքով դատարանում կապացուցի հակառակը: Ավելին՝ նա նույնիսկ պատրաստ է հոգալ դատական բոլոր ծախսերը: Այս մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ Արամ Կարապետյանը: Անդրադառնալով նախընտրական շրջանում մամուլի հրապարակումներին՝ Ա. Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում անկախ թերթեր չկան, բոլոր թերթերն էլ որոշակի քաղաքական ուժերի հետ համատեղ աշխատում են, իսկ որոշ թերթեր էլ՝ նույնիսկ մի քանի տերերի հետ: Այս թեկնածուն, անկախ իր նախկին կուսակցական պատկանելությունից, ամենաանաչառ թերթը, որ իր գիծը երբեք չի փոխում, համարում է «Երկիրը», բավականաչափ մեծ դեր է կատարում «Հայկական ժամանակը»՝ քաղաքական դաշտում լուրջ կարծիք ստեղծելու առումով, «Իրավունքը» կարդացվում է, որովհետեւ պահպանում է բազմակարծություն, իսկ «Ազգ»-ից պրն Կարապետյանին հետաքրքրում են առաջին էջի վերեւի մասի լուրերը: «Հայոց աշխարհի» որոշ հրապարակումների հետ, մեղմ ասած, համաձայն չլինելով, Ա. Կարապետյանն այնուամենայնիվ զերծ է մնում թերթին պատասխան տալուց, որովհետեւ «դրանից «Հայոց աշխարհը» դժվար թե որեւէ փոփոխության ենթարկվի»: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, թեկնածուներն ավելի կոռեկտ են, քան լրատվամիջոցները: «Իսկ եթե Արտաշես Գեղամյանն իրեն այդքան ոչ կոռեկտ չպահեր «Հայլուրի» հանդեպ, «Հայլուրն» այդքան չէր կոռեկտանա»,- կարծում է Ա. Կարապետյանը: Ինչ վերաբերում է քարոզարշավին, պրն Կարապետյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի բոլոր թեկնածուները շատ լավ ընդունվում են ժողովրդի կողմից՝ չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել տեղական իշխանությունները: Օրինակ, երեկ պրն Կարապետյանն ականատես էր եղել, թե ինչպես Ռ. Քոչարյանի՝ Էրեբունի թաղամաս նախատեսված այցին ընդառաջ՝ հարկային տեսչության աշխատակիցներն ու ոստիկանները մտնում էին խանութներ ու հրահանգում, որ միայն Քոչարյանի նկարները փակցնեն: Իսկ Ա. Կարապետյանի շտաբից Արթուր Սահակյանը փաստեց, որ իրենց տուն մտել են (բնականաբար, չիմանալով թե ում տուն են մտել) ու «հօգուտ Քոչարյանի» ցանկացել են հավաքել անձնագրերը: «Նման տապորային մեթոդներով Քոչարյանին օգնելը դժվար թե լավ հետեւանքների բերի»,- կարծում է Ա. Կարապետյանը: Առաջիկայում թեկնածուի շտաբը կհրապարակի բոլոր նմանատիպ խախտումները՝ կոնկրետ փաստերով եւ հիմնավորումներով: «Ես չեմ ասում, որ դա արվում է վերին իշխանության իմացությամբ կամ կարգադրությամբ, բայց ասում եմ, որ նման դեպքեր կան, եւ դրա մասին կլինի առանձին հաղորդագրություն»: Ա. Կարապետյանը նկատում է, որ ժողովուրդը թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ չի ուզում լսել ծրագրերի մասին, այլ միայն սպասում է լուրջ «քլունգի», հայհոյանքի՝ ներկա իշխանությունների հասցեին, ինչը չի ընդունում Արամ Կարապետյանը: Հոկտեմբերի 27-ի առնչությամբ Արամ Կարապետյանի հեռուստատեսային ելույթից «Հայլուրի» թղթակցին անհասկանալի էր մնացել Ռ. Քոչարյանի՝ ահաբեկիչների հետ հանդիպելու հետ կապված Ա. Կարապետյանի հայտնած կասկածը, ինչը մանրամասնելով՝ պրն Կարապետյանը մասնավորապես ասաց. «… ահաբեկիչները եթե վստահ չեն, որ իրենց հետ ինչ-որ բան չի կատարվի, մեծ մասամբ ուղղաթիռ են պահանջում՝ երկիրը լքելու համար…8230ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որի պարագայում այդ մարդիկ հանգիստ համաձայնել են հանձնվել, ես ցանկանում եմ իմանալ՝ այդ համաձայնությունների արդյունքը ո՞րն է եղել, տրվե՞լ են արդյոք մյուս կողմից պարտավորություններ, թե՞ ոչ… սրանց պատասխան պետք է տրվի…8230եկեք մեկ անգամ անենք, վերջացնենք, որպեսզի հետո որեւէ մեկն այդ հարցը քաղաքական շահարկման առարկա չդարձնի: Հասարակության մեջ կարծիք կա, որ բարձրաստիճան որոշակի պաշտոնյաներ մասնակցել են կամ քաղաքական առումով չեն խանգարել գործողություններին. կասկածները մեկընդմիշտ պետք է փարատվեն… իմ անձնական կարծիքով, ահաբեկիչները պետք է գնդակահարվեն»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Արամ Կարապետյանի կարծիքով, 16-ի միասնական թեկնածուի առաջադրումը ի վերուստ կազմակերպված մի պարզամիտ խաղ է, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլը հնարավորինս բացառվի: