Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջարկը գտնի պահանջարկ

Փետրվար 01,2003 00:00

Եթե առաջարկը գտնի պահանջարկ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության օրերս կայացած համաժողովում մասնակիցներն, ի թիվս այլ խնդիրների, կարեւորեցին երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով ֆինանսական վարկերի անհրաժեշտությունը։ Ոչ ամբողջությամբ, բայց մասնակիորեն այդ խնդրի լուծումը գտավ Հայէկոնոմբանկը՝ երեկ ստորագրվեց պայմանագիր Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, ըստ որի, փոքր եւ միջին ձեռնարկատերերին կտրամադրվի վարկեր՝ տարեկան 9-12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկերը տրամադրվելու են միայն ապրանքների արտահանման եւ ներմուծման գործառույթներ իրականացնելու համար։ Նշենք, որ նույն՝ ՎԶԵԲ-ի հետ 2 տարի առաջ կնքվել էր տարեկան 16-22 տոկոս տոկոսադրույքով վարկերի տրամադրման պայմանագիր։ Այս ընթացքում փոքր եւ միջին ձեռնարկությունների արտադրության եւ սպասարկման ոլորտին տրամադրվել է 1500000 դոլար վարկ։ Վարկավորվել են տարբեր ճյուղեր՝ թեթեւ արդյունաբերություն, մեքենաշինություն, առողջապահություն, ինչպես նաեւ սննդի, ոչ ոգելից խմիչքների ու մսամթերքի արտադրություն։ Իսկ նոր՝ Առեւտրի խթանման պայմանագրով ՎԶԵԲ-ը նախատեսում է տրամադրել 500000 դոլար ընդհանուր գումարով վարկ, այդ չափը կարող է աճել՝ կախված գործարարների հետաքրքրությունից, կամ՝ եթե առաջարկը պահանջարկ վայելի։ Ինչ վերաբերում է վարկի տրամադրման ժամկետին, ապա այն «լողացող է»՝ ըստ առեւտրային գործարքի կատարման անհրաժեշտ ժամանակի։ Ի դեպ, երկկողմ կնքված երկու պայմանագրերն էլ առանձնահատուկ դեպքեր են Հայաստանի բանկային համակարգում այն առումով, որ Միջազգային ֆինանսական կազմակերպությունը գումար է տրամադրում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկին՝ առանց կառավարության երաշխավորության։ Կնշանակի, «Հայէկոնոմբանկը» վստահություն է ձեռք բերել Զարգացման եվրոպական բանկի կողմից այն դեպքում, երբ այս բանկը «սովորություն ունի» իրականացնել ինքնուրույն վերահսկողություն ու միայն իր մասնագետների միջոցով։ Կարժանանա՞ն նույն «բախտին» այլ բանկեր եւս՝ դեռ պարզ չէ, բայց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «մենք շահագրգռված ենք, որ Եվրոբանկն ակտիվորեն մասնակցի մեր երկրի բանկային համակարգի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»։ Նշենք, որ Առեւտրի խթանման ծրագրին մասնակցում են ավելի քան 265 միջազգային ճանաչում ունեցող բանկեր։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել