Տիկին Օլբրայթի շնորհավորանքը Օրերս տեղեկացանք, որ Հայաստանի երեք կուսակցությունների ղեկավարների Ամանորը հատուկ նամակներով ու մաղթանքներով շնորհավորել է ԱՄՆ NATIONAL DEMOCRATIC INSTITUTE-ի նախագահությունը՝ Մադլեն Օլբրայթի եւ Քեննեթ Ուոլլոքի կողմից: Շնորհավորանքի կամ համագործակցության շնորհակալագիր նամակը ստացել են Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Խաչատրյանը: Նամակում մեջբերված է 2002թ. NDI-ի W. Averel Harriman Democracy Award-ի Կուբայից մրցանակակիր Օսվալդո Փեյի՝ ժողովրդավարության մասին տողերից մեկը. «Ժողովրդավարությունը բոլորի համար է: Այն կարող է ծնվել ցանկացած մթնոլորտում, ցանկացած մշակույթում, ցանկացած ազգի մեջ, որեւէ գաղափարախոսության հիման վրա՝ այնքան ժամանակ, որքան հարգանք կա մարդկային արժանապատվության նկատմամբ»: Ապա նշված է. «Ավելի հարմար ժամանակ չկա, որպեսզի մենք հաղորդենք մեր երախտագիտությունը ձեր աջակցության համար: Շնորհակալություն»: Նշենք, որ այս բացիկը որոշ կուսակցությունների նախագահների մեծ ոգեւորություն է պարգեւել. ներկայացվում է, թե Մադլեն Օլբրայթն անձամբ շնորհավորել է ընտրյալների Ամանորը: Իսկ ինչո՞ւ ոչ բոլորին, այլ միայն այս երեքին: Նամակի կապակցությամբ հարցում արեցինք ՀԺԿ լրատվական ծառայության պետ Ռուզան Խաչատրյանին, ճշտելու՝ արդյոք Ստեփան Դեմիրճյա՞նն էլ է այն ստացել եւ ի՞նչ աջակցության համար է շնորհակալական խոսքը: Ռ. Խաչատրյանը պատասխանեց, որ Ս.Դեմիրճյանը տեղյակ չէր այդ նամակից, սակայն վերջինիս տեղակալին զանգահարել են NDI գրասենյակից եւ տեղյակ պահել նամակի մասին, որի բովանդակությանը դեռ ծանոթ չեն: NDI երեւանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գեղամ Սարգսյանը ասաց, որ վերոհիշյալը ամանորյա շնորհավորական բացիկ է, որը նաեւ ուղարկվել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանին եւ մի շարք այլ գործիչների, ովքեր համագործակցել են NDI-ի հետ: Իսկ NDI-ը, ինչպես նշեց Գ. Սարգսյանը, ծրագրեր է իրականացնում կուսակցությունների ուժեղացման, միջազգային փորձի մատուցման, ֆրակցիաների եւ համակիրների աշխատանքների, խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածուների քարոզարշավի ուսուցողական աշխատանքների ուղղությամբ: Գ. Սարգսյանն ասաց, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկի հետ քարոզարշավի կազմակերպման աշխատանքներ չեն կատարվել: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ